Ժողովուրդն ուժեղ է պետությունով, պետությունը՝ պետական ինստիտուտներով

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

-Պարո’ն Սեյրանյան, շուտով կլրանա նոր վարչապետի, նոր իշխանության գործունեության 100 օրը։ Ի՞նչ իրողություն ունենք այսօր:

– Իրողությունն այսպիսին է` երկրում կա նոր իշխանություն, որը դիմակայում է բազմաթիվ դժվարությունների` ներքին ու արտաքին, առարկայական ու ենթակայական, հին ու նոր: Առկա են լուծման կարիք ունեցող, պետության ու հասարակության կենսագործունեության անխտիր բոլոր ոլորտներին, յուրաքանչյուր քաղաքացու առնչվող բազում հիմնախնդիրներ, որոնց ամեն օր ավելանում են նորերը: Դա բնական է. արդի աշխարհը հարափոփոխ է, գործընթացները` աննախադեպ արագ ու հակասական, իսկ կուտակված խնդիրները` շատ: Ցանկացած երևույթ իր մեջ թե’ նոր վտանգներ ունի, թե’ նոր հնարավորությունների առիթ։ Հասկանալի է նաև, որ այդ հիմնախնդիրների լուծման հեշտ բանաձևեր չկան:

Կառավարության ու հատկապես վարչապետի վրա հսկայական ճնշում կա` թե’ ներքին, թե’ արտաքին, թե’ յուրայինների, թե’ հակառակորդների կողմից: Ինքնին պակաս ճնշող չէ նաև դրական սպասումների այն մթնոլորտը, որն առաջացավ համաժողովրդական շարժման արդյունքում։ Այս իրողությունն էլ է բնական, թեև ունի նաև բազմաթիվ վտանգներ: Դրական սպասումները պետք է բավարարվեն, ընդ որում` իրական, խորքային, համակարգային ու համակարգաստեղծ քայլերով: Այստեղ չի կարելի ո’չ անտեղի շտապել, ո’չ էլ անիմաստ դանդաղել: Շատ կարևոր է ոչ միայն խնդիրների լուծման կամքը, այլև լուծումների արդյունավետությունն ապահովող մեթոդաբանությունը, հստակ ժամանակացույցը, բանիմացությունը, կայացրած որոշումների իրականացման ու արդյունավետության մոնիտորինգը, բազմաթիվ այլ կառավարչական գործիքներ: Հասկանալի է, որ առկա իրավիճակում կառավարությունն ունի որոշակի կաշկանդումներ` կապված հաճախ ոչ պոպուլյար, բայց անխուսափելի քայլեր կատարելու պարտադրանքի կամ այդ պարտադրանքից, որոշ դեպքերում տակտիկական նկատառումներով, խուսանավելու հետ: Սա էլ է բնական ու հասկանալի, և այս առումով մեծ վտանգներ չկան: Ավելի ճիշտ` այս առումով առայժմ չկան սխալներ ու թերացումներ, որոնք ենթակա չեն սրբագրվելու կամ ուղղվելու:

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը կարևոր քաղաքական կապիտալ է։ Սակայն ցանկացած վարկանիշ միշտ ենթակա է վայրիվերումների։ Կարծում եմ, որ այդ վարկանիշն այսօր այնքան էլ կախված չէ ո’չ վարչապետի քաղաքական կուսակցության, ո’չ նրա նշանակած կադրերի, ո’չ էլ նույնիսկ նրան սատարող ուժերի` առանձին վերցրած վարկանիշից։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ դեռևս վարչապետի վարկանիշն է պայմանավորում կառավարության ու ընդհանրապես իշխանության վարկանիշը։ Բայց դա` առայժմ։ Վաղը դա կարող է փոխվել։ Զուգահեռ գործընթացը՝ կառավարության արդյունավետ գործունեության ազդակը վարչապետի ու ամբողջ իշխանության վարկանիշի բարձրացման վրա դեռ նշմարելի չէ, հաճախ հակառակն է։ Դա էլ է, թերևս, ինչ-որ իմաստով օրինաչափ, քանզի քաղաքական կամ գործադիր աշխատանքի լուրջ ցենզ ունեցողները նորանշանակ պաշտոնյաների մեջ այնքան էլ շատ չեն։ Հանրության զգալի հատվածի մոտ կա ոգևորություն, որոշ հատվածի մոտ՝ զգուշավոր լավատեսություն, քիչ չեն նաև այն շերտերը, որոնք կառավարության քայլերից այնքան էլ լավ չեն պատկերացնում սոցիալական ու տնտեսական հարցերի արդյունավետ լուծման ուղիները։ Այսօր խիստ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, թե կառավարության որոշումներն ինչպիսի փոփոխություններ ու շոշափելի դրական արդյունքների են հանգեցնելու իրենց կյանքում ու կենցաղում, ընտանիքի բյուջեում, գների վրա, ծառայություններից օգտվելու հասանելիության ու մատչելիության վրա։ Անշուշտ, ոչ միայն հացիվ, բայց` նաև հացիվ։

Ամենավտանգավորը կլիներ ժողովրդի ոգևորության անկումը, հույսերի ու սպասումների մեջ հուսախաբ լինելը։ Դրանից պետք է խուսափել, և մենք մեր ամբողջական հնարավորություններով պետք է աշխատենք, որ կառավարությունը հաջողի։ Դա կլինի բոլորիս հաջողությունը, կառավարության ձախողումն էլ կլինի բոլորիս ձախողումը՝ անկախ ունեցած պորտֆելների քանակից կամ դերակատարման չափից։

– Ասացիք վարչապետի վրա կա նաև արտաքին ճնշում։ Երևի նկատի ունեք Արևմոտքի սպասվածից ավելի կրավորական կեցվածքը՝ կառավարությանը նյութապես օգնելու չափերի առումով, Ռուսաստանի քաղաքական ու պետական որոշ գործիչների արտահայտությունները Արցախի հիմնախնդրի կարգավորման առումով, և Լավրովի վերջին հայտարարությունը։

– Նկատի ունեմ բոլոր ազդակները՝ թե դրական, թե բացասական, թե չեզոք, թե վտանգավոր։ Որևէ պետության բնականոն կենսագործունեության դիտանկյունից ամենավտանգավորն այն վիճակն է, երբ ներքին ճնշումներին, որոնց մասին արդեն խոսեցինք՝ թե դրական, թե բացասական առումներով, ավելանում է արտաքին ճնշումը: Ես հեռու եմ այն մտայնությունից, որ Հայաստանը տիեզերքի կենտրոնն է ու բոլորի միակ հետաքրքրության առանցքը: Սակայն մեր տարածաշրջանը միշտ եղել է համաշխարհային քաղաքականության շահերի խաչմերուկ` հաճախ մրցակցության, հաճախ էլ առճակատման։ Այդպես է նաև այսօր, այդպես է լինելու տեսանելի ապագայում: Եվ դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանի բոլոր պետություններին ու ժողովուրդներին: Այս իրողությունից հնարավոր չէ խուսափել, այս իրողությանը համարժեք քայլեր են պետք: Եվ ոչ միայն համարժեք քայլեր արտաքին քաղաքական իմաստով, այլև ներքին իմաստով:

Անհրաժեշտ է համընդհանուր կոնսոլիդացիա, բոլոր ուժերի ու ռեսուրսների կենտրոնացում վտանգավոր արտաքին միտումները չեզոքացնելու համար: Ցանկացած արտաքին մարտահրավերի ամենաարդյունավետ պատասխանի գրավականն է համաձայնության, համերաշխության, միասնականության ներքին մթնոլորտը, որի միջոցով է պետության որևէ ղեկավարի որևէ քայլ, հայտարարություն, որոշում դառնում տասնապատիկ ավելի ազդու: Մեզ անհրաժեշտ է համընդհանուր կոնսենսուս Հայաստանի ու Արցախի անվտանգության պահպանման, մեր բնականոն զարգացմանը խոչնդոտող արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Տասնամյակների զրկանքների, դժվարությունների, տառապանքի, հազարավոր զոհերի ու հարյուր հազարավորների զոհողությունների գնով ձեռք բերվածը չենք կարող վտանգել։ Իակ վտանգը միայն դրսից չէ, որ կարող է գալ. ներքին ցանկացած տարանջատում կարող է դուռ բացել արտաքին վտանգների ահագնացման համար։

Վերջերս վարչապետի հարցազրույցներից մեկում նշված էր կարևոր հիմք մեր արտաքին քաղաքականության շեշտադրումների առումով. մեր արտաքին քաղաքականությունը ոչ Արևմտամետ է, ոչ Ռուսամետ, այն Հայաստանամետ է։ Անշուշտ, Հայաստանի համար հավասարապես կարևոր են բազմակողմանի հարաբերությունների խորացումը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: Դրանք հակադրելի չեն, քանզի այդ հարաբերությունները մեկը մյուսով փոխարինելի չեն իրենց ամբողջության մեջ: Այս իմաստով շատ բարդ իրավիճակ կա հիմա ու շատ զգույշ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն։

Տարածաշրջանը հերթական անգամ մեծ ձևափոխումների փուլում է։ Նախորդ նման փուլերում մենք միշտ չէ, որ կարողացել ենք չեզոքացնել բացասական ու վտանգավոր միտումները։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առիթ չտանք, որ մեր երկրի պարագայում գերտերությունների մրցակցությունը վերածվի «սառը» կամ «տաք», թաքնված կամ բացահայտ առճակատման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պարագայում խուսափենք մեր հակառակորդների և որևէ գերտերության շահերի թեկուզ ժամանակավոր, թեկուզ հատվածական համընկնում տեղի ունենա։ Դա կբերի ոչ միայն սահմանային լարվածության նոր ալիքի, այլև, Աստված չանի, նոր պատերազմի։ Սահմանափակ ռեսուրսներ, շրջափակման իրողությունից բխող լրջագույն դժվարություններ ունեցող մեր երկրի համար շահերի նմանօրինակ համընկնման թեկուզ մի քանի օրը կարող է մարդկային, տարածքային անդառնալի կորուստների հանգեցնել, երկրի հետագա զարգացման գործընթացը հետ գցել տասնամյակներով։ Այս իրողությունները մեզ չպետք է վախեցնեն, այլ պետք է ստիպեն միշտ պատրաստ լինել ամենավատ սցենարներին ու զերծ մնալ որևէ կերպ նմանօրինակ գործընթացների սրմանը ակամա նպաստելուց։ Աստված չանի, նոր պատերազմ լինի։ Վստահ եմ, էլի կհաղթենք, բայց գինը շատ թանկ կվճարենք։

-Դաշնակցությանն էլ ոմանք մեղադրում են Արցախի հարցում անզիջում կեցվածքի համար, նույնիսկ պատերազմատենչ են համարում։

-Մենք պատերազմ չենք ուզում, շատ շատերից ավելի լավ գիտենք ինչ բան է պատերազմը։ Հայաստանի ու Արցախի ազատության համար, մեր տարածքներն ազատագրելու համար զոհված իմ ընկերների թիվը տասնյակ անգամներ ավելի է, քան այսօր դրանք հանձնելու մասին խոսող կազմակերպության անդամների կամ անհատների թիվը։ Մենք պատերազմ չենք ուզում, որովհետև եթե այն սկսվի, էլի առաջինների մեջ իմ ահել ու ջահել ընկերներն են շտապելու դիրքեր։ Ու ոչ թե երկու ժամով կամ սելֆի անելու, այլ առաջնագծում շաբաթներով հերթափոխի կանգնելու համար։ Իմ խորին համոզմամբ, պատերազմից խուսափելու լավագույն ձևը խաղաղություն պարտադրելն է՝ այդ հասկացության ամենալայն ընդգրկմամբ։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ներքին միասնականություն։

– Վերադառնանք ներքին կյանք։ Անցած շաբաթ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը հայտարարություն տարածեց` կապված երկրի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Եղան ամենատարբեր մեկնաբանություններ, գնահատականներ, նույնիսկ մեղադրանքներ։ Ձեզ չի՞ մտահոգում, որ հանրության մեջ, հաշվի առնելով առկա մթնոլորտը, կուսակցությունը դիվիդենտներ է կորցնում ընտրություններից առաջ։

– Նախ, մեզ համար վարկանիշային միավորներ հավաքելը կամ կորցնելը չեն կարող որոշիչ լինել մեր տեսակետները հայտնելու և դրանք պաշտպանելու համար։ Եթե հանուն քվեների ես պետք է հակասեմ իմ սկզբունքներին, պետք է չասեմ ինչ մտածում եմ, ապա ես ոչ թե սկզբունքային մարդ եմ, այլ պատեհապաշտ, եթե չասեմ՝ վախկոտ։ Նորանկախ Հայաստանի հասարակական ու քաղաքական բազում հիմնախնդիրների լուծման մասին մենք երբևէ չենք վարանել մեր մոտեցումներն ասել, անկախ նրանից՝ մենք իշխանության մաս ենք կազմել, թե ընդդիմության։ Եվ բնավ էլ չենք մտահոգվել, մեր կեցվածքի արդյունքում իշխանությունից դուրս կգանք, թե ոչ։ Այո, հաճախ մեր մոտեցումներն ու տեսակետները շատերը չեն հասկացել, շատերը շատ լավ էլ հասկացել են, բայց չեն ուզեցել ընդունել, շատերը մեզ քննադատել են, անգամ մեղադրել, անգամ կուսակցությունն ու լրատվամիջոցներն արգելել, ղեկավարներին էլ շինծու մեղադրանքով բանտ նետել։ Բայց դրանք անցողիկ երևույթներ են, ժամանակն ապացուցել է, որ մենք ճիշտ էինք, իսկ մեզ քննադատողները՝ սխալ։ Այնպես որ մի քանի պատգամավորական մանդատ ավել կամ պակաս ունենալու համար մենք երբեք չենք վարանի հայտնել մեր տեսակետը, որքան էլ որ այն տվյալ պահին չհասկացվի կամ հարվածների թիրախ դառնա։ Տեսնում ենք, թե պատեհապաշտ կուսակցություններն ու գործիչներն ուր են, մենք՝ ուր։ Եվ մենք այն կուսակցությունը չենք, որ վարանենք բարդ հարցեր բարձրացնել կամ լռել ու սպասել, հետո չարախնդալու կամ սխալ գործածների հաշվին միավորներ հավաքելու համար։

Երկրորդ, մեր հայտարարությունն ի պաշտպանություն Ռ.Քոչարյանի հայտարարություն չէր։ Մենք չենք ասել, որ նա անմեղ է կամ մեղավոր, չենք էլ ասել, որ նրա կամ որևէ այլ նախկին կամ ներկա պաշտոնյայի հանդեպ դատական տաբու կա։ Ամնևին։ Մենք ասել ենք, որ նմանօրինակ ձևակերպումը, որով նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել, խիստ վտանգավոր ձևակերպում է ոչ թե Քոչարյանի, այլ երկրի նախագահի ինստիտուտի հանդեպ։ Որովհետև նմանօրինակ ձևակերպումով նախադեպ է ստեղծվում ոչ միայն ետ գնալու, ասենք, մինչև առաջին նախագահը, այլև ապագայի որևէ ղեկավարի համար։ Նախադեպ ենք սարքում ցանկացած հաջորդ պետության ղեկավարի կողմից իր նախորդի հանդեպ նույնաբովանդակ մեղադրանք ներկայացնելու համար։

Ի դեպ, առաջին նախագահի պահով։ 1995-ի Սահմանադրական հանրաքվեի,1996- ի խորհրդարանական ընտրությունների հսկայածավալ ապացուցողական հիմքով փաստված աղաղակող կեղծումը բոլոր հիմքերը տալիս էին ու տալիս են նրա հանդեպ հենց այդ նույն ձևակերպումով դատ հարուցելու համար։ Բոլորը շատ լավ հիշում են տանկերը քաղաքի կենտրոնում, ցուցարարների ծեծուջարդը։ Այդ ժամանակ բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել զոհերից բացառապես, կրկնում եմ՝ բացառապես թեկնածու Վազգեն Մանուկյանի ու նրան սատարող ուժերի, այդ թվում Դաշնակցության, կեցվածքի շնորհիվ, որոնք հրաժարվեցին թեկուզ մեկ մարդու արյան գնով հանուն նախագահական աթոռի վտանգավոր առճակատումից։

Ավելին ասեմ, 1998-ի իշխանափոխությունից հետո շատերի մոտ կար գայթակղությունը՝ վերոնշյալ հիմքով դատի տալու առաջին նախագահին։ Բայց դրան առաջինը դեմ եղան Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և մյուսները, որոնք տարիներ շարունակ բանտում անցկացրեցին շինծու մեղադրանքով։ Նույն կերպ էլ վարվել էր 1992-ին Հրայր Մարուխյանը, հորդորելով ու համոզելով իր անօրինական արտաքսման դեմ բողոքի գործողությունների պատրաստ իր կուսակիցներին։

Այնժամ էլ, հիմա էլ մեզ համար պետության ղեկավարի ինստիտուտը, կրկնում եմ՝ ինստիտուտը, ոչ թե անձը, ավելի կարևոր են։ Այնժամ էլ, հիմա էլ համոզված ենք, որ նմանօրինակ ձևակերպումը հարված է պետության ղեկավարի ինստիտուտին, անկախ նրանից` ղեկավարն ով էր երեկ, ով է այսօր, ով կլինի վաղը։

Ժողովուրդն ուժեղ է պետությունով։ Պետությունն ուժեղ է պետական ինստիտուտներով ու այդ ինստիտուտի հանդեպ հանրային վերաբերմունքով։ Կրկնում եմ՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ով է այդ ինստիտուտը ներկայացնում։ Եվ եթե այսօր որևէ մեկը Դաշնակցությանն այս մոտեցման համար պետք է քննադատի կամ մեղադրի, ապա դա իր հասկացողության ու խղճի հարցն է։ Մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք և ասում ենք բաց՝ առանց վախենալու քննադատությունից կամ էլ թաքուն ու երկչոտ։ Նույն կերպ վերաբերվել ենք նախկինում, նույն կերպ վերաբերվում ենք հիմա, նույն կերպ կվերաբերվենք նաև ապագայում, եթե նմանօրինակ երևույթ կրկնվի:

Երրորդ, մեր այս կեցվածքը ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է, ինչպես կարող են իրենց շահախնդրությունից ելնելով մեկնաբանել հին ու նոր պատեհապաշտներն ու վարձկան «վերլուծաբանները», այլ ճիշտ հակառակը՝ դա Նիկոլ Փաշինյանի օգտին է։ Ոչ թե առանձին քաղաքական ուժի ղեկավարի, ոչ թե հասարակության որևէ շերտի սիրելիի, այլ ամբողջ երկրի, բոլորի քաղաքացիների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին է։ Պետության մեջ չպետք է լինեն երևույթներ, որոնք թեկուզ նվազագույն հնարավորություն ու դուռ բացեն շահարկումների, այլազան որակումների համար։ Եթե այս գործի հետ կապված քաղաքական պիտակ կամ որակում առաջանա, ապա այն միանգամից արտապատկերվելու է թե նախորդ, թե հնարավոր հաջորդ բոլոր գործերի վրա` անկախ նրանից, թե ինչ ձևակերպումներով են դրանք հարուցվել, ում դեմ և ինչի համար: Սա առաջ է բերելու լուրջ կասկած երկրում արդարադատության հանդեպ։ Սա չի կարելի թույլ տալ։ Սա մեր համոզումն է և հենց սա է մեր հայտարարության իմաստն ու նպատակը։

– Իսկ ի՞նչ եք կարծում վարչապետի հաջորդ հարյուր օրերի կամ ընդհանրապես առաջիկա անելիքների մասին, որո՞նք են առաջնահերթությունները։

– Անշուշտ, կարելի է մատնանշել սոցիալական, տնտեսական, ներքին ու արտաքին բազում հիմնախնդիրներ և դրանք բոլորն էլ առաջնահերթ կլինեն ու խիստ կարևոր։ Բայց կարծում եմ այսօր ամենակարևորը հասարակական համերաշխության, միասնականության հաստատումն է։ Սիրո ու համերաշխության մասին կարելի է շատ խոսել, բայց կարևորը գործերն են ու դրանց արդյունքում ձևավորվող միջավայրը։ Այս առումով այսօր լուրջ մտահոգություններ կան: Մտահոգիչ է ազատագրված տարածքները գրավյալ ու «հետևաբար» հանձնելի որակելու առայժմ եզակի, բայց համոզված եմ` կրկին միտումնավոր կերպով վերակենդանացած թեզը: Մտահոգիչ է «Արցախի հարցը թող արցախցիներին վերաբերվի» կամ դարձյալ «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերը վերակենդանացնելու ճիգերը։ Մտահոգիչ է բանակի սպայի ու ազատամարտիկի կերպարի աղավաղումը եզակի բացասական օրինակների «հիման վրա» կամ համատարած կասկածը բոլորի հանդեպ: Մտահոգիչ է «Ազգ-բանակ» եզրույթի բովանդակության աղավաղումն ու թերագնահատումը` դրանով իսկ այդ կարևոր կոնցեպտի մոռացումը: Մտահոգիչ է ազգային ավանդական հոգևոր, հասարակական, մշակութային կառույցների, ինստիտուտների ու արժեքների հանդեպ քամահրական, ծաղրական, սադրիչ ու պառակտիչ գործողությունների իրողությունը: Մտահոգիչ է, երբ դարձյալ հասարակության մեջ սկսում են ջրբաժաններ ստեղծել ու բարիկադներ կառուցել «Ով մեր պես չի մտածում՝ նա տականք է» կամ «Ով մեր հետ չէ՝ նա ազգի թշնամին է» խորշելի ու խիստ վտանգավոր բանաձևերով։ Մտահոգիչ է պետական ինստիտուտների գործունեության հանդեպ ցանկացած քննադատական խոսք կամ նույնիսկ այլընտրանքային առաջարկ որպես խափանարարություն կամ թշնամանք որակելն ու քննադատողի հանդեպ թշնամանքով լի կեցվածք որդեգրելու միտումները։ Մտահոգիչ է, երբ որոշ շրջանակների կողմից վարկաբեկվում է ու պախարակվում իրենցից տարբերվող ցանկացած անձնական կարծիք, երբ սեփական տեսակետ հայտնողը «սիրո ու համերաշխության» որոշ անզուսպ ջատագովների կամ երկրորդական մակարդակի չինովնիկների կողմից դառնում է սոցիալական ցանցերում անձնական բնույթի որակումների, ատելության ու հայհոյանքների թիրախ: Իմ խորին համոզմամբ սա ամենամեծ վտանգներից է վարչապետի, այսօրվա իշխանության համար։

Հասկանում եմ, քաղաքական լուրջ տրանսֆորմացիաներից հետո որոշակի ժամանակահատվածում հասարակությունն ատոմիզացվում է. դեռ խորն են լինում քաղաքական առճակատման մթնոլորտի հետևանքները։ Այս իմաստով հույս ունեմ, որ թվարկածս մտահոգությունները վերաբերում են անցնող հարյուր օրերին։ Հասկանում եմ նաև, որ նոր իշխանություն է, շատ բարդ խնդիրների լուծմանը լծվել են նոր մարդիկ, ժամանակ է պետք նաև նրանց համար։ Հոյակապ հասկանում եմ, որ նման իրավիճակներում ակտիվանում են նաև որոշակի խմբակային կամ անհատական շահախնդրություններով ու մղումներով առաջնորդվողներ, որոնք, բնականաբար, առաջին հերթին պայքար են սկսում թիվ մեկ պաշտոնյայի շրջապատում տեղ գրավելու, որոշումների կայացման գործնթացներին մասնակցելու, դրանք, ինչու չէ, նաև սեփական քաղաքական ապագայի համար ծառայեցնելու առումով։ Դրանից դեռ ոչ մի ղեկավարի չի հաջողվել խուսափել։ Դրանով եմ հակված բացատրել նաև որոշ վայրիվերումներ ու առանձին մոտեցումներ։ Սակայն այսօր բոլորը, առաջին հերթին քաղաքական որոշումների ընդունման մեջ դերակատար մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ այլևս գործ ունենք ոչ միայն առանձին մի կուսակցության, կամ որոշակի քաղաքական կողմնորոշման թիմի ղեկավարի, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, որն արդեն բոլորի վարչապետն է. ոչ միայն իր համախոհների, այլև իր քաղաքական մրցակիցների կամ, նույնիսկ, հակառակորդների, բոլորի՝ առանց որևէ տարաբաժանման։ Եվ վարչապետի առաջնահերթ խնդիրն, իմ կարծիքով, այդ դերակատարման լիարժեք կրողը լինելն է, եթե կուզեք՝ այդ առաքելության իրականացնողը լինելն է։

Այսօր երկիրն ու ժողովուրդը լրջագույն մարտահրավերների են դիմակայում՝ ներքին ու արտաքին։ Մենք մեր ներքին խնդիրներն ինքներս պետք է լուծենք, պետք է բացառենք որևէ արտաքին միջամտություն: Հիմա ոչ թե եղած տարանջատումները խորացնելու, նոր տարանջատումներ փնտրելու և «գտնելու», հասարակությունը հաղթածների ու պարտվածների բաժանելու, այլ համախմբվելու, միասնականության եզրեր գտնելու, եղած տարանջատումները վերացնելու հրամայականի առաջ ենք: Եվ ոչ միայն իշխանությունն ու վարչապետը։ Բոլորս։ Որովհետև դժվարություններն ու վտանգները, առավել ևս մեր հակառակորդը, չեն տարբերակելու մեր մեջ իշխանամետին ու ընդդդիմադիրին, որևէ կուսակցության ներկայացուցչին կամ անկուսակցականին, հավատացյալին, աթեիստին, ահելին ու ջահելին։ Կամ ԲՈԼՈՐՍ կհաղթենք, կամ ԲՈԼՈՐՍ կպարտվենք:

Որոշումներ կայացնողի, պատերազմի ժամանակ հրամաններ տվողի իրավական լեգիտիմությունը շատ կարևոր է։ Բայց ոչ պակաս, եթե ոչ ավելի, կարևոր է այդ անձի քայլերի ու որոշումների հանդեպ համընդհանուր, համաժողովրդական լեգիտիմության մթնոլորտը։ Երբ որոշումն ու հրամանը կատարվում են ոչ միայն այն պատճառով, որ դրանք ընտրված, ընտրություններում հաղթած մարդու որոշումներ ու հրամաններ են, այլ որովհետև դրանք բոլոր, կրկնում եմ՝ անխտիր բոլոր քաղաքացիների շահերը ներկայացնող ու պաշտպանող մարդու որոշումներ ու հրամաններ են։ Փաշինյանն այսօր երեկվա հակամարտող բոլոր կողմերի վարչապետն է և նրա համար այլևս մեր հասարակության մեջ «կողմեր» չկան։ Եվ թող ոչ ոք չփորձի արհեստական անջրպետ ստեղծել իշխանության ու հասարակության որևէ, թեկուզ ամենափոքր հատվածի միջև: Սա կլինի հարված առաջին հերթին վարչապետի, պետական ինստիտուտի դեմ:

Համոզված եմ. նշածս առաջնահերթությունների լուծման ժամկետներից ու արդյունավետությունից շատ բան է կախված։ Դրանով է չափվելու մեր պետության ու հասարակության հասունության աստիճանը, դրանով է մեծանալու բոլորիս առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու մեր ներուժը, դա է մեր հաջողությունների հիմքը։ Ուստի առաջին հերթին հենց այդ հարցերում եմ ուզում հաջողի վարչապետը, որ հաջողենք բոլորս։

Զրուցեց՝ Ագնեսա Խամոյանը

Տպել Տպել