Հայաստանի Հանրապետության Առաջին Խորհրդարան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

1 9 1 8 -1919 ԹԹ.

1-ԻՆ ՆԻՍՏ

1 օգոստոսի, հինգշաբթի, ժամը 11.30, 1918թ.

1918թ. օգոստոսի մեկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երևանում, բացվեց Հայաստանի Հանրապետության անդրանիկ գերագույն օրենսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:
Քաղաքն ուներ սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտոնական շենքերից, ոչ մի դրոշակ: Խանութները բաց էին: Կառավարությունը ոչ մի միջոց ձեռք չէր առել և թողել էր, որ ազգաբնակությունն ինքը որոշի իր վերաբերմունքը, և ամեն ոք, ըստ սովորության, իր գործի հետևից էր: Միայն խորհրդի առաջ և շուրջը տիրում էր արտակարգ եռուզեռ: Ժողովուրդը խռնվել էր այգում և մայթերի վրա: Զորքը` հետևակ, այրուձի, թնդանոթաձիգ ու գնդացիր, երաժշտությամբ ու դրոշակներով հավաքվում և բռնում է քաղաքային այգին շրջապատող փողոցները: Խորհրդի համար հատկացված էր քաղաքի կենտրոնական այգու դիմաց գտնվող` թեմական դպրոցին պատկանող շենքը, ուր տեղավորված էր քաղաքային ակումբը: Ակումբի թատերասրահը վերածված էր խորհրդի ընդհանուր ժողովասրահի, իսկ կողքի սենյակները` նախագահության, ֆրակցիաների, դիվանատան և այլն:

Բեմի վրա շինված էր նախագահության օթյակը` աջ կողմը ունենալով մի սեղան թարգմանների համար, ձախ կողմը` ճառախոսների համար ամբիոն:

Դահլիճի առաջին մասում` բեմին կից, շինված էին երկուական օթյակներ: Ձախ թևի առաջին օթյակը հատկացված էր կառավարության, երկրորդը` զորահրամանատարության: Աջ կողմի առաջին օթյակը կաթողիկոսի համար էր, իսկ երկրորդը` օտար պետության ներկայացուցիչների:

Դահլիճի միջին մասը վերապահված էր խորհրդի անդամներին: Հետևի մասը և վերնահարկը` հասարակության:

Խորհրդի մուտքի երկու կողմը կախված էին երկու դրոշներ ազգային գույներով` կարմիր, կապույտ և նարնջագույն:

Նշանակված ժամանակին արդեն բոլոր տեղերը գրավված էին: Դահլիճի մեջտեղը շարված էին խորհրդի անդամները` հետևյալ կարգով` հաշվելով աջից ձախ: Աջ կողմը Հայ ժողովրդական կուսակցության ֆրակցիա – Ստ. Մալխասյան, Արշալույս Մխիթարյան, Գր. Տեր-Խաչատրյան, Հովհ. Մելիքյան, Գարեգ. Ենգիբարյան, Սիր. Տեր-Մարտիրոսյան:
Անկուսակցական – Ստ. Մամիկոնյան, Պետ[րոս] Զաքարյան:

Մահմեդական պատգամավորներ Սեիդ-Ռեզա Միր-Բաբաև, Միրզա Ջաբար Մամեդով, Աքբեր աղա Իսմայիլով, Միր Բաշիր Միր-Բաբաև, Մամեդ-բեգ Մահմեդբեգով, Ասադ բեկ Աղաբաբեկով:
Ռուս պատգամավոր – Իվան Իվանովիչ Զորին:

Եզդի պատգամավոր – Յուսուֆ բեկ Թեյմուրով:

Կենտրոն. Հ. Հ. Դաշնակցության Ֆրակցիա – Ավ. Սահակյան, Սիր. Տիգրանյան, Սմբ. Խաչատրյան, Սահ. Թորոսյան, բժ. Արտ. Բաբալյան, Եփր. Սարգսյան, Ռ. Տեր-Մինասյան, բժ. Հովհ. Տեր-Միքայելյան, բժ. Արշ. Ղազարյան, Դրո [Դրաստամատ Կանայան], Հով. Բուդաղյան, Տիգ. Ռաշմաճյան, Թադ.. Տոշյան, Հակ. Տեր-Հակոբյան, Հ. Սարգսյան, Արտ. Վանցյան, Արշալույս Աստվածատրյան:
Ձախ կողմը. Սոցիալիստ-հեղափոխական – բժ. Գր. Տեր-Հակոբյան, Դավ. Զուբյան, Արշամ Խոնդկարյան, Գ.Տեր-Օհանյան, Տիգ. Մուշեղյան, Արմ. Ավետիքյան:
Սոցիալ-դեմոկրատ – Արշավիր Մելիքյան (բոլշևիկ), Հայկ Ազատյան, Թադ. Ավդալբեկյան, Մ. Ղարաբեգյան, Ա. Մելիք Աղաջանյան, Հովհ. Զաքարյան:

Կառավարական օթյակում նստած էր վարչապետ Հ. Քաջազնունին իր դահլիճի մյուս անդամների հետ միասին` ներքին գործոց նախարար Արամ Մանուկյան, զինվորական նախարար զոր. Հովհ. Հախվերդյան, ելևմտական նախարար Խաչատուր Կարճիկյան, արդարադատության նախարար Գրիգոր Պետրոսյան: Դիվանագիտական օթյակում նստած էին գերման[ական], ավստրիական և օսմանյան ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը, ռուս, թուրք և ուկրաինական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Զինվորական օթյակում կային Հայաստանի Հանրապետության առաջին սպարապետ, զոր. Թովմաս Նազարբեգյանը, զոր. Սիլիկյանը, Դրոն և ուրիշ զինվորականներ: Պարապ էր միայն կաթողիկոսի օթյակը:
Մամուլի ներկայացուցիչներին հատկացված էր առանձին տեղ:

Հասարակության համար վերապահված տեղերը` դահլիճի հետևի մասը և վերնահարկը, գրավված էին հյուրերով և ունկնդիր հասարակությամբ: Պարապ տեղ չկար:
Ամբողջ սրահը կրում էր խորհրդավոր բնույթ. պատգամավորները և հասարակությունը ամենքը լուռ էին ու մտահոգ:

Ժամը 11 և կեսին ամբիոն բարձրացավ Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը և հանուն Ազգային խորհրդի բաց արավ Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը` հետևյալ ճառով.
«Քաղաքացինե’ր, պատգամավորնե’ր Հայաստանի Խորհրդի:

Գերագույն Հայոց Ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա է միակ լիազոր մարմինը` անփոփոխ իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:

Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր, լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում` ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման:
Այս օրը կմնա միշտ հիշատակելի և այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազներն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում:

Ենթադրելով, որ մեր երկրի անկախության հարցին շատերը ձեզանից լավատեղյակ չեն, ես հույժ կարևոր եմ գտնում այս բարձր ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցով անցել է սկզբից մինչև վերջին ձևակերպումը` անկախ պետությունների գաղափարը Անդրկովկասում:

Մեր Հանրապետությունը, ինչպես և մյուսները, հանդես եկավ իբրև անկախ պետություն այն օրից, երբ Անդրկովկասյան Սեյմը մայիսի 26-ին իրեն հայտարարեց կազմալուծված. վրաց սոցիալ-դեմոկրատ ֆրակցիայի նախաձեռնությամբ և առաջարկությամբ, նույն օրն իսկ, Վրաստանը հայտարարեց իրեն անկախ:

Անդրկովկասի ամբողջության փլվելուց հետո մեր երկիրը թողնված էր իր բախտին, ուստի Հայոց Ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր ֆունկցիաները:

Հենց այդ ժամանակն էր, որ ստացվեց օսմանյան կառավարության բոլորին հայտնի վերջնագիրը նոր հողային գրավումների մասին և պահանվջում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Գերագույն խորհրդի կողմից անմիջապես առանձին պատվիրակություն ուղարկվեց Բաթում` հանձինս Հ. Քաջազնունու, Մ. Պապաջանյանի և Ա. Խատիսյանի, տալով նրանց արտակարգ լիազորություններ` բանակցություններ վարելու տաճիկ պատվիրակության հետ:

Մեր պատվիրակությունը հաջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մեջ, բայց և այնպես ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց Ազգային խորհրդի պատգամավորները պաշտոնապես ճանաչվեցին իբրև ներկայացու¬ցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին հունիսի 4-ի դաշինքը:

Մեր պետության անկախության մասին հայտնի է նույնպես Տաճկաստանի դաշնակից պետություններին` Գերմանիային, Ավստրիային և Բուլղարիային: Պոլսում է մեր երկրորդ պատվիրակությունը, որի մեջ մտնում են Ա. Ահարոնյանը, Ա. Խատիսյանը և Մ. Պապաջանյանը, որոնք ուղևորվել են այնտեղ Օսմանյան կառավարության հրավերով` բանակցություններ վարելու Տաճկաստանի և նրա դաշնակից պետությունների հետ:

Այսպիսով, բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, և, մյուս կողմից, քաղաքական և տնտեսական ստեղծված դրությունը, Հայոց Ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը` իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին:

Այո’, մեր հանրապետությունը փոքր է և նեղ իր սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակությունը և, կարծես թե, պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր արդար և անվիճելի իրավունքների պաշտպանությամբ գրավված հողերի վերաբերմամբ և նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի և նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնության և խաղաղության ուղին, և ուզում եմ հուսալ, որ չենք սխալվում:

Մինչ այդ, մենք կկատարենք սրբությամբ և անշեղ կերպով մեր այն պարտականությունները, որոնք բխում են խաղաղության դաշինքից: Թողնե’նք ապագա հեռանկարները, համենայն դեպս, այսօր, այստեղ, առանց տատանումների և լիակատար վճռականությամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական նավի և դնում ենք հիմքը պետական շենքի` ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրություն Հայաստանի Հանրապետության բոլոր ազգությունների, իբրև զավակներ մեկ հարազատ մայր հայրենիքի (բուռն ծափահարություններ):

Ինչ վերաբերում է կառավարությանը, նա վերջնականապես կազմվեց այստեղ Մինիստր-նախագահ Հ. Քաջազնունու կողմից Գերագույն խորհրդի հանձնա¬րա¬րու¬թյամբ, և ինչպես հայտարարված էր, նա արդեն դիմել է իր պետական գործունեության: Կազմակերպված է վերջնականապես և Հայաստանի Խորհուր¬դը, իբրև երկրի օրենսդիր բարձր մարմին. համաձայն որոշման խառն նիստի Գերագույն Ազգային խորհրդի, նա կազմվել է Գերագույն խորհրդի 12 անդամներից եռապատկված թվով` ավելացնելով դրան երկու չեզոքներ: Ֆրակցիաները ներկայացված են Հայաստանի խորհրդում` նույն պրոպորցիայով, ինչպես և Գերագույն խորհրդում: Ընդամենը հայ պատգամավորների թիվը 38 է: Բացի հայ պատգամավորներից, Գերագույն խորհուրդը պարտավոր համարեց իրեն իսկույն ևեթ մտցնել Հայաստանի Խորհրդի կազմի մեջ և ներկայացուցիչներ այն ազգությունների, որոնք փոքրամասնություն են, ինչպիսիք են` մուսուլմաններ – 6 պատգ., ռուսներ – 1 և եզդիներ -1:

Այսպիսով, Հայաստանի Խորհրդի կազմի մեջ մտնում են ընդամենը 46 պատգամավոր, որոնց ցանկն իսկույն կհայտարարեմ: Չեմ կարող չդիմել օտարազգի պատգամավորներին և հայտնել նրանց, որ փոքրամասնության իրավունքները մենք առանձնապես գնահատում ենք ու պաշտպանում և այդ իսկ պատճառով մեր սրբազան պարտքը համարեցինք հենց Հայաստանի Խորհրդի Ա. նիստից ապահովել ձեր մասնակցությունը:

Ես ի բոլոր սրտե ողջունում եմ ձեզ և անչափ ուրախ եմ, որ դուք լծվել եք մեզ հետ ընդհանուր հայրենիքի անդաստանը մշակելու և երկրի շինարար գործը առաջ տանելու:

Հանձնելով ձեզ երկրի բախտը ես ոգևորված եմ նույնպես և այն մտքով, որ դուք մեր մատաղ հանրապետության մեջ կմարմնացնեք քաղաքական ազատությունները և սոցիալական արդար պահանջները աշխատավոր մասսաների, որովհետև մենք կռվել ենք, նահատակվել ենք հանուն այդ մեծ գաղափարների ու նրանց իրականացման մեջ ենք տեսնում կյանքի գեղեցկությունը և նրա բարձր նպատակը:
Սպառված համարելով իմ պարտականությունները իբրև նախագահ Գերագույն խորհրդի և հաջողություն ցանկանալով ձեզ ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, առաջարկում եմ ընտրել նախագահ Հայաստանի Խորհրդի:

Հայտարարում եմ Հայաստանի Խորհրդի նիստը բացված»:

Ավ. Սահակյանի բացման ճառից հետո, ժամը 12-ին, ժողովրդական «Կեցցե»՚ների և «Մեր հայրենիք»ի նվագով, խորհրդի շենքի գլխին բարձրացվեց հայկական եռագույն դրոշը:

Ավ. Սահակյանի ճառը թարգմանվեց թուրքերեն և ռուսերեն լեզուներով: Ապա Ավ. Սահակյանը կարդաց Հայաստանի Խորհրդի անդամների ցանկը, որից հետո առաջարկեց ընտրել խորհրդի նախագահ: ՀՀ դաշնակցության ֆրակցիայի կողմից Սմբատ Խաչատրյանը առաջարկեց նախագահ ընտրել Ավ. Սահակյանին: Մյուս ֆրակցիաները թեկնածու չներկայացրեցին: Բաց քվեարկությամբ Հայաստանի Խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը. ձեռնպահ մնացին 6 սոցիալ-դեմոկրատ պատգամավորները:

Շնորհակալություն հայտնելով Խորհրդին` նախագահը առաջարկեց ընտրել երկու փոխնախագահներ:

Արշալույս Մխիթարյանը Հայ ժողովրդական կուսակցության կողմից դրեց իրենց ֆրակցիայի անդամ Գրիգոր Տեր-Խաչատրյանի թեկնածությունը: Սոցիալիստ-հեղափոխական ֆրակցիան առաջարկեց ընտրել Դավիթ Զուբյանին: Բաց քվեարկությամբ ընտրվեցին Գր. Տեր-Խաչատրյանը` 4 սոցիալ-դեմոկրատների ձեռնպահությամբ և Դ. Զուբյանը` միաձայնությամբ:

ՀՀ դաշնակցության ֆրակցիայի կողմից առաջարկվեց ընտրել անկուսակցական Պետրոս Զաքարյանին ավագ քարտուղար. ընտրվեց միաձայնությամբ Դիվանի կազմությունից հետո նախագահ Ավ. Սահակյանը դիմեց խորհրդին` որոշելու, թե օրակարգը պետք է սպառված համարել, թե շարունակել աշխատանքները: Սմբ. Խաչատրյանը ՀՀ դաշնակցության ֆրակցիայի կողմից առաջարկեց սահմանափակվել արդեն եղածով և մնացած խնդիրները հետաձգել հաջորդ նիստին: Սոցիալ-դեմոկրատների կողմից առաջարկվեց երկրորդ նիստը նշանակել հետևյալ օրը. դաշնակցականները պնդեցին նշանակել շաբաթ օրը: Ժողովրդականների կողմից Գ. Տեր-Խաչատրյանն առաջարկեց հաջորդ նիստում լսել կառավարության զեկուցումը: Վարչապետ Քաջազնունին հայտնեց, թե կառավարությունը չի ենթադրում վաղը հայտարարություն անել: Քվեարկության դրվելով երկու առաջարկը` ձայների մեծամասնությամբ որոշվեց հաջորդ նիստը գումարել շաբաթ օրը, օգոստոսի 3-ին, ժամը 11-ին:
Նիստը հայտարարվեց փակված:

Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստի փակումից հետո, խորհրդի շենքի առջև, տեղի ունեցավ զորահանդես, որն ընդունեց վարչապետ Քաջազնունին: Հանդեսը վարում էր երրորդ բրիգադի պետ գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը: Վարչապետը, խորհրդի նախագահի հետ միասին` շրջապատված խորհրդի անդամներով, նախարարներով, գերման, ավստրիական և օսմանյան զինվորական ներկայացուցիչներով, հայ բանակի զինվորական ներկայացուցիչներով, հայ բանակի զինվորական պետերով ու հյուրերով աջից ձախ անցավ զորաջոկատը` առանձին-առանձին ողջունելով զորամասերը, ապա տեղի ունեցավ զորքի հան¬դիսավոր տողանցք: Հանդեսից հետո զորքը երաժշտությամբ ու երգերով անցավ քաղաքի գլխավոր փողոցներից:

«Զանգ», 4 օգոստոսի 1918թ.: «Հորիզոն», 9 օգոստոսի, 1918թ.

Տպել Տպել