Հայաստանեան անց ու դարձ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Թէ Հայաստանում ժողովրդի և թԷ միջազգային հանրութեան կողմից, Հայաստանի Մայիսմէկեան իշխանափոխութեանը տւել են զանազան իմաստալից և անիմաստ որակումներ ու գնահատականներ, ինչպէս օրինակ՝ «սիրոյ և հանդուրժողականութեան» կամ «թաւշեայ յեղափոխութիւն», «նոր Հայաստան» և «նոր Հայաստան և նոր Հայրապետ», նոյնիսկ որոշ համացանցերում, Նիկոլ Փաշինեանին անւանել են «ազգային առաջնորդ»։

Վազ անցնելով մի շարք անպատասխանատու և քինախնդիր անձանց կողմից յօրինւած «նոր Հայաստան և նոր Հայրապետ» անհեթեթ կարգախօսից, պիտի անդրադառանամ «նոր Հայաստան» և «ազգային առաջնորդ» որակումներին։

Երկրների քաղաքական-տնտեսական կացութիւնները չեն նորանում կամ բարելաււում ղեկավար անձերի փոփոխութեամբ, այլ փոխւած ղեկավարների կողմից ներկայացւած և գործադրւած, երկրի ու ժողովրդի համար բարենպաստ ու շահաւէտ ծրագրերով միայն: Երկրները հիմնովին չեն նորանում, լոկ կոռուպցիայի, չարաշահումների, կեղեքումների և անօրինականութիւնների բացայայտումներով, (թէև այդ բացայայտումներն էլ խիստ կարևոր են), և տեղի ու անտեղի ձերբակալութիւններով, այլ նպատակասլաց, բազմաբնոյթ և ժամանակի հետ համահունչ քաղաքական ու տնտեսական ծրագրերով։ Դժբախտաբար դեռ յայտնի չէ թէ կառավառութիւնը ինչ ուղիով ու ռազմավարութեամբ է ցանկանում իրականացնել երկրի տնտեսութեանը, քաղաքական համակարգի, արտաքին յարաբերութիւնների և միւս բոլոր ոլորտների զարգացումը։

Աշխարհի պատմութեան մէջ չկայ նման մի դրւագ, երբ մի ղեկավար դեռ իր ղեկավարութեան հարիւր օրը չլրացրած այն էլ իր կենդանութեան օրօք, նոյնիսկ անպաշտօն եղանակով և մի քանի պնակալեզների կողմից, «ազգային առաջնորդ»ի պատւին արժանանայ,(կարծում եմ ինք Վարչապետ Փաշինեանը ևս պիտի նեղանայ նման մի անւանումից): Առհասարակ զանազան երկրների արժանաւոր ղեկավարները, բացառութեամբ մի քանի բռնակալների, յետմահու են «ազգային առաջնորդ»ի կոչման արժանանում, արդ չգիտես ինչ ասես այդ պնակալեզներին որոնք իրենց ստորաքարշ շողոքորթութեամբ, մեծամտութիւն և անբարտաւութիւն են սերմանում նոր իշխանութեան հասած ղեկավարների մտքի մէջ, որը ի վերջոյ հանգելու է բռնապետութեան։

Արդէն Վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ըստ միջազգային աւանդոյթի, պատրաստւում է իր կառավարման 100 օրեայ արդիւնքները ներկայացնի, 17 Օգոստոսին գումարւելիք հանրահաւաքին։ Ընդհանրապէս 100 օրեայ կառավարման հաշւետւութիւնը կատարւում է սեղմ շրջանակներում որին հրաւիրւում են մասնակցելու կուսակցութիւնների, ԶԼՄ-ի, զանազան հաստատութիւնների ներկայացուցիչները, օտար յայտնի լրատւամիջոցների թղթակիցները և պետական ու դիւանագիտական դէմքեր որտեղ հաշւետւութիւնը վերջանալուց յետոյ, ներկայացրած գործունէութեան շուրջ, տեղի է ունենում հարցումների, պատասխանների և քննադատութիւնների մի երկար շարան։

Արդեօք բազմամարդ հանրահաւաքներում հնարւոր է հարցեր ու քննադատութիւներ ուղղել իշխանաւորներին և պատասխան ստանալ, բնականաբար պատասխանը ոչ է։ Դէ ուրեմն կազմակերպւելիք հանրահաւաքը, աւելի շատ ցոյց է լինելու և ոչ թէ 100-օրեայ կառավարման հաշւետւութիւն։


Երևան
04/08/2018թ․

Տպել Տպել