Հեղափոխությունը պիտի լինի մեր մեջ

Մենք մեր իշխանություններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տեր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնե մեր հասարակություն մի մասը/ մեզ ընձեռված հնարավորությունների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինություն գործել, եթե վստահ ենք որ չենք պատժվի: Այսինքն մենք հաճախ չենք գործում զանցանքներ ու հանցանքներ, որոնք կվնասեին հանրային, ազգային-պետական շահը, ոչ այն պատճառով, որ ունենք քաղաքացիական խորը գիտակցում կամ պետական մտածողություն, այլ վախենում ենք պատժվելուց:

Սա հիվանդություն է, մինչ հիմա նույնիսկ լրջորեն չախտորոշված մի հիվանդություն, որն ունի խորը արմատներ և մեկ օրում էլ չի բուժվի։ Դա նախ և առաջ երկարամյա ազգային պետականության բացակայության արդյունք է։ Այն բանի արդյունքը, որ 14-րդ դարից մինչև 20-րդ դար /իսկ մեր բուն հայրենիքում սկսած 11-րդ դարից/ որևէ պետություն, որի իշխանության տակ ապրել ենք չի եղել մերը, եղել է օտարինը, եղել է մեզ ոչ հարազատ։ Ուստի մենք չենք ցավել նրա հարստության, ինչքի, տարածքների ընդարձակման կամ փոքրացման համար: Մեզ ավելի շատ հուզել է մեր սեփական տնամերձի պահպանումն ու ընդարձակումը, ձեռք բերած բերք ու բարիքի չափը, քան հանրային, պետական ունեցվածքի ճակատագիրը։ Ավելին, մենք միշտ օտար կեղեքիչ պետությունից փորձել ենք թաքցնել մեր սեփական ունեցվածքի իրական չափը՝ ծանր հարկերից խուսափելու համար։ Եվ սա խիստ բնական է, այդպես էլ պիտի լիներ։

Այսպես մենք հասանք 20-րդ դարասկզիզբ, երբ հաջողվեց ստեղծել ազգային անկախ պետականություն։ Աա արդեն մեր համազգային երկունքի արդյունքն էր։ Մենք էինք ծնել այդ զավակին և պարտավոր էինք սնել։ Բայց հասկանալի է՝ դարերով արմատացած հիվանդությունը մեկ օրում չէր վերանա: Հացի, բամբակի պետական մենաշնորհի քաղաքականությունը, որը պետության ու ժողովրդի փրկության օգտին էր հեշտ չիրականացվեց։ Պետական թալան միջին չինովնիկների, զինվորականության, հասարակ ժողովրդի կողմից այն ժամանակ եւս գոյություն ունեին։ Թեեւ ակնհայտ էր նաեւ, որ շարքային քաղաքացիների հանցանքն ու զանցանքը հիմնականում գոյություն պահելու, ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար էր: Այնուամենայնիվ Հայաստանի Առաջին Հանրապետությունը այն բաղձալի ազգային պետությունն էր, որի հովանու ներքո հայ մարդը պիտի վերափոխվեր, պիտի դառնար իր պետության իսկական քաղաքացին, դառնար ազգային մտածողության, ինքնության և պետական շահի գիտակցողն ու կրողը /գուցե հենց այդ նկարագիրն ուներ իր հզոր պետականությունների գոյության շրջանում/:

Արտաքին քաղաքական իրողությունների բերումով Հայաստանը կորցրեց անկախությունը՝ տեղը զիջելով խորհրդային բոլշևիկյան կարգերին։ Այս իշխանությունը, որը կառավարեց, այսպես ասած, Հայաստանի Երկրորդ Հանրապետության շրջանում, եկավ նախ և առաջ ազգայինը մերժելու։ 70 տարի քարոզվեց, որ այս հայրենիքը միայն հային չի պատկանում, սա խորհրդային մեծ հայրենիքի մի մասն է և պատկանում է խորհրդային բոլոր ժողովուրդներին։ Խորհրդային պետությունը մեզ օտար էր և երբ նա սկսեց մի քիչ հարստանալ, մենք այլ ազգերի, նույն ռուսների հետ սկսեցինք սիրով թալանել այդ երկիրը, խուսափել լավ քաղաքացի լինելուց: Ահա այսպիսին էինք, երբ եղավ մեծ բեկումը՝ 88-ի արցախյան շարժումը, խորհրդային միության փլուզումն ու Հայաստանի անկախացումը:

88-ի ազգային վերազարթոնքն ու բաղձալի անկախության ձեռքբերումը թվում էր թե մեզ պիտի մաքրի, դարձնի ազգային պետության կրողն ու սրտացավ քաղաքացին, ասել է թե՝ շարունակվի այն, ինչ սկսվել էր 1918-ին: Ավաղ, օրվա իշխանությունների ոչ ազգակենտրոն քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական դժվարություններն և հատկապես անարդարության տարածումը թույլ չտվեցին վերափոխվել, բարձրանալ մեզանից վեր, արժանի դառնալ հռչակված ազգային արժեհամակարգին:

Այս անսեր ու հիասթափված հոգեվիճակը տարբեր դրսևորումներ ունեցավ: Եթե այդ բոլոր դրսևորումները մեկ բառով բնութագրենք, կարող ենք այն կոչել՝ անտարբերություն: Անտարբերությունից ծնունդ առավ ու ձգվեց մեր նորանկախ երկիրն արնաքամ անող արտագաղթը: Իսկ մնացողները… Նրանք տարտամ քայլերով շարունակում էին իրենց ճանապարհը, շատերն ինքնաբերաբար, շատերն հավատալով, մի մասը տեղային կռիվներ տալով, բայց ամեն ընտրությունից ընտրություն նորից հիսաթափվելով…. հայ մարդն իրեն զգում էր անպիտան, իր երկրում կամաց-կամաց կորցնում էր տիրոջ զգացումը… 2016թ.-ի գարնանը, երբ վրա հասավ ապրիլյան պատերազմը, կարծես թե ընձեռվել էր պատմական այն հնարավորությունը, երբ կարող էին մենք մեզ վերագտնել, թոթափել մեր անտարբերությունը, զգալ, սեփական կարևորությունը: Մենք համախմբված էինք ինչպես 88-ին: Սա լավագույն հիմքն էր վերածնվելու եւ վերափոխվելու համար, բայց ցավոք օրվա իշխանությունների ու պետական համակարգի հանդեպ հասարակության խորը անվստահությունը թույլ չտվեին ապահովել սկսվածի ճիշտ շարունակությունը:

Հաջորդ արթնացումն ու պոռթկումն սպասվածից ավելի շուտ եղավ: 2018թ. ապրիլին: Սա առավել լուրջ էր ու բացառիկ, առավել համախմբող ու զորեղ: Եվ այս օրերին, ամեն մեկն զգաց, որ ինքն ընդհանուր հաղթանակի, երկրում բան փոխելու համար խիստ կարևոր է…Մարդը որպես քաղաքացի իրեն արժևորեց ու եռանդուն կպավ գործի. ամենքն շտապում էին հրապարակ կամ այնտեղ, ուր կասեր հեղափոխության առաջնորդը: Շատերն էին մտածում. «Ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ գնա….»: Վերջապես մենք մեզ կարևորել էինք ու հասկացել, որ մեր միասնությունը սարեր շուռ կտա: Բայց մեր խնդիրը, մեծ ցավը, որ դարեր, շարունակ մեզ հետ բերում էինք, էլի չբուժվեց: Մենք եկանք հրապարակից տուն ու էլի հույսներս դրեցինք մի մարդու վրա, էլի մտածեցինք, որ մենք մեր գործն արել-վերջացրել ենք…Մենք իրեն բերել, դրել ենք աթոռին ու թող հիմի հրաման տա, որ մենք լավ ապրենք…Հրապարակից տուն գալով մենք էլի մտել ենք վատ քաղաքացու դերի մեջ: Տաքսու վարորդն էլի խաբում է, ծանոթ պաշտոնյա ունես՝ դիմում ես, ճանապարհային տեսուչ ես՝ կաշառք չկա, չես տուգանում, վարորդ ես, ոստիկան չկա՝ ոնց ուզում վարում ես մեքենան….Ու քանի դու այսպիսին ես, դու նույնն ես, քո ամենալավ ղեկավարն անգամ վատը կդառնա, չի դառնա՝ կդարձնես, որ մի օր էլի ասեն՝ «էս պատին, էս ծեփոնը», «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը», դուք ով եք, «ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք»…Ախ, երանի հեղափոխությունը լիներ մեր մտքի ու գիտակցության մեջ…

Արթուր Մկրտչյան

Տպել Տպել