Մենք ազատ ենք կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հորդորում է՝ ո՛չ Դաշնակցության հայտարարությունը, ո՛չ Դաշնակցության ներկայացուցիչների, ոչ էլ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքը համատեքստից չկտրել ու չփորձել տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձնել:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր համար հասկանալի՞ է այն, որ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր համար անհասկանալի է ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությունը, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Այս առումով հստակ արձանագրենք ՝ Դաշնակցության հայտարարության, դաշնակցականների կողմից արված տեսակետների մեջ որևէ տեղ Դուք չեք հանդիպի միտք կամ արտահայտություն, որ Դաշնակցությունը որևէ կերպ մեղադրանք է հնչեցնում օրվա իշխանությունների հասցեին կամ կասկածի տակ դնում գործադիր իշխանության և իրավապահ մարմինների հարաբերությունների հետ կապված մոտեցումները: Մենք ընդամենն արտահայտել ենք մեր որոշակի մտահոգությունները և դրանք արտահայտելու համար ունեցել ենք որոշակի հիմքեր»:

Մեր այն հիշեցմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, թե ով՝ ով, բայց Դաշնակցությունը, որ հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, և արդյոք կա՞ն ճնշումներ դատական իշխանությունների վրա, թե՞ չկան, Արսեն Համբարձումյանն այսպես արձագանքեց. «Մենք դա ավելի քան հասկանում ենք և հասկանալով հանդերձ, եթե այս կամ այն հարցերի հետ կապված չունենք հստակ պայմանավորվածություններ կոալիցիոն գործընկերների հետ, մենք մեր գործողությունների և քայլերի մեջ ազատ ենք: Կարծում եմ՝ անկախ գործադիր իշխանությունում լինել-չլինելուց, մենք ազատ ենք, և կարծում եմ դա մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումը պիտի լինի, որ քաղաքական գործիչներն ազատ լինեն կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում: Սա պետք չէ կապել կոալիցիոն գործընկերության հետ: Մենք մեր արտահայտությունների և ձևակերպումների մեջ եղել ենք շատ կոռեկտ և խոսել ենք ընդամենը մտահոգությունների մասին»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ գնահատական կտա այն փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, Արսեն Համբարձումյանը նշեց. «Իրենց իրավասությունն է մերժել կամ ընդառաջել: Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ կերպ արձագանքելուց: Ուզում եմ հատուկ շեշտել ու կրկնել, որ որևէ քաղաքական գործչի՝ անկախ իր ունեցած վաստակից, պատասխանատվության ենթարկելու հետ կապված տաբու չկա դրված, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Մենք որևէ մեկի պաշտպանը կամ փաստաբանը լինելու ցանկություն և անհրաժեշտության խնդիր չունենք: Ընդամենն ասում ենք, որ նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է կրկնի նախորդ ժամանակահատվածում արված սխալները, և վստահությունը, որ ձևավորվում է ՀՀ-ում արդարադատության հանդեպ, որևէ պարագայում պիտի կասկածի տեղիք չտա: Այս տրամաբանության մեջ ընտրովի արդարադատության որևէ դրսևորման հնարավորություն պիտի բացառվի: Մեր ասածի իմաստն ու տրամաբանությունը սա էր»:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին՝ Արսեն Համբարձումյանը շեշտեց. «Բոլորս էլ գիտենք՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված կա երկու կողմ, և մեղադրանք է ներկայացված մեկ կողմի ներկայացուցիչների նկատմամբ: Մենք կողմնակից ենք մարտի 1, 2-ի դեպքերի լիարժեք, ամբողջական բացահայտմանը, որ մեկընդմիշտ բոլոր հարցականներն այդ իրադարձության հետ կապված ստանան իրենց պատասխանը և հետագա շահարկումների տեղիք չտան և որևէ կերպ մարտի 1-2-ի դեպքերը ազդեցություն չունենան ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տպել Տպել