Արժեքների պատերազմ

Հայաստանյան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարույց բացահայտումներով, կալանավորումներով, դատավարություններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարության ակտիվացմամբ, հակակոռուպցիոն և մենաշնորհների դեմ պայքարով, նոր ընտրությունների սպասումներով և քաղաքական ուժերի վերադասավորումներով, այլև արժեքների բախմամբ: Ժողովրդական արդար ընդվզումը շարժել է նաև հայ հանրության արժեքային դաշտը, որի մի հատվածը սնվում է ոչ ազգային միջավայրից և ուղղված է սպասարկելու համաշխարհայնացման և միջազգային տարբեր ուժերի շահերը՝ հարվածելով հայ ավանդական արժեքային համակարգին ու ազգային շահերին: Սխալված չենք լինի ասելու, որ Հայաստանում նոր թափ է ստացել ԱՐԺԵՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

Բարիկադների մի կողմում հայ ազգային, պահպանողական ուժերն ու անհատներն են՝ ազգային շահերի, արժեքների և ավանդույթների պահպանության դրոշակով, մյուս կողմում այդ արժեքների դեմ ոտնձգություններ անողները՝ ազգային եկեղեցու, ավանդական ընտանիքի և առողջ սեռային հարաբերությունների դեմ դրոշակ բարձրացրած փոքրամասնությունները, հայրենիքի և նրա ժառանգության, ազատագրական պայքարի ոգու դեմ մարտնչողները՝ հողահանձնման դրոշակով, ազգային նկարագրից զուրկ, բացառապես քաղաքացիական հասարակության ջատագովները՝ աշխարհաքաղաքացիության դրոշակով: Այս շարքին կարելի է ավելացնել նաև ազգային նոր բուրժուազիայի որոշ ներկայացուցիչների, որոնց արժեքներն ու հայրենիքը սեփական քսակն է և նրանք միշտ այն կողմում են, որտեղ իրենց քսակն ավելի ապահով է: Պայքարի մեթոդներն էլ հետաքրքիր են. ագգային շահերի պաշտպանության անվան տակ քողարկված, իրական արժեքների արժեզրման մեթոդներով ու իրական օրակարգերը կեղծ օրակարգերով շղարշելու մոլուցքով տարված մեդիա-վլվլուկները «պարտիզանական» հարձակումներ են գործում ազգային գաղափարների, համակարգերի ու գործիչների վրա: Օրինակ, կատաղած փոքրաթիվ և «արդարամիտ» հոգևորականներն ու նրանց ձայնակցողները գրավում են Վեհարանն ու լայվ-կերուխում սարքում, զինվում քարերով ու փակում Կաթողիկոսի ճանապարհը: Շահարկելով ներեկեղացական ինչ-ինչ խնդիրներ, փորձում են արդարացնել իրականում բուն եկեղեցու դեմ ուղղված ոտնձգությունները:
Առավել մեծ աղմուկ են սկսել բարձրացնել սեռական փոքրամասնությունները՝ մայրաքաղաքից իրենց պայքարը տեղափոխելով անտառային գոտի՝ Շուռնուխ՝ աշխարագրական ընդլայնվածության պատրանք ստեղծելու համար: Հասկանալի է, որ մի գրանտ արդեն ունեն, երկրորդի համար, հավանաբար, ակցիա ու բախում էր պետք:

Արամի և Արամի արձանի դեմ պայքարը այս շարքից են՝ «տեղը հարմար չէ», «բազմաթիվ խախտումներ կան», «այլ հուշարձանի վրա է կառուցված, պետք է տեղափոխել», «գեղագիտական ճաշակներիս հարմար չէ»…և այսպես ամիսներ շարունակ փորձ էր արվում խանգարել արձանի տեղադրումն ու հեղինակազրկել Հայոց Հանրապետության հիմնադիր Արամին և Դաշնակցությանը:

Առավել վտանգավոր է ազատագրված տարածքների թեման: Որ ՀԱԿ-ն ու նրա լեգեոնականները հողատվության ջատագովներ են, հանրահայտ փաստ է: Եվ տարօրինակ չէ, որ Նոր Հայաստանում այս անմտությունն ու զառանցանքը կրկին մեջտեղ ելավ: Արցախում խժդժություններ հրահրողներն էլ իրենց նոր դրոշը բարձրացրին՝ «Նոր Արցախի» հույսով, փորձելով տատանել մեր փխրուն մակույկը, առանց գիտակցելու, որ ամեն ինչի նորը չէ, որ լավ է ու ճիշտ, ամեն նորը չէ, որ բխում է հայոց ազգային շահերից ու նպատակներից:

Որ Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ անհանդուժողականություն կա, արդեն ակնհայտ է բոլորին: Որ որոշ ներիքն և արտաքին ուժեր ցանկանում են պառակտել հայ հանրությանը, դա էլ է ակնհայտ: Սփյուռքի և Հայաստանի մեջ սեպ խրողներն էլ քիչ չեն: Տխմարությունը հասել է այնտեղ, որ կոչեր են հնչում հեղափոխություն սկսել Սփյուռքում, ասել է թե տապալել տարիներով ձեւավորված ազգային և համազգային հաստատություններն ու համակարգերը և դրանք փոխարինել «գեղեցիկ փափեթավորված» անորոշություններվ: Ազգային արժեքներ դավանողները անվանարկվում են, որպես հետամնացներ, ամեն ինչի մեջ «Նոր» բառ ավելացնելով: Մնում է նոր այբուբեն ստեղծելու կոչեր էլ հնչեն:

Պետք է նորից ու նորից կրկնել՝ Հայաստանը մեկն է՝ թե հին, թե նոր, և ազգային համերաշխությունը, ազգային արժեքներն ու ազգային շահը հեռու պետք է պահել ամեն մի գունավորումից: «Գունավոր հեղափոխությունները» չեն սկսվում և ավարտվում միայն փողոցներում և հեղափոխությունների միջոցով: «Գունավոր հեղափոխությունները» սերմանվում են նախ հասարակության գիտակցության մեջ, սպանում սեփական «ես»-ը և պարտադրում կեղծ օրակարգեր ու արժեքներ: Հեռու՞ է, արդյոք «Գունավոր հեղափոխությունը», թե այն խորանում է Հայաստանում՝ համաժողովրդական շարժմանը զուգահեռ, գուցե գիտակցված և անգիտակից, գուցե քողարկված ու դանդաղ: Բայց, որ մեր համազգային կառույցները, ավանդական արժեքներն ու ազգային շահերը թիրախ են դարձել, փաստ է:

Նոր Հայաստանը ազգային Հայաստանն է՝ խարսխված մեր ազգային պետական շահերի վրա, նրա կենտրոնում ազատ, արդարամիտ ու աշխատասեր հայ մարդն է, որի հավերժական ընթացքն է, որ պիտի ապահովվի:
Նոր Հայաստանը համերաշխ Հայաստանն է, որտեղ չկա շահագործում, անարդարություն և ազատ մտքի դեմ մարտնչողների անդեմ բանակ:

Նոր Հայաստանը գոյություն չունի առանց Արցախի ու Սփյուռքի և նրանց շահերի գեր-գիտակցմամբ, հանուն այդ շահերի պաշտպանության պատրաստ, անձնազոհ հայորդիների ու հայոց բանակի:

Նոր Հայաստանը բարեկացություն ապահովող տնտեսությունն է, պետական արդյունավետ միջամտություններով՝ հայ մարդու աշխատանքի համար պարարտ հող ապահովող իշխանությունը, և ոչ թե աղքատ ու արտագաղթող հայն ու դրան նպաստող միջակ բյուրոկրատը:
Այս արժեքների վրա է, որ պետք է գործի Նոր Հայաստանի նոր իշխանությունը՝ ազգային համերաշխության հիման վրա ձևավորվելիք ապագա կառավարությունը:

Արտակ Սարգսյան
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի
պատասխանատու

Տպել Տպել