Սենատոր Էրիկ Աբեցը Ավստրալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս փաստագրված վայրագությունները չափազանց երկար են անուշադրության մատնվել»,- նշել է սենատորը:

Սենատորը ասել է, որ ականատեսի տվյալներ կան՝ հենց ավստրալացի ծառայողների, ինչպես նաև ռազմական թղթակիցների, ովքեր ավելի քան 100 տարի առաջ այնտեղ էին:

«Ես վստահ եմ, որ արդարությունը կհաղթանակի, և որ, ի վերջո, հայերի համար արդարություն կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման: Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որով կճանաչվի և կփոխհատուցվի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա:

Ավստրալիայում Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Աբեցին բարոյական դիրքորոշման և արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրվան, երբ Ավստրալիան կմիանա մարդասիրական այդ գործին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Տպել Տպել