Նպա՞ստ, թե աշխատավարձ

Օրերս հրապարակվեց և շահագրգիռ քննարկումների փուլում է ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը:

Նախագծի առանցքում այնպիսի հավաքական լուծումներ են, որոնք առարկայորեն ուրվագծում են պետության դերը՝ մեր երկրի տնտեսության զարգացման, սոցիալական անհրաժեշտ ներառականության ապահովման գործում:

Անհրաժեշտ է փաստել նաև, որ Նոր Հայաստանի սոցիալական ներառական զարգացման տեսլականի շուրջ ներկայացվող տարբեր մոտեցումներում ևս, ընդգծված օբյեկտիվ անդրադարձ կա աղքատության հաղթահարման հիմնախնդիրներին:
Այս իմաստով պարզ և օբյեկտիվ են այն պնդումները, որ աղքատություն ծնող հիմնական պատճառներից են գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:

Ակնհայտ է նաև, որ առանց պետության ուղղակի մասնակցության և ակտիվ պետական աջակցության անհնար է լիարժեք գործադրել առկա այն հզոր ներուժը, որը, կայուն զբաղվածության միջոցով, ի զորու է կրճատել աղքատ ընտանիքների թիվը, ժամանակավոր կամ մշտական արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, և հետևողականորեն նաև՝ բարելավել մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունը:

Ի դեպ, հարկ է նշել, որ այս պարզ թեզը ապացուցվում է նաև Հայաստանի անկախացումից հետո մեր անցած ճանապարհով և արձանագրված է սոցիալ-տնտեսական արդյունքներով:

Այս հիմնախնդիրներին և դրանց համակարգային լուծումներին վերաբերող առարկայական անդրադարձ կա ՀՅԴ կողմից օրակարգ բերվող՝ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներում:

Որպես սոցիալ-դեմոկրատական արժեքներ կրող կուսակցություն, Դաշնակցության համար առաջնային կարևորություն ունեն աղքատության հաղթահարումը, բնակչության կայուն զբաղվածության ապահովումը, հետևաբար նաև՝ աշխատաշուկայի պետական կարգավորումը, աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների և շահերի համալիր պաշտպանությունը:
Մասնավորապես, առարկայական և շարունակվող այս մարտահրավերների պարագայում նախ՝ անհրաժեշտ է օր առաջ արմատապես վերանայել ընտանիքների անապահովության գնահատման ողջ համակարգը, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Տարիներ շարունակ կիրառվող գնահատման անուղղակի այս մեթոդն ունի սուբյեկտիվության անթույլատրելի բարձր աստիճան: Հիմնականում պայմանավորված է սոցիալական աշխատողի ենթակայական գնահատումներով: Առկա են նաև կոռուպցիոն բարձր ռիսկեր, և այս մեթոդն ինքնին խնդրահարույց է ընտանեկան ու սոցիալական նպաստների հասցեականության տեսանկյունից:

Հետևաբար, այս մեթոդը պետք է փոխարինվի ուղղակի մեթոդով, որի հիմքում առավելապես պետք է լինեն ընտանիքի եկամուտները, վերջինիս գնահատման համար անհրաժեշտ հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող տեղեկատվությունը:

Մյուս կողմից, անհրաժեշտ է սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության, որը պետք է լիարժեք ապախթանի ամեն գնով նպաստի ստացման առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ զբաղվածության: Այս մոտեցման հիմքում անհրաժեշտ է դնել սոցիալական քաղաքականության հետևյալ պարզ սկզբունքը.
անապահովության նպաստ պետք է ստանան այն աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ, իսկ աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:

Հաջորդիվ և զուգահեռաբար՝ նպաստներին ուղղվող պետական միջոցները պետք է կրճատվեն և հատկացվեն զբաղվածության ապահովման ծրագրերին:

Սակայն անհրաժեշտ է նաև զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի ամբողջական վերաիմաստավորում, ընթացակարգերի առավելագույնս պարզեցում: Այս ծրագրերը արդյունքի տեսանկյունից պետք է ենթարկվեն ամբողջական էլեկտրոնային և նպատակային կառավարման՝ բացառելով առկա ռիսկերն ու դրված նպատակից անթույլատրելի շեղումները:

Բովանդակային առումով, այս ծրագրերը պետք է գործատուների համար դառնան պետական սուբսիդավորման հրապարակային և պարզ առաջարկ՝ ուղղված առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումներ ապահովելուն: Պետության սուբսիդավորման տարբերակված չափերն ու տևողությունը պետք է սահմանվեն ու նախապես հայտնի լինեն բոլոր գործատուներին: Դրանց որոշարկման հիմքում պետք է ընկած լինեն օբյեկտիվ գործոններ՝ աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության աստիճանը, ընտանիքի անապահովության միավորը, տարածքային զարգացման անհամաչափության գնահատման գործոնները: Իսկ ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը՝ երեք տարուց ոչ պակաս և այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն ծրագրի արդյունքում զբաղված դարձած շահառուի եկամտահարկով:

Մյուս կողմից, կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից, առանցքային են աշխատատար ճյուղերը, որոնք, տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն՝ անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է, քան գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում։ Նույնիսկ եթե շահութաբեր չեն, պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման խթանման առարկայական գործիք: Իհարկե, այստեղ ևս պետությունը պետք է սահմանի սուբսիդավորման պարզ ու հնարավորինս լայն հասանելի պայմաններ՝ դրանք կապելով ստեղծվող նոր աշխատատեղերի քանակի, կայունության բնութագրիչների ու պայմանների, հատկապես՝ վարձատրության մակարդակի հետ:

Առանձնահատուկ պետք է կարևորվի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը: Այս նպատակին արդյունավետ կարող է ծառայել պետական-մասնավոր գործընկերության հենքի վրա ձևավորվող, գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա, աշխատատեղերի պահանջի (քվոտաների) լիարժեք գործադրումը, որը, չնայած օրենքով ամրագրված է, սակայն իրականում կյանքի չի կոչվել: Զուգահեռաբար և փոխլրացման սկզբունքով՝ առարկայական անհրաժեշտություն ունեն սոցիալական ձեռնարկատիրության (սոցիալապես խոցելի խմբերի զբաղվածությունն ապահովող, սոցիալական նպատակ հետապնդող ձեռնարկատիրության տեսակ) կայացումն ու զարգացումը՝ պետական գործուն մասնակցությամբ և անհրաժեշտ արտոնություններ նախատեսելու միջոցով:

Առաջարկվող լուծումների շրջանակներում նշանակալից դեր ունեն աշխատավարձի պետական քաղաքականության նոր մոտեցումները, որոնք այս նպատակադրումների ներքո պետք է լիարժեք ապահովեն սոցիալական հետևյալ կարևոր արդյունքները.

– սոցիալական գործընկերության և երկխոսության ճանապարհով՝ ստեղծված հավելյալ արժեքի արդար բաշխում գործատուի ու աշխատողի միջև,

– աշխատող աղքատների թվի էական կրճատում և տվյալ երևույթի հետևողական բացառում՝ նվազագույն աշխատավարձի շարունակական բարձրացմամբ, որը պետք է կայուն կերպով ապահովի նվազագույն աշխատավարձ – միջին աշխատավարձ՝ հարաբերակցությունը 50-60 տոկոսի միջակայքում:

Որպես ամփոփում. առաջարկվող լուծումները հավաքական կերպով ի զորու կլինեն ապահովել «նպաստ, թե՞ աշխատավարձ» երկընտրանքի ամբողջական լուծումը՝ ի օգուտ օրինական աշխատանքի:

Հետևաբար նաև՝ սեփական քրտինքով կայուն եկամուտ ստեղծելու ճանապարհով աղքատության հաղթահարումը, որպես սոցիալական քաղաքականության հիմնական նպատակ և նախընտրական կարգախոս, կդառնա պարզ իրողություն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել