Աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն

Արդեն տևական ժամանակ տարբեր ձևաչափերով բարձրացվում են մի շարք հիմնախնդիրներ՝ մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման վերաբերյալ:

Հանրությանն ուղղակի վերաբերող այս հիմնախնդիրները հավաքական իմաստով կարելի է բաժանել երկու խմբերի՝

– շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր,

– հանքարդյունաբերության ճյուղի ձեռնարկությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը և կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:
Ակնհայտ է, որ այս երկու խումբ հիմնախնդիրներն էլ ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական բնույթ: Ակնհայտ է նաև, որ այս հիմնախնդիրները հավասարապես առարկայական են և այդ հիմնախնդիրների հետևում կանգնած շահերը գտնվում են խորը հակասության մեջ: Իսկ այդ շահերը վերաբերում են հանքարդյունաբերական տարածաշրջանների բնակիչներին ու բնապահպաններին, այդ ձեռնարկությունների սեփականատերերին ու ներդրողներին, և վերջապես՝ այդ ձեռնարկություններում աշխատողներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Նախ պետք է փաստել, որ մեր հասարակությունում այս ու նմանատիպ բնույթ ունեցող մի շարք այլ հիմնախնդիրները առաջանում են հենց շուկայական կարգավորման ձախողման արդյունքում, երբ պետությունը «ձեռքերը» լվանում ու մի կողմ է քաշվում:

Շուկայական գործիքները ի զորու չեն լուծել այս հիմնախնդիրները: Դրանք արագորեն ձևափոխվում են իրական մարտահրավերների՝ հանրության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ու խորացման իմաստով: Եվ նախկինում դրա ականատեսն ենք եղել բազում անգամներ, ականատեսն ենք նաև այսօր:

Այս հիմնախնդիրների առաջացումը հնարավոր է կանխարգելել և նաև լուծել միայն պետության ակտիվ մասնակցությամբ՝ պետության կողմից դրական պարտավորություններ ստանձնելու և անհրաժեշտ կարգավորումներ իրականացնելու պարագայում, որը կերաշխավորի սոցիալական արդարություն և երկարատև կայուն զարգացում:
Հակառակ դեպքում՝ օրինակ միայն բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծումը, կդառնա ոչ արդար և ենթակայական վերաբերմունք մյուս խմբի առարկայական շահերի տեսանկյունից, առաջ կբերի բացասական մի շարք սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսկան ակտիվության կրճատում և տնտեսության այլ ոլորտների համար մուլտիպլիկատիվ բացասական արդյունք, ներդրումների արտահոսք, աշխատատեղերի կրճատում, գործազրկության և աղքատության ավելացում և այլն:

Իհարկե, պետք է սկզբունքորեն փաստել նաև՝ բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջև համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ։

Սակայն կայուն զարգացումը զուտ բնապահպանական արդյունք չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար առարկայական սկզբունք պետք է լինի նաև սոցիալական ներառականությունն ու արդարությունը:

Այս սկզբունքի գործնական իրացումը պահանջում է, որ պետության հիմնական առաքելությունը պետք է դառնա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու աղքատության հաղթահարումը, սեփական երկրում արժանապատիվ ապրելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Հետևաբար նաև՝ պետությունը պետք է անհրաժեշտ մասնակցություն և դրական դեր ունենա սեփականության իրավունքը արդյունավետ պաշտպանելու, ներդրումներ ներգրավելու և առաջանցիկ տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն եկամտաստեղծ զբաղվածություն ապահովելու գործընթացներում:

Այսինքն՝ հանքարդյունաբերության ոլորտը պետք է ենթարկվի պետական համալիր կարգավորման, միաժամանակ՝ պետությունը պետք է վերականգնի իր մասնակցությունը և հստակ թիրախավորի օգտագործված ռեսուրսների հնարավորինս վերականգնումն ու շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների հնարավորինս նվազեցումը: Ոլորտում կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չպետք է ձևավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները:

Մյուս կողմից էլ՝ իրեն սոցիալական համարող պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատև սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու առարկայական ռիսկի առաջ կանգնած աշխատողին:
Արդյունքում. հնարավոր կլինի ապագայում խուսափել այլևս իրողություն դարձած «աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքից, իսկ առաջանալու դեպքում՝ այն լուծել «և՛ աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքի ներքո:

Տեղեկացնեմ նաև, որ այս և մեր երկրի տնտեսության ներառական զարգացմանը վերաբերող մյուս հիմնախնդիրները, ինչպես նաև դրանց հավաքական լուծումներն առարկայական ու ամբողջական ներառված են ՀՅԴ կողմից օրակարգ բերվող՝ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներում, որի էլեկտրոնային տարբերակը հասու է arfd.info էջում:


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու
Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել