Ե՞րբ ենք շոշափելու երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցությունը

Վիճակագրությունը արձանագրում է, իսկ պատասխանատու պետական պաշտոնյաները փաստում են, որ մեր երկրում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բարձր տնտեսական աճ՝ 8,3%: Սա իհարկե տնտեսական զարգացման տեսանկյունից դրական ցուցանիշ է:

Սակայն հասարակ քաղաքացու տեսանկյունից, զուգահեռաբար և օբյեկտվորեն, նորից առաջ են գալիս հետևյալ հարցերը՝

– իրական է արդյո՞ք վիճակագրության արձանագրումը,

– եթե այո, ապա ե՞րբ ենք շոշափելու արդեն իսկ երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցությունը:

Պատասխանը, կարծում ենք, միանշանակ է.

այս հարցերը կառաջանան և առարկայական կլինեն, քանի դեռ մեր երկիրը չունի կայուն տնտեսական աճ, որն ուղեկցվում է սոցիալական պետությունը բնութագրող՝ սոցիալական ներառականությամբ: Իսկ վերջինս էլ իր հերթին պահանջում է՝ պետության դերի վերաիմաստավորում, տնտեսության կարգավորման և սոցիալական քաղաքականության համակարգային նոր մոտեցումներ, որոնք կապահովեն երկրում ստեղծվող համախառն եկամտի արդար, բայց ոչ հավասար բաշխումը:

Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:

Հետևաբար, պարզ է դառնում նաև, որ տնտեսության դրվագային աճերը, եթե նույնիսկ դրանք իրականում առկա են, չեն կարող ինքնաբերաբար հանգեցնել սոցիալական խորացող խնդիրների լուծմանը՝ բազմաչափ աղքատության վերացման վերջնանպատակով: Ինչքան էլցանկանանք և հայտարարենք, միևնույն է տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը:

Այս նպատակներին հասնելու ապացուցված արդյունավետ ճանապարհը մեկն է՝ առաջանցիկ և կայուն տնտեսական աճը պետք է հավասարապես ուղեկցվի սոցիալական ներառականությամբ և արդյունքի արդար բաշխմամբ: Իսկ այս պարագայում, պետությունը պետք է լիարժեք պարտավորություն և ակտիվ դերակատարություն ստանձնի տնտեսության կայուն զարգացման ապահովման գործում: Պետությունը պետք է վերադառնա շուկա՝ շտկելու շուկայի ակնհայտ բացթողումները, խթանելու առողջ մրցակցությունը և ստանձնելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված,սոցիալապես խոցելի անձանցու խմբերի կյանքի որակի հետևողական բարձրացման երաշխավորի հիմնական դերը:

Ստեղծվող նոր արդյունքի արդար բաշխման ինստիտուցիոնալ իրականացումը կարճ ժամանակահատվածում ի զորու է ավելացնելպետական միջոցները՝ տնտեսության ներառական զարգացումը լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ չափով: Պետության շարունակաբար և տնտեսության ներառական զարգացմանը համարժեք աճող միջոցները կայուն կերպով պետք է ուղղվեն՝ սոցիալական պաշտպանության պետական ու համայնքային նոր ծրագրերին, տարածքային համաչափ զարգացման աջակցությանը, կայուն զբաղվածության աջակցությանը՝ ներդրումների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքին համապատասխան կենսաթոշակների ու անապահովության նպաստների չափերի բարձրացմանը, ի վերջո՝ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն սոցիալական կարիքների բավարարման վերջնանպատակի լիարժեք կենսագործմանը:

Սոցիալական պետության և տնտեսության ներառական զարգացման մոդել ունեցող երկրների դրական օրինակով կարելի է հավաքական կերպով փաստել, որ մեր երկրում ևս՝ տնտեսության պետական կարգավորման և մասնակցության համակարգային նոր մոտեցումները տնտեսական կայուն աճին զուգահեռ, պետք էապահովեն, որ ՀՆԱ-ի առնվազն 25%-ը (2017թ. շուրջ 12%-ի փոխարեն), բնագավառների համար սահմանված թիրախներին ու ծրագրային առաջնահերթություններին համաչափ ուղղվեն սոցիալական ոլորտին, ներառյալ՝ սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը:

Պարզ հաշվարկ-ամփոփում. եթե այս թիրախն ապահովվի, միաժամանակ՝ արդար մրցակցային միջավայրի ձևավորման ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում նվազագույնի հասցվի, տարբեր գնահատումներով, ավելի քան 50%-ի հասնող ստվերային տնտեսությունը, ապա, առանց նույնիսկ տնտեսական աճի հաշվառման,պետությունը կունենա առնվազն չորս անգամ ավելի մեծ (ներկայի համեմատ)հնարավորություններ և արդյունքներ՝ երկրում կուտակված սոցիալական խնդիրների լուծման համար:

Մեր երկրի տնտեսության ներառական զարգացմանը վերաբերող վերը բերված մոտեցումները, առավել ամբողջական և հավաքական լուծումներով,ներկայացված են հանրային քննարկումների ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագծի ձևով:

Նախագծի էլեկտրոնային տարբերակը հասու է www.arfd.info էջում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել