«Ով մարդկային արդարութիւն…» Թուրքիան «մտահո՜գ» է կոտորածներով

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով…

Միաժամանակ թէ՛ մեխին, եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին՝ Սիրիայի ու մասնաւորապէս Իդլիբի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ:
Եւ սա այն դէպքում, երբ դեռ սեպտ. 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ» պարբերականը անդրադառնալով Սիրիայի հիւսիսային Իդլիբ քաղաքում Սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողութիւններին եւ վկայակոչելով արտգործնախարար Չաւուշօղլուին գրում էր.- «Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրաւել Իդիլբը»… կամ՝ «…. Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց (Ռուսաստան, Իրան – Դ. Մ.) նպատակն Իդլիբը գրաւելն է…»:

Էրդողանն էլ միւս կողմից, կրկին ժողովի նախօրեակին, հիւմանի՜ստ ձեւանալով՝ յայտարարեց. «Սիրիական Իդլիբում կարող է բնակչութեան կոտորած տեղի ունենալ…»:

Ահա, նմանատիպ շանտաժներով Էրդողանը եւ Չաւուշօղլուն ներկայանալով թեհրանեան ժողովին, «Իդլիբում զինադադար հաստատելու» մասին առաջարկ են ներկայացնում, որն էլ բնականաբար ընդունելութեան չի արժանանում Ռուսաստանի եւ Իրանի կողմից: Աւելին՝ յաջորդիւ, սեպտ.-ի 8-ի վաղ առաւօտեան, ռուսական օդուժը եւ սիրիական բանակը թիրախային նոր հարւածների են ենթարկում ԴԱԷՇ եւ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբաւորումների՝ Իդլիբում տեղակայւած յենակէտերին…:

….Եւրոպայի ու առհասարակ արեւմուտքի հետ «բարիշելու» թուրքական նկրտումները, յատկապէս երբ դիմագրաւում է տնտեսական խոր ճգնաժամ նոյն արեւմուտքի ու մասնաւորապէս ԱՄՆ-ի ճնշման ներքոյ, այսպիսով ձախողւեցին, իսկ այս վերջիններիս կողմից պատւիրւած հաշտարարի ու զինադադար իրացնելու «պատւին» արժանանալը՝ խաբկանք ու պատրանք:

Եւ վերջապէս, Իդլիբում բնակչութեան կոտորածով «մտահոգւած» Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները հակադարձ արդիւնքներով աշխատում են ի վնաս հէնց իրեն, երբ իր իսկ ղեկավարութեամբ, նոյն Սիրիայի Մանբիջում, իսկ աւելի վաղ՝ Լաթաքիայում ու հայաբնակ Քեսաբում ԴԱԷՇ-ականների ուղեկցութեամբ կոտորածներ ու բռնագաղթեր էին իրականացւում:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Տպել Տպել