Տեսակետներ՝ եկամտահարկի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Օրերս, հանրային քննարկման նպատակով, ՀՀ վարչապետը ներկայացրեց եկամտահարկի նախատեսվող փոփոխության երկու հիմնական տարբերակներ:

Մասնավորապես, առաջին տարբերակով նախատեսվում է եկամտահարկի գործող եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը դարձնել երկաստիճան և նվազեցնել դրույքաչափերը: Այս տարբերակով առաջարկվում է եկամտահարկի 20 տոկոս դրույքաչափ՝ մինչև 250 հազար դրամ եկամտի դեպքում, և 25 տոկոս՝ 250 հազար դրամից ավելի համար: Ընդ որում, այս տարբերակով նախատեսվում է նաև, որ եկամտահարկի երկրորդ դրույքաչափը (25 տոկոս) հավասար պետք է լինի շահութահարկի (20 տոկոս) և դիվիդենտի հարկի (5 տոկոս) դրույքաչափերի հանրագումարին:

Երկրորդ տարբերակով առաջարկվում է եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս: Այս տարբերակի դեպքում էլ է նախատեսվում, որ եկամտահարկի միասնական դրույքաչափը (23 տոկոս) հավասար պետք է լինի շահութահարկի (18 տոկոս) և դիվիդենտի հարկի (5 տոկոս) դրույքաչափերի հանրագումարին:

Նախ անհրաժեշտ է օբյեկտիվորեն արձանագրել, որ մեր երկիրը եկամտահարկի ամենաբարձր դրույքաչափ ունեցող երկրների խմբում է, չնայած այն հանգամանքին, որ առկա են՝ միջին աշխատավարձի ցածր մակարդակ և ստվերային վարձատրության բարձր մակարդակ, գործազրկության և աղքատության խրոնիկ բարձր մակարդակներ, աշխատողների մեջ աշխատող աղքատների մեծ տեսակարար կշիռ և այլն: Հետևաբար՝ միանշանակ է, որ եկամտահարկի դրույքաչափի նվազեցումը դրական և սպասված բարեփոխում է:

Սակայն անհրաժեշտ է նաև փաստել, որ երկրի տնտեսական զարգացման և սոցիալական ներառականության ապահովման վրա ազդեցության տեսանկյունից հարկային համակարգի նախատեսվող փոփոխությունների համալիր գնահատումները հնարավոր կլինի իրականացնել միայն այդ փոփոխությունների ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո:

Ինչ վերաբերվում է առաջարկվող տարբերակներին, ապա ընդհանուր առմամբ կարծում ենք, որ առաջին տարբերակն ունի առավել մեծ ներուժ և նպատակադրում սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից:

Սակայն այս տարբերակի առումով ևս առկա են որոշակի մտահոգություններ, որոնց դրսևորումները գործնականում կարող են էապես նվազեցնել նախատեսվող փոփոխության սոցիալական հնարավոր դրական ազդեցությունը և ներուժը:

Նախ՝ շեմի հետ կապված: Կարծում ենք. այն պետք է բարձրացվի՝ նկատի ունենալով, որ այսօր արդեն մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական բյուջեն կազմում է շուրջ 55 հազար դրամ: Բնակչության ընդլայված վերարտադրություն ապահովելու նպատակադրմամբ պետք է թիրախավորել երրորդ երեխայի ծնունդը, որի դեպքում ընտանիքները միջին հաշվով բաղկացած կլինեն չորս և ավելի անդամներից: Այս պարագայում աղքատության շեմն անցնելու համար միջին ընտանիքը արդեն իսկ պետք է ունենա առնվազն շուրջ 250 հազար դրամ իրական եկամուտ՝ առանց հարկերի:

Աշխատող աղքատների թվի էական կրճատման, «աղքատության նպաստից դեպի սեփական աշխատանքով կայուն եկամուտ» սկզբունքը լիարժեք կյանքի կոչելու, ցածր եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների իրական եկամուտների առաջանցիկ աճն ապահովելու և կյանքի որակը շոշափելի բարձրացնելու նպատակներով՝ եկամտահարկի շեմը, կարծում ենք, պետք է մոտ լինի միջին ընտանիքի, աղքատության շեմն անցնելու համար անհրաժեշտ, իրական եկամտի (250 հազար դրամ) կրկնապատիկին:

Մյուս կողմից, այս տարբերակի պարագայում ենթադրվում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մաս կազմող և մասնակցից պահվող պարտադիր սոցիալական վճարի՝ վերջերս 2,5 տոկոսով նվազեցված դրույքաչափը պետք է նորից բարձրանա և կազմի 5 տոկոս: Սրանով արդեն զրոյացվում է այս տարբերակով առաջարկվող եկամտահարկի դրույքաչափի փոփոխության դրական ազդեցությունը ցածր եկամուտ (մինչև 150 հազար դրամ) ստացող քաղաքացիների համար, որոնց թիվը ներկայումս կազմում է շուրջ 200 հազար:

Վերջինիս հետ կապված մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ մենք դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին և հետևաբար՝ գտնում ենք, որ այս համակարգի մաս կազմող ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ, այլ ոչ թե՝ որոշակի նվազեցվի ու հետո էլ՝ նույն չափով բարձրացվի:

Եկամտահարկի երկրորդ՝ համահարթեցման տարբերակը ենթադրում է դրույքաչափի պրոգրեսիվության, այսինքն՝ եկամտահարկի սոցիալական բաղադրիչի վերացում: Բնականաբար, այս մոտեցումը մտահոգիչ է սոցիալական արդարության տեսանկյունից և հակասում է սոցիալական ներառական զարգացման համար օբյեկտիվ նախապայման հանդիսացող և եկամուտների արդար բաշխմանը վերաբերող հետևյալ սկզբունքին. «շատից՝ շատ, քչից՝ քիչ»: Այս սկզբունքը գործնականում պետք է դրսևորվի նաև եկամուտների պրոգրեսիվ հարկման ժամանակ: Այս տարբերակով հնարավոր չէ ապահովել ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճը, ինչը կայուն զարգացման տեսանկյունից պետք է լինի հիմնական նպատակադրում՝ սոցիալական պետության համար: Ավելին՝ այս տարբերակը դրական սոցիալական ազդեցություն կունենա միայն բարձր եկամուտ ունեցողների վրա, իսկ ցածր եկամուտ (մինչև 150 հազար դրամ) ստացող քաղաքացիների համար դրական ազդեցություն գրեթե չի ունենա:

Հետագա քննարկումների համար առաջարկում ենք նաև հետևյալ նոր մոտեցումը: Կարծում ենք, որ այս մոտեցումը կարող է էապես ավելացնել եկամտահարկի նախատեսվող փոփոխությունների իրական ներուժը՝ սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից:

Մասնավորապես, առաջարկում ենք նախատեսել եկամտահարկի դրույքաչափի որոշակի նվազեցումներ՝աշխատող ծնողի երեխաների թվից կախված, շեշտ դնելով երրորդ երեխայի վրա:

Եկամտահարկի դրույքաչափի նվազեցմանը զուգահեռ, ներառական զարգացման տեսանկյունից, առարկայական անհրաժեշտություն են նաև նվազագույն աշխատավարձի պարբերական բարձրացումները և սահմանումը՝միջին աշխատավարձի 50-60-ի տոկոս միջակայքում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել