Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում պետական և ոչ պետական վերահսկողության անհրաժեշտությունը

Շուրջ մեկ ամիս առաջ հրապարակվել է և շահագրգիռ քննարկումների փուլում է ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը (էլեկտրոնային տարբերակը՝ arfd.info էջում): Նախագծում առարկայական անդրադարձ կա մեր երկրում սոցիալ-աշատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին՝ որպես տնտեսության ներառական զարգացման կարևոր նախապայմանի: Այս ոլորտի ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հավաքական լուծումներում սկզբունքորեն կարևորված է պետության լիարժեք պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը:

Միանգամից անհրաժեշտ է արձանագրել, որ տնտեսապես զարգացած և սոցիալապես արդար պետությունները տասնամյակներ առաջ են ձևավորել ու հետևողականորեն խորացնում են աշատանքային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերը:

Խոսքը հիմնականում վերաբերում է աշխատանքային օրենսդրության, անհատական և կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ինստիտուտներին.

– պետական վերահսկողություն իրականացնող տեսչական համակարգը,
– ոչ պետական վերահսկողություն իրականացնող համակարգը՝ արհմիությունները, շահագրգիռ հասարակական այլ կազմակերպությունները:

Անկախացումից ի վեր այս ինստիտուտների ներդրման և զարգացման որոշակի քայլեր իրականացվել են նաև մեր երկրում՝ իրավական դաշտի ձևավորում, աշխատանքի պետական տեսչության ձևավորում, սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում արհմիությունների գործնական մասնակցության ապահովում և այլն:
Սակայն օբյեկտիվորեն պետք է արձանագրել նաև, որ դեռևս չունենք իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիություններ՝ որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպչական մակարդակներում սոցիալական գործընկերության կայացման համար անհրաժեշտ պայման, և հետևաբար նաև՝ աշխատողների սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ իրական հնարավորություն:

Նաև դրական փորձ ունեցող բազմաթիվ երկրների օրինակով պետք է փաստել, որ գորածատու-աշատող սոցիալական երկխոսության և գործընկերության հարթակների և օբյեկետիվ պահանջարկի ձևավորումը, ինչպես նաև արհմիությունների լայն մասնակցությամբ դրանց նպատակային գործարկումը հնարավոր է կարճ ժամկետում իրականություն դարձնել, եթե պետությունը ստանձնի լիարժեք խթանիչ դերակատարում սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում, ինչպես նաև աջակցի արհմիությունների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, հատկապես՝ ձեռնարկությունների մակարդակում արհմիությունների կայացմանը:

Մյուս կողմից՝ անհրաժեշտ է նաև արձանագրել, որ մեր երկրում ձևավորված չէ աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական ամբողջական համակարգ: Վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը և պետական վերահսկողության տիրույթից հանվեցին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ՝ վարձատրության իրավունքը, նվազագույն հանգստի իրավունքը, առավելագույն աշխատաժամանակի իրավունքը, աշխատավայրում դժբախտ դեպքերի արդյունքում աշխատողների վնասի հատուցման իրավունքը և այլն:

Իհարկե, քննարկման առանձին խնդիրներ են նաև տեսչությունների միացման արդյունքում ձևավորված նոր տեսչական մարմնի գործառնական արդյունավետությունը և վերջնս պայմանավորող հիմնական գործոնների ոչ լիարժեքությունը՝ տեսուչների թիվ և մասնագիտական կարողություն, տեխնիկական զինվածություն և տեղեկատվական ապահովում, արդյունավետ վերահսկողության համար անհրաժեշտ մեթոդաբանական հիմք և գործիքակազմ:

Կարծում ենք. այս խնդիրների համակարգային լուծումները՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգի հարցեր:

Հաջորդիվ և զուգահեռաբար՝ աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը օբյեկտիվորեն պահանջում է գործատուների ու աշխատողների իրավագիտակցության և տեղեկացվածության մակարդակի շարունակական բարձրացում՝ նաև քաղաքացիական հասարակության լայն ընդգրկմամբ ու գործուն մասնակցությամբ:
Այս համատեքստում, կարծում ենք դրական օրինակ է Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը:
Անվճար մասնագիտական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ են մատուցվում գրասենյակ դիմող բոլոր քաղաքացիներին՝ իրենց սոցիալ-աշխատանքային իրավունքների արդյունավետ իրացման նպատակով:

Գրասենյակի ծառայություններից արդեն իսկ օգտվել են շուրջ 200 քաղաքացիներ: Գրասենյակը շարունակում է ծառայություններ մատուցել Երևան քաղաքի Մանանդյան 20 հասցեի ներքո (հեռ.՝ 010-42-67-41):


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել