Արժանի մրցակից համարում ենք բոլոր ուժերին, բայց մենք բոլորից տարբերվում ենք

Երևանի ավագանու ընտրություններին 13 քաղաքական ուժ սեպտեմբերի 10-ից քաղաքի բնակիչներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։ Armdaily.am-ը քարոզարշավի և Երևանի խնդիրների լուծման մասին զրուցել է ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչ ծրագրեր ունեք։

-Քարոզարշավի արդյունքներն ունեն հետաքրքիր գնահատման ձև: Ընտրության օրը՝ սեպտեմբերի 23-ին, մեր ժողովուրդն իր քվեով կորոշի արդյունքները: Իսկ մինչ այդ, մենք կշարունակենք ներկայացնել մեր ծրագիրը՝ հիմնականում ուղիղ շփումներով, կլսենք մեր քաղաքացիների խնդիրներն ու կառաջարկենք դրանց լուծումներ գտնելու մեր ճանապարհը:

-Թեկնածուների նախընտրական ծրագրերում հիմնականում նույն խնդիրներն են առաջ քաշվում։ Ձեր ծրագրում կնշե՞ք ամենակարևոր ու հիմնական կետերը, որոնք անմիջապես կիրականացնեք ընտրվելու դեպքում։ Ինչպես դուք եք նկատել՝ խնդիրները հիմնականում նույնն են՝ աղբահանություն, կանաչապատում, հանրային տրանսպորտ։

-Բոլորն՝ ինչպես նաև մենք, ունենք այդ խնդիրների լուծման ճանապարհը: Երևանի քաղաքապետարանն այս հարցով նույնպես ունի ծրագիր ու բավականին առաջացել է այն: Պետք է հավաքել ու համադրել բոլորի ծրագրերն ու գտնել լավագույն լուծումը: Ինչ վերաբերում է մեր ծրագրին, ասեմ, որ դրա հիմնական կետերից մեկը՝ Երևանը համայն հայության մայրաքաղաք դարձնելն է: Դա ենթադրում է՝ յուրաքանչյուր հայ պետք է զգա, որ Երևանն իր մայրաքաղաքն է, և այստեղ ինքը տանն է: Իմ շատ սփյուռքահայ ընկերներ, լինելով Երևանում, ասում են՝ այնքան էներգիա ենք կուտակում այստեղ, որ բավարար է ամբողջ տարի սպառելու համար:

-Թեկնածուներն ասում են, որ պետք է ներկայացնել ոչ թե խնդիրներն, այլ տալ դրանց լուծումներն ու մատնանշել ֆինանսական միջոցները, որոնցով դրանք պետք է իրականացվեն։ Կմատնանշե՞ք այդ միջոցները։

-Միշտ ասել եմ՝ կարևորն աշխատանքն է: Աշխատանքի ու կամքի դեպքում ֆինանսական միջոցներ միշտ էլ հնարավոր է գոյացնել, ճիշտ և արդյունավետ կառավարման դեպքում կարելի է նաև շատ ծախսեր խնայել: Պետք է աշխատել նաև միջազգային կառույցների հետ, օգտագործել մեր ամբողջ ներուժը: Երևանը միայն քաղաքապետով կամ քաղաքապետարանով չի կարող ղեկավարվել, չեն բավականացնի թե միջոցները, թե հնարավորությունները: Պետք է ներգրավել հայութան ներուժը: Մենք համասփյուռ կուսակցություն ենք, աշխարհի տարբեր անկյուններում ունենք կառույցներ, որոնք մշտական համագործակցության մեջ են իրենց համայնքների, շրջանների ղեկավարների հետ, որոնց ներուժը հնարավոր է ուղղորդել դեպի Երևան: Մենք այդ փորձն ունենք, բազմաթիվ ծրագրեր իրականացրել ենք սահմանամերձ գյուղերում, Արցախում, այժմ ժամանակն է նաև ուղղորդվել դեպի Երևան:

– Ձեր ծրագրում ասվում է համայնքային ոստիկանության ստեղծման անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս է դա իրականացվելու։

-Մեր ծրագրում կա մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու կետ: Դա անհրաժեշտ է, քանի որ այն պետք է զբաղվի համայնքի գույքի պահպանությամբ, մեր քաղաքացիների անվտանգությամբ, պետք է լինի քաղաքացու կողքին գործող ոստիկանություն: Այն պետք է էականորեն տարբերվի այսօրվա ոստիկանական համակարգի գործելաոճից:

-Իրատեսակա՞ն եք համարում Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի, քանի որ այդ տարածքներում կենտրոնացված են օլիգարխների առանձնատները։

-Որտեղ կան առանձնատներ, ետ վերադառնալ, կարծում եմ, հանարավոր չէ: Բայց կան տարածքներ, որտեղ լուրջ աշխատանքների դեպքում, այսինքն՝ առաջին հերթին ժամանակակից ոռոգման համակարգ ստեղծելու, ոչ թե ծաղկապատման, այլ՝ իրական կանաչապատման, ինչպես նաև անտառապատում իրականացնելու դեպքում հնարավոր է սահմանել բնապահպանական գոտի: Երևանի շուրջբոլորը պետք է ստեղծել անտառային շերտ, որպեսզի Երևանը պաշտպանվի նաև փոշուց: Անհրաժեշտ է ճիշտ ընտրել նաև ծառատեսակները, քանի որ Երևանի տեսքն անհրապույր է դառնում ձմռանը, իսկ մշտադալար շատ ծառատեսակներ կապահովեն Երևանի տեսքը։

-Հավատում եք, որ ընտրությունները կանցնեն ազատ ու առանց խախտումների։

-Ուզում եմ հավատալ ու կարծես ունենք դրա խոստումը: Ճիշտ է՝ ընթացքում որոշ խնդիրներ նկատում ենք, բայց դրանք ընտրությունների վերջնական արդյունքի վրա ազդող երևույթներ չեն այս պահին:

-Հետևում եք մյուս ուժերի քարոզարշավներին, ում եք համարում արժանի մրցակից։

-Արժանի մրցակից համարում ենք բոլոր ուժերին, բայց մենք բոլորից տարբերվում ենք:

-Հնարավորության դեպքում ո՞ր ուժի հետ կհամագործակցեք։

-Վաղը դրա մասին կխոսենք:

Տպել Տպել