Պարտավոր ենք Արցախի անվտանգությունը մեր գործելաոճի առանցքը դարձնել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Հարգելի գործընկերներ,

Մեր պատմության ընթացքի ներկա շրջադարձը պիտի ենթադրեր ազգային-քաղաքական մտքի ընդգծված դրսևորում: Եթե հայտարարում ենք նոր Հայաստանի մասին, եթե խոսում ենք համերաշխ հասարակության գոյության մասին, ուրեմն պարտավոր ենք ձգտել ազգային միասնության, որը կարող է միակ երաշխիքը դառնալ քաղաքական ուժերի օգտակար համագործակցության: Այս իմաստով ակնկալելի էր Հայաստանում ձևավորվող ազգային-քաղաքական մտքի ուրվագիծը, որը լիովին կհամադրեր պետական ու ազգային շահերը: Բայց, ոչ, գնալով խորանում է հասարակության տարբեր շերտերի տարանջատումը: Եթե պետական ու ազգային շահի նույնացումը չի դառնում որևէ պետության առաջնային գերխնդիր, հետևաբար այդ երկիրը չի կարող ունենալ ո՛չ տնտեսական առաջընթաց, և ո՛չ էլ սոցիալական արդար միջավայր: Այս համատեքստում պիտի մտահոգություն հայտնել, որ ներկա քաոսային մթնոլորտում կարող է վտանգվել մեր երկրի անվտանգությունը՝ անուղղակի ազդելով Արցախի հարցի շարունակվող գործընթացի վրա: Աստված մի արասցե, որ ներկա հայաստանյան միջավայրի ջրբաժանը անցնի Արցախի հարցի միջով՝ մի կողմում կանգնեն Արցախի հարցը գերխնդիր համարողները, մյուս կողմում՝ նրանք, որոնց համար շարքային հարցերի մեջ է դասվում Արցախը: Արցախը մեզ համար գերխնդիր է և վստահ եմ՝ այսպես են մտածում բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ Արցախով է անցնում ինքնահաստատման մեր ճանապարհը:

Իհարկե, մեր սահմանները միշտ են անհանգիստ եղել: Իհարկե, Արցախը միշտ է վտանգված, քանի դեռ Ադրբեջանը հերքում է պատմական այն պարզ ճշմարտությունը, որ Արցախը ազատագրված տարածք է, ոչ գրավյալ:

Ուրեմն արձանագրենք, որ մենք դեռ շարունակվող պատերազմի մեջ ենք և պարտավոր ենք սահմանը պահող մեր զինվորներին թիկունք լինել: Թույլ չտանք քաղաքական մթնոլորտը որևէ ձևով փոխանցվի սահմանում կանգնած զինվորին՝ նրա մոտ առաջացնելով հոգեբանական երկվություն: Երկիրը վտանգվում է ոչ միայն թշնամու ակնհայտ դրսևորվող ագրեսիայի, այլև ազգային գաղափարախոսության բացակայության պայմաններում: Դարձյալ կրկնեմ, որ բանակի թիկունքը մեր ժողովուրդն է, Հայաստան պետությունը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է:

Մենք պարտավոր ենք Արցախի անվտանգությունը մեր գործելաոճի առանցքը դարձնել, մեր քաղաքական գործընթացների առաջնահերթությունը: Հայաստանի անկախությունն ու Արցախի ինքնիշխանությունը բացարձակ արժեքներն են, որոնք չեն կարող ածանցվել քաղաքական ոչ մի գործընթացի:

Տպել Տպել