Կոչ եմ անում դադարեցնել հակադաշնակցական անպտուղ գործելաոճը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ԱԺ այտարարությունների ժամին ելույթով է հանդես եկել:

Հարգելի խորհրդարան, հարգելի ժողովուրդ

Ուզում եմ անդրադառնալ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության հետ կապված որոշ անձանց կողմից հնչեցրած գնահատականներին: Փորձ է կատարվում Ընտրական օրենսգրքի նախագծի չընդունման պատճառը բարդել քվեարկությանը բացակայող դաշնակցական պատգամավորների վրա՝ որակելով որպես սաբոտաժ: Սիրելի ժողովուրդ, քանի որ փորձ է արվում ապատեղեկատվության միջոցով թյուրիմածության մեջ գցել հանրությանը, այդ իսկ պատճառով ուզում եմ որոշակի պարզաբանումներ մտցնել իմ դիրքորոշման հետ կապված:

Հարգելի գործընկերներ, նախ հիշեցնեմ, որ ես, լինելով Տավուշի մարզից ընտրված պատգամավոր, առաջիններից մեկն էի, ով Դաշնակցության որոշումից առաջ միացավ համաժողովրդական շարժմանը՝ Տավուշի ընտրողների պահանջով, դրա արդյունքում նույնիսկ ես ստացա կուսակցական պատիժ:

Ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որը եթե որոշեր սաբոտաժ անել, ապա խմբակցության բոլոր անդամներն էլ չէին քվեարկի: Իսկ ինչպես գիտեք Դաշնակցությունը կողմ է քվեարկել, իսկ ես իմ անձնական խնդիրների պատճառով չեմ կարողացել միանալ այդ քվեարկությանը, իսկ իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում և չի կարող տարբերվել կուսակցության որոշումից:

Կոչ եմ անում այն անձանց, ովքեր փորձում են էժանագին քայլերով աղավաղել կուսակցության հստակ դիրքորոշումը, դադարեցնել այդ հակադաշնակցական անպտուղ գործելաոճը:

Միշտ հիշեք, որ ստի ոտքը կարճ է:

Տպել Տպել