Հաջորդ տարվա սկիզբը դժվար է լինելու․ տնտեսագետների կանխատեսումները

«Կարծիք կա, որ Հայաստանում գազի գինը ուռճացված է և հնարավոր է այն ավելի ցածր գնով ձեռք բերել: Քանի որ այժմ կառավարության նկատմամբ վստահություն կա, բնական է, որ այդ մասին խոսակցությունները պետք է ակտիվանան և նոր սակագին մշակելու հանրային պահանջ պետք է դրվի: Հայաստանում ամենաթանկ գազն է, սակագինը նվազեցնելու հնարավորություն կա, այդ ամենը պետք է հստակ հաշվարկների վրա հիմնված լինի»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ գազի սպառման համար ռուբլով վճարումը ավելի շահեկան կլինի Հայաստանի համար:

Հարցին, թե տնտեսական աճի նվազման միտումներն ինչով են բացատրվում, Սուրեն Պարսյանը պատասխանեց. «ԱՎԾ-ն հրապարակել է վերջին 9 ամիսների ցուցանիշները, որոնց համաձայն՝ ունենք 6,5 տոկոս աճ, այսինքն՝ 1,2 տոկոսով տնտեսական ակտիվությունը նվազել է օգոստոսի նկատմամբ: Աճի դանդաղման գործոններից է գյուղատնտեսության անկումը, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների՝ շինարարության, էներգետիկայի: Տնտեսական ակտիվության նվազումը կշարունակվի՝ պայմանավորված Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության դադարով»:

Բ. Թունյանը հավելեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է, բայց ավելի մտահոգիչ է ամսական դինամիկան. «Այսինքն՝ երբ համեմատում ենք օգոստոսի ցուցանիշը նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշի հետ կամ սեպտեմբերի ցուցանիշը նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշի հետ: Սեպտեմբերին մեր տնտեսությունը զրոյական աճ է ունեցել: Եթե այս միտումը այս տեմպերով շարունակվի, տարվա վերջում 6 տոկոսից էլ պակաս տնտեսական աճ կարող է գրանցվել»:

Տնտեսագետների կանխատեսմամբ՝ հաջորդ տարվա սկիզբը մեզ համար դժվար է լինելու, ինչն ունի օբյեկտիվ պատճառներ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տպել Տպել