ՀՅԴ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին կգնա առանձին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀՅԴ-ն դաշինքով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Ինչպես գիտեք` տեղի է ունեցել Գերագույն ժողով, որում որոշվել է, որ ՀՅԴ-ն մասնակցելու է այս ընտրություններին: Մենք ունենք մեր ասելիքը, մտահոգությունները: Տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում, և այդ առումով, որպես ընդդիմություն, մասնակցելու ենք ու ներկայացնելու ենք ժողովրդին մեր մոտեցումներն ու ասելիքները: Վստահ եմ, որ, անկախ արդյունքներից, սա լինելու է ուղղորդիչ երկրի համար, սա լինելու է ահազանգ բոլոր նրանց, ովքեր չեն տեսնում վտանգներ, որոնք առաջացել են այս փուլում: Դա լինելու է կոչ բոլորին, որ տեսնեն` ազգային պետական շահերից բխող ուղղությունն ու գործընթացը որն է լինելու, և մենք սա անելու ենք մեր ամբողջ թիմով»,- ասաց նա:

«Մի կողմից հայտարարում են, որ չենք միջամտում դատական գործերին, քննությանը, բայց վարչապետը լավ տեղեկացված էր»,- ասաց Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով հարցին տարօրինակ չէ՞, որ մինչև իրավապահների հայտարարությունը առաջինը վարչապետն է խոսում այդ մասին և սա այն դեպքում, երբ նա հայտարարում էր, թե չի միջամտելու իրավապահների գործին:

«Եթե վերանանք այն բանից, որ այդ հայտարարությունը վարչապետն արեց, ապա պետք է հստակ յուրաքանչյուր պատգամավոր գիտակցի, որ չպետք է պատսպարվի անձեռնմխելիությամբ: Եթե ներկայացվի համապատասխան գործ, ունենանք համոզում, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտել, հիմա էլ չենք խոչընդոտելու, որ քննությունն ամբողջությամբ ընթանա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ նա երկրի վարչապետն է և իրեն զեկուցվում է տիրող իրավիճակը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց.
«Վարչապետն ավելի տեղեկացված պետք է լինի, քան՝ մնացածները, բայց տիրապետել հարցի ամբողջ գործընթացին, սա մի քիչ այլ տեղ է տանում: Նման հայտարարություներից հետո ենթադրելի է, որ ոչ միայն տիրապետում է, այլ նաև դրա մեջ ներգրավված է և սա կարող է այլ հետևությունների տեղիք տալ: Կարիք չկար, որ մինչև հարցի ԱԺ բերելը վարչապետը հայտարարեր: Եթե սա արվեց քաղաքական նպատակներով, ուրեմն լավ չէ: Ես չեմ կարծում, որ նման հայտարարությունները պետք է առաջինը վարչապետն անի»,- Արմեն Ռուստամյանը բացառեց, որ պատգամավորը, որն առաջիկայում կձերբակալվի կաշառքի գործով, Դաշնակցություն խմբակցությունից է:

«Հայտարարում են` չենք միջամտում դատական գործերին, քննությանը, բայց վարչապետը լավ տեղեկացված էր»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` տարօրինակ չէ՞, որ, մինչև իրավապահների հայտարարությունը, առաջինը վարչապետն է խոսում պատգամավորի նկատմամբ քրեական գործի հարուցման մասին, և սա այն դեպքում, երբ նա հայտարարում էր, թե չի միջամտելու իրավապահների գործին:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ բան է անում:

«Եթե մենք մի բան անեինք, այնպես կանեինք, որ դա ակնհայտ լիներ ոչ միայն այդ պատգամավորի, այլև բոլորի համար: Մենք այլ գաղտնի գործընթացներ չենք արել ու չենք անի, մեր քաղաքական ուժի կրեդոն է դա»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ԸՕ բարեփոխումների նախագծի հետ կապված ստորագրահավաքին ՀՅԴ-ի չմիանալու մասին արդեն պարզաբանում արել են: «Չգիտեմ` այդ պատգամավորը գիտի՞, բայց չեմ կարծում, թե դա գաղտնիք էր` ստորագրահավաքից մեկ օր առաջ խոսել եմ փոխվարչապետի հետ, որ եթե մենք միանանք այդ ստորագրահավաքին, ապա մեր առաջարկներից գոնե մեկը պետք է ընդունվի: Մենք չենք միացել որևէ գործընթացի ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի հետ, որտեղ չենք համաձայնեցրել գործընթացը: Մենք միանում ենք այն դեպքում, եթե մասնակից ենք այդ գործընթացին»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ նրանք չպետք է իրենց դիմեին այդ ստորագրահավաքի համար:

Նա նշեց, որ տարօրինակ է թվում սա հրապարակայնացնելը` ցույց տալու համար, թե «կողմ ըլլալով` դեմ են»: «Հեշտ է ուրիշներին մեղադրելը: Մենք կողմ ենք քվեարկելու ԸՕ-ին, որովհետև հստակ հայտարարել ենք` գործողի հետ համեմատած` սա քայլ առաջ է, սակայն մեզ համար անհասկանալի է, որ այստեղ մեր առաջարկներն ընդունվել են, բոլոր 4 ուժերը համաձայնել են, բայց դրանք ուղղակի անտեսվեցին»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանն համարում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան կարևոր է ու հեռուն գնացող նպատակներ ունի:

Անդրադառնալով` Բոլթոնի հայտարարության-առաջարկին, որ ԱՄՆ զենքն ավելի լավն է, և ճիշտ կլինի, որ Հայաստանը սկսի դիտարկել ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը, պատգամավորը նշեց, որ իրենք միշտ հայտարարել են, թե Հայաստանի համար ճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ այն հասկանալի լինի բոլորի, հատկապես, գերտերությունների համար:

«Հստակ լինի, որ Հայաստանը նույն դեմքով և նույն տեսակետով է հանդես գալիս, թե Ռուսաստանում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում: Այս օրերի համար է հենց դա ակտուալ դառնում: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ մեր հարաբերությունները դեմ չեն որևէ մեկին, դրանք մեր կենսական շահերից են բխում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է զենքին, Ռուստամյանը նշեց, որ բազմիցս ասել է՝ միջնորդ կողմերը կամ պետք է ընդհանրապես զենք չտրամադրեն որևէ մեկին, կամ տրամադրեն այնպես որ բալանսը չխախտվի:

«Չեն կարող Ադրբեջանին շատ ավելի զինատեսակներ տրամադրել որ Հայաստանը հետ ընկնի պրոցեսից, սա ինքնին կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք կայուն իրավիճակ ունենանք: Հենց հավասարակշռությունը խախտվում է այդտեղ էլ սկսում են ագրեսիաները: Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից, եթե Բոլթոնը նկատի ունի, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար նաև Հայաստանը ունենա այլ զինատեսակներ, դա կարելի է ողջունելի լինել մեզ համար, որ մենք էլ ունենանք Ադրբեջանին չզիջող զինատեսակի ծավալ»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ իրենց համար այն է մտահոգող, որ այդ այցի ընթացքում Բաքվում խնդիր են բարձրացրել, որ արգելվի Հայ դատի գրասենյակնների կողմից մշակած 907-րդ բանաձևը:

«Այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին զենք տրամադրել, քանի որ ապացուցվել է, որ Ադրբեջանն է հենց ագրեսոր: Այդ բանաձևով կա աջակցություն Արցախին: Այդ բանաձևի վերանայումը վտանգավոր կլինի»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում է՝ ՌԴ-ի հետ ՀՀ ռազմավարական հարաբերություններն այսօր այլընտրանք չունեն։

«Այդ ռազմավարական գործընկերության նշանակությունը չհասկանալը ցանկացած իշխանության, եթե չասեմ մեր երկրի անվտանգության համար է վտանգավոր»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ում ՌԴ ազդեցության թուլացման անհրաժեշտության մասին հայտարարությանը։

Նա ընդգծեց, որ ՌԴ դերը Հայաստանում չի նվազել, ինչը շատ լավ հասկանում է նաև Բոլթոնը։
«Նա հասկանում է, որ ՀՀ-ՌԴ միջև այնպիսի կապեր կան, որ այդ հարաբերությունները չեն կարող փոխվել։ Կենսական հարաբերություններից բխող հարցեր կան, որոնցում ՌԴ-ն անփոխարինելի է», – ասաց նա։

Տպել Տպել