Ավստրալիան Արցախի հակամարտության հարցում կողմերից ոչ մեկին չի սատարում. ԱԳՆ

Ավստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը հավաստիացրել է, որ Ավստրալիան Արցախյան հակամարտությունում կողմերից ոչ մեկին չի պաշտպանում:

Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Ավստրալիայի Սենատի 2018-19-ի բյուջեի նախահաշվարկների նիստում նախկին սենատոր Լի Ռիանոնը մտահոգություն էր հայտնել այն մասին, որ Ավստրալիան կարող է Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների շուրջ հակամարտությունում Արդրբեջանի կողմից լինել: Նրա մտահոգության համար հիմք են հանդիսացել Ավստրալիայի կառավարության կողմից պարբերաբար արած հայտարարությունները, որոնցում առանձնացվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող խաղաղ բանակցությունները հիմնված են 3 հավասարազոր սկզբունքի` ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության վրա:

«Մեր կառավարության հեռահար քաղաքականությունը ենթադրում է աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Ավստրալիան չի ճանաչում Արցախը որպես անկախ պետություն, քանի որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ չենք ցանկանում միջամտել հակամարտությանը», – հայտարարել էր Ավստրալիայի արտգործնախարարությունը, ինչի առիթով էլ սենատոր Լին ասել է. «Ինչպե՞ս կարող է Ավստրալիան ճանաչել Ադրբեջանի տարածքայն ամբողջականությունը առանց հաշվի առնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու` ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման հիմնական սկզբունքները»:

Տվյալ հարցադրմանը արտգործնախարարությունը պատասխանել է, որ ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` «վերոնշյալ երեք սկզբունքների հիման վրա Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ավստրալիան հակամարտության կողմերից եւ ոչ մեկին չի սատարում»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը ապա փորձել է պարզել տվյալ հարցում Ավստրալիայի պաշտոնական դիրքորոշումը` հաշվի առնելով նաեւ Ավստրալիայի Միջազգային զարգացման խաղաղօվկիանոսյան նախարար Կոնսետա Ֆիերավանտի-Վելսի` Բաքվում արված հայտարարությունն այն մասին, որ Ավստրալիան լիարժեքորեն ճանաչում է Ադրբեջանի ինքնավարությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ Արցախյան հակամարտությունում աջակցում է ադրբեջանական կողմին:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանի խոսքով` «Ավստրալիայի անկողմնակալության մասին պարզաբանումը կարեւոր առաջընթաց է արձանագրում հակամարտության հարցում Ավստրալիայի կառավարության դիրքորոշման մեջ: Երեք սկզբունքները հավասարազոր ճանաչելով` Ավստրալիայի արտգործնախարարությունը միանգամայն ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը տվյալ հակամարտության կարգավորման գործում»: Նա նաեւ ասել է, որ նման հայտարարությամբ չեղարկվում են Ավստրալիայի կողմնակալության մասին հնչած նախկին հայտարարությունները:

«Արցախի հանրապետության շուրջ բուֆերային գոտուն վերադառնալու մասին առաջարկը միանգամայն անընդունելի է, քանի որ այդպիսով Ադրբեջանին բաց հրավեր կտրվի Արցախի հայ բնակչության հանդեպ զինված հարձակումներ եւ էթնիկ զտումներ իրականացնելու համար», – հավելել է Կայսերյանը:

Ավստրալիայում Արցախի ճանաչման հարցում կարեւոր ձեռքբերումներից է նաեւ այն, որ բարձրաձայնվում է Երեւանում եւ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենյակների փակման շուրջ Ադրբեջանի ջանքերի մասին: Ռիանոնի մեկնաբանությունների վերաբերյալ խոսելիս` Ավստրալիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ տեղյակ է այդ ամենի մասին, ինչպես նաեւ Հայաստանի հավատարիմ նվիրվածությանը Մինսկի Խմբի գործունեությանը:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի կարծիքով` այստեղից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի հիմքերը թուլանում են, եւ բացահայտվում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում նրա ապակառուցողական գործողությունները:

Կայսերյանը հայտնել է, որ նախկին սենատորի հետ հարցազրույցում հնարավոր է դարձել արձանագրել Ավստրալիայի կառավարության պաշտոնական դիքորոշման հետեւյալ կարեւոր կետերը.

1)ԵԱՀԿ Միսնկի խմբի եւ խաղաղ բանակցությունների 3 հիմնական սկզբունքների ճանաչում,
2)Անկողմնակալություն,
3)Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունների ճանաչում:

artsakhpress.am

Տպել Տպել