Գործող օրենսգրքով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է. ցայտնոտային իրավիճակ կստեղծվեր

Արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա դեկտեմբերին: Հիշեցնենք, որ հենց այս ընտրությունների համար էր ստեղծվել կառավարությանը կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողով, որը ընտրական օրենգրքում պետք է բարեփոխումներ եւ լրացումներ իրականացներ: Սակայն տվյալ նախագիծը երկու անգամ էլ տապալվեց այն ժամանակ գործող, իսկ այժմ արդեն արձակված խորհրդարանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի, ինչպես նաեւ ընտրություններում Դաշնակցության շանսերի մասին խոսել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

-Պարո՛ն Համբարձումյան, ինչպես հայտնի է, «Դաշնակցությունը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին: Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը:

-Այո, ինչպես միշտ, առանձին ենք մասնակցելու: Չեմ ուզում կանխագուշակումներ անել: Որպես քաղաքական ուժ պարտավոր ենք մասնակցել այս ընտրություններին, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ նաեւ ընտրարշավի ժամանակ պարտավորվածություն ունի հանրությանը, ժողովրդին ներկայացնել իր մոտեցումներն ու տեսլականը: Ինչպես որ կքվեարկի ընտրողը, ըստ այդմ էլ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն կամ չեն լինի:

-«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց: Օրինակ, ուժեր կան, որոնք, խոսելով այս մասին, ասացին՝ գուցե իրենք հիմա ավելի շահեկան վիճակում են, քանի որ ռեյտինգայինը մնաց: Դաշնակցության մասով ի՞նչ կասեք:

-Ես ձեռնպահ կմնամ այդ առումով դրական կամ բացասական գնահատումներից, որովհետեւ թե՛ անցնելու, թե՛ չանցնելու պարագան ունեն որոշակի դրական եւ բացասական կողմեր: Այսինքն՝ շնորհակալ գործ չէ այդ մասով գնահատում անելը: Անշուշտ, փոփոխությունների պարագայում կային բավականին դրական մոտեցումներ: Թեեւ մեր ներկայացված առաջարկները ներառված չէին, այնուամենայնիվ այդ օրենսգիրքը քայլ առաջ էր: Նկատի ունենալով ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու փաստը եւ այս կարճ ժամանակահատվածը՝ գործող օրենսգրքով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է: Ըստ էության, ժամանակ չկար նորին ադապտացվելու, եւ կարող էր ցայտնոտային իրավիճակ ստեղծվել:

-Ասացիք՝ ցայտնոտային իրավիճակ կստեղծվեր: Ի՞նչ նկատի ունեք:

-Օրենսգրքում փոփոխությունները ենթադրում են նաեւ նորմատիվ կարգավորումներ ԿԸՀ-ի կողմից, հանձնաժողովի անդամների համապատասխան վերապատրաստումներ, որպեսզի լավատեղյակ լինեն կատարված փոփոխություններին: Կուսակցությունների մասով՝ ցանկերը կազմելու հետ կապված խնդիրներ, որովհետեւ ռեյտինգայինի պարագայում այլ տրամաբանություն է, համամասնականի պարագայում՝ այլ: Այս բոլորը խնդիրներ են առաջացնում: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար հեշտ կլիներ ադապտացվել նոր իրավակարգավորումներին: Չեք կարող մատնացույց անել որեւէ երկրի փորձ, որտեղ ընտրական օրենսդրության մեջ կատարվեն փոփոխություններ եւ դրանից անմիջապես հետո տեղի ունենան ընտրություններ: Սա ճիշտ պրակտիկա չէ եւ չի ողջունվում: Դրանով է պայմանավորված, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները այս հարցում: Դրանք իրական կյանքից բխած սկզբունքային դիրքորոշումներ են:

-Հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ շատ են շրջանառվում կարծիքներ այն մասին, որ ԱԺ-ում ներկայացված կլինեն հենց այն ուժերը, որոնք կան խորհրդարանում: Ինչպես գիտենք, «Դաշնակցությունը» ավագանու կազմում չկա: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, գոնե անցած փորձառությունը այլ բան է հուշում: Համապետական ընտրությունների արդյունքների մասին խոսելիս պետք չէ հիմք ընդունել Երեւանի, Գյումրիի կամ մեկ այլ քաղաքի ընտրությունների արդյունքները: Մենք ունեցել ենք այդ համապատասխան փորձառությունը: Եղել է, որ Գյումրիում գրանցել ենք վատ արդյունք, բայց շատ կարճ ժամանակ հետո՝ համապետականի ժամանակ, ունեցել ենք բավականին լավ արդյունք: Նույնը վերաբերում է Երեւանին: Կարծում եմ՝ դրանից պետք չէ հետեւություններ անել առաջիկայում տեղի ունեցող համապետական ընտրությունների առումով:

-Այս ընտրությունների մասին խոսելիս հասարակության զգալի մասը եւ քաղաքական գրեթե բոլոր ուժերը բացառում են ֆինանսական լծակների օգտագործումը: Ի՞նչ կասեք այս մասին: Ֆինանսական միջոցների բացառումը էական բան կփոխի՞:

-Մենք մշտապես այդ մոտեցմանը հավատարիմ ենք եղել, որ ֆինանսական լծակներ չպետք է օգտագործվեն: Ակնայտ է, որ դա նախկինում ազդեցություն ունեցել է: Հետեւաբար եթե այս անգամ բացառվի, եւս մեծ ազդեցություն կունենա:

-ՀՀԿ-ի մասնակցությունը կարո՞ղ է ինչ-որ խաղաքարտեր փոխել ընտրությունների ընթացքի հետ կապված:

-Ցանկացած քիչ թե շատ դերակատարում ունեցող քաղաքական ուժի մասնակցության կամ չմասնակցության պարագան որոշակի ազեցություն կարող է ունենալ: Թե ինչ չափով, դա արդեն գնահատման խնդիր է:

Լուսինե Մինասյան

Տպել Տպել