«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

օգնիր «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50 ընտանիքի:

Ընտանիքները, որոնց կտրամադրվի օգնությունն, արդեն ցուցակագրված են: «Պարենամթերքը բաղկացած է ամենատարբեր մթերքներից՝ ոլոռ, լոբի, բուսական յուղ, երշիկ, կարագ, շաքարավազ, ջեմ, բրինձ»,- թվարկեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ ամեն ընտանիքի համար պատրաստվել են առանձին ծանրոցներ:

Անդրադառնալով Սիրիա դեղորայք ուղարկելու հարցին՝ նա հայտնեց, որ Սիրիա օգնություն հասցնելը շարունակում է խնդիր մնալ՝ ելնելով այն հանգամանքից, որ դեպի Հալեպ չվերթները դադարեցված են:

«Պայմանավորվածություն ունենք «Սիրիական ավիաուղիների» հետ և առաջին իսկ հնարավորության դեպքում դեղորայքը կուղարկենք»,- ասաց նախաձեռնության համակարգողը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն այսուհետ կփորձի Սիրիայում ապրող հայերին աջակցել նաեւ գումարով:

Տպել Տպել