Օբաման չի արձագանքի ադրբեջանական հանրագրերին. Սպիտակ տունն էլ ազերիներին ասել է՝ ԼՂ հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ

օբամա ԱՄՆ Սպիտակ տունն ադրբեջանցիներին հերթական անգամ ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ:

Ինչպես հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ արձագանքելով Սպիտակ տան կայքում զետեղված ադրբեջանական հանրագրերին:

Հիշեցնենք, որ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տան կայքում (We the People- «Մենք` ժողովուրդը» բաժնում) զետեղվել էր ադրբեջանամետ երկու հանրագիր: Դրանցից մեկով պաշտոնական Վաշինգտոնին կոչ էր արվում ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը՝ նշելով, թե այդ հակամարտության ժամանակ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:

Երկրորդ հանրագիրը վերաբերում էր 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած դեպքերին՝ Վաշինգտոնին կոչ անելով հարգել «Խոջալուի սպանդին զոհ դարձած ադրբեջանցիների հիշատակը և ճանաչել այն որպես ցեղասպանություն»:

Երկու հանրագրերն էլ հավաքել էին 100 հազ. ավելի ստորագրություն: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Սպիտակ տունը, որոշ դեպքերում նաև ԱՄՆ նախագահը 100 հազարից ավելի ստորագրություն հավաքած հանրագրերի առնչությամբ հայտարարությամբ են հանդես գալիս և իրենց տեսակետը հայտնում:

Ադրբեջանական հանրագրերի առնչությամբ Սպիտակ տան տարածած հայտարարությունում, նշվում է, որ նախագահ Բարաք Օբաման դրանց առնչությամբ հայտարարությամբ հանդես չի գալու: Ընդ որում՝ Սպիտակ տունը երկու հանրագրերին պատասխանել է մեկ տեքստով, որը ստրև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր տեսակետներին Սպիտակ տանը հաղորդակից դարձնելու համար: Նախագահն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես չի գա, մենք սակայն, ցանկանում ենք նշել, որ Միացյալ Նահանգները խորը ցավ է ապրում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ գրանցված մարդկային ողբերգական կորուստների համար: Այդ կորուստներւը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Հակամարտության միմիայն վերջնական և խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, առաջընթաց և հաշտություն հաստատել տարածաշրջանում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ ուղղությամբ կողմերի հետ աշխատելու գաղափարին»:

Տպել Տպել