Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ճիշտ կլինի, որ ԱԳՆ-ն հրապարակի վերջին օրերի բոլոր հայտարարությունները, նամակները, հանդիպումների արձանագրությունները` անուններով` տեսնելու համար կատարվածի ամբողջ պատկերը: “Այստեղ պետական գաղտնիք չկա”,- նշեց նա եւ առաջարկեց նաեւ հրապարակել, թե սեպտեմբերի 2-ին ինչ է խոսել ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Աղվան Վարդանյանին զարմացրել են ԱԺ-ում ԱԳ նախարարի ելույթի մի քանի ձեւակերպումները, թե միջազգային հանրությունը գործարքից ցնցված է, միջազգային հանրությունը միահամուռ բացասական գնահատականներ է տալիս, եւ որ չպետք է թույլ տա:
ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց, որ հետեւելով բոլոր հայտարարություններին, սակայն, իրենք նման տպավորության չեն եկել, որ միջազգային հանրությունը ցնցված է, բացասական գնահատական է տալիս Ադրբեջանին եւ գտնում է, որ մենք ճիշտ ենք: “Հակառակը, միջազգային հանրության գնահատականները հավասարակշռող, երկուսին նույն հարթության վրա դնող գնահատականներ են: Եվ եթե ԱԳ նախարարը հայտարարում է, որ միջազգային հանրությունը ցնցված է, ես վախենում եմ, որ մենք նորից իլյուզիաների մեջ ենք, նորից ապավինում ենք միջազգային հանրության` չգիտեմ ինչ վերաբերմունքին”,- նշեց դաշնակցական պատգամավորը եւ վստահեցրեց, որ եթե մենք այսպես ենք ընկալում իրականությունը, շատ շուտով հակառակն ենք ստանալու”:

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է հայտարարության տեքստում ավելացնել մեկ կետ` միջազգային չափանիշներով աննախադեպ այս գործարքի վերաբերյալ համարժեք արձագանքների եւ գործողությունների բացակայությունը ՀՀ ԱԺ-ն գնահատելու է իբրեւ սպառնալիք ՀՀ անվտանգությանը եւ հարկադրված նախաձեռնելու է ԼՂՀ միջազգային ճանաչման, նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործընթաց:
“Մեր առաջարկածը Ադրբեջանի արածի մեկ տոկոսն էլ չի, մենք ԱԺ ենք, պետք չէ վախկոտ լինել”,- հայտարարեց Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ այս առաջարկը Ադրբեջանի արածի դեմ պարզապես երեխայություն է:

Նա նշեց, որ, այդուհանդերձ, իրենք կողմ են քվեարկելու հայտարարության տեքստին՝ ելնելով պետության շահերից:

ՀՀ Ազգային ժողովում՝ հանցագործ ադրբեջանցու փոխանցման վերաբերյալ քննարկման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը։

Տպել Տպել