
Եթէ փորձենք նկարագրել այսօրուայ Հայաստանեան մամուլը զարմանալիօրէն կը յայտնաբերենք, որ այնտեղ չկայ այն, ինչ հանդիսանում է մամուլի ուղեծիրը՝ գաղափարախօսութիւն, որեւէ հոսանքի հետեւորդ կամ այն, ինչին կոչուած է, ժամանակակից ձեւակերպմամբ՝ չորրորդ իշխանութիւն:
Վերջին խորհրդարանական ընտրութիւններին չորրորդ իշխանութեան ներկայացուցիչների մի ներկայանալի բանակ իշխանական իր լծակների շառաւիղները փոփոխելու հայտ ներկայացրեց՝ ցանկութիւն յայտնելով յայտնուել օրէնսդիր մարմնում: Իշխանական լծակների շառաւիղի ընդլայնումը արդեօ՞ք համարժէքօրէն ամբիոնի շառաւիղն էլ է մեծացնում. պատասխան գտնելը դժուար չէ: Սակայն այստեղ մի հարց է յուզում. ակներեւ է, որ ցանկանալը բաւարար միջոց չէ պատգամաւորական յաւակնութիւնը իրականացնելու համար եւ նոյնքան էլ ակնյայտ է, որ իւրաքանչիւր յաւակնորդի ետեւում կանգնած է իր թելադրանքով եւ պայմաններով հովանաւոր: Այստեղ յուզում է այն, որ ընթերցողը ի՞նչ վստահութեամբ պէտք է վերաբերուի հէնց նոյն այդ թերթին, որի էջերից պատգամաւորական աթոռ ցատկեց իր թղթակիցը: Ինչպէս կարող է լրագրողը անկախ յորջոջուող թերթի խմաբրակազմից սահուն յայտնուել մի մեծ պատգամաւորական խմբակցութիւնում, որտեղ ներկուսակցական խաղերի եւ դժուար մարցակցութեան արդիւնքում նոյնիսկ կուսակցութիւնը հիմնադրած անձը լուսանցքում է յայտւում: Հայրենի թերթերում մշտապէս հանդիպող «ըստ մեր աղբիւրների» արտայայտութիւնը աւելի քան ծիծաղ է առաջացնում, այնպիսի տպաւորութիւն է, կարծես թէ լրագրողական դեսանտներ են իջել ամենուրեք, անշուշտ դեսանտական այդպիսի մեծ ցանց ունենալը իշխանութեան բնութագրիչ է, սակայն լրջօրէն հայեացք նետելով, ակնյայտ է դառնում, որ իրար մէջ մրցող ներկուսակցական, ներիշխանական թեւերն իրենց դեսանտներն ունեն թերթերում, իսկ այն իր գոյութիւնը պահելու համար կերակրւում է առանց սկզբունքի կամ էլ եօթ մօրից կաթ խմելու սկզբունքով… Ցաւոք մեր մամուլում այսօր բացի ՀՀ կառավարութեան պաշտօնաթերթից, գրեթէ չես հանդիպի որեւէ հոսանքի, գաղափարախօսութեան կամ աւելի պարզ կուսակցութեան պաշտօնաթերթի, իսկ այդ կարգավիճակն աւելի ազատ ասպարէզ է պարզում, քանի որ յստակ հռչակուած է թերթի գաղափարական մօտեցումները եւ քաղաքական դիրքորոշումները,մէկ այլ առումով՝ ֆինանսական աղբիւրները, իսկ ով վճարում է, նա էլ պատուիրում է երաժշտութիւն: Այս ամէնն էլ տրանսֆորմացիայի է ենթարկում նաեւ լրագրողի կոչումը նախ հէնց իր իսկ պատկերացումներում եւ իր առաքելութեան սահմանման մէջ: Լրագրողի մօտ իսպառ բացակայում է պրպտողի, հետաքննողի, անգամ հարցադրողի յատկանիշները:
Նրանց գործառոյթը կարծես իրականանում է ձայնագրիչի կոճակը սեղմելով եւ անջատելով, ձայնագրածն առանց ընկալման սղագրման եւ համառոտակի ներկայացման մէջ: Չկան հարցադրումներ, եթէ այդպիսիք էլ կան, ապա հարցազրոյցը կարդալով անկերեւ է հարցերի պատւիրուածութիւնը, քանի որ պատասխանին երբեք չի յաջորդում պատասխանից բխող նախապէս հնչեցրած հարցի հետապնդման ելեւէջը: Մամուլը կարելի է բնութագրել տեղական-ասեկոսային, որտեղ դժուարութեամբ կարող ես գտնել համաշխարհային, տարածաշրջանային լուրեր, կարծես մենք գտնւում ենք աշխարհագրօրէն այնպիսի մի երանելի կէտում, որին չեն սպառնում արտաքին միջամտութիւններ, հարեւան երկրներում զարգացող իրադարձութիւնները կամ հէնց այդ երկրներին սպառնոցող վտանգները: Ցաւալիօրէն անկախ Հայաստանի մամուլի էջերից իսպառ բացակայում են իր բնակչութեան թիւը գերազանցող Սփիւռքի լուրերը, չափազանց հազուադէպ են հայկական երկրորդ հանրապետութեան՝ Արցախի լուրերը: Այսօր գոյութեան մարտահրաւէր դիմագրաւող սիրիահայութեան կեանքի եւ խնդիրների անդրադարձ չես գտնի հայրենի մամուլում. ճշմարտութեան առջեւ չմեղանչելու համար տեղին է նշել «Ազգ» օրաթերթը, ուր կարելի է գտնել նաեւ սփիւռքեան անդրադարձեր, մշակութային յաւելուածներ:
Ընդհանրապէս աշխարհից հեզասահ կարելի է կղզիացուել՝ տատանուելով հայկական ռատիոլաիքներով, որսալով բացառապէս շոու-ծրագրերի ու շոու-աստղերի աղաղակներն ու ճիչերը:Սակայն որոշ առաջընթաց արձանագրուեց վերջին խորհրդարանական ընտրութիւններում 2007ի համեմատութեամբ, երբ ռատիոընկերութիւնները, բացառութեամբ Հանրային ռատիոյից, չէին մասնակցում նախընտարական քարոզարշաւին, այն էլ այն պարագայում, երբ ընտրութիւնները ԶԼՄ-ի համար յաւելեալ եւ զգալի նիւթական միջոցներ ձեռք բերելու հրաշալի առիթ են ընձեռում: Հայրենաբնակներն իրենց ինֆորմացիոն քաղցը յագեցնում են՝ ունկնդրելով «Ազատութիւն» ռադիոկայանը, որին ներկայացնելու անհրաժեշտութիւն չկայ:
«Հեռուստաեթերային աղբի» մասին բարձրաձայնւում է անդադար, նոյնիսկ մամուլով, նոյնիսկ ինֆորմացիոն օրակարգ ձեւաւորող մամուլի ակումբներում: Յետընտրական այս օրերին հետեւելով հայրենի հեռուսատեթերին՝ ցանկացած ոք, անգամ օտարերկրացի, շատ յստակ պատկերացում կը կազմի հեռուստաընկերութիւնների մէկ ձեռագրով ղեկավարուող պատկերին, որի լրատուական թողարկումներում ոչ միայն արձագանգ, այլ նաեւ յիշատակում չկայ բազմահազար հանրահաւաքների եւ մեր պետութեան նորօրեայ էջերից: 2008ի նախագահական քարոզարշաւի ժամանակ կիրառելով «Ջայլամի քաղաքականութեան» այս մեթոտը՝ իշխանամետ հետուստաընկերութիւնները, անկախ իրենց կամքից, իրականութիւնը տեսնելու մղումով ժողովրդի մի զգալի մասի փողոց հանեց: Հեռուստաընկերութիւնները, գրեթէ ամբողջութեամբ, ընդգրկուած են միեւնոյն PanArmenia հոլդինգում , որն իր մէջ ներառել է ռատիոկայանները եւ որը նոյնիսկ օրէցօր արտադրում է տարբեր անուանումներով եւ անգամ «քաղաքական շեշտադրումներով» էլեկտորնային կայքեր: Նրանց է պատկանում նաեւ ռետինգային սանդղակները հրապարակող ընկերութիւնները: Հոլդինգն իրականացանում է եթերային գովազդների քաղաքականութիւնը՝ սահմանելով իր խաղի կանոնները, այդպիսով հոլդինգից դուրս գտնուող հեռուստաընկերութիւններին զրկելով պոտենցիալ գովազդատուներից: Առարկայօրէն. գովազդը հեռարձակւում է հոլդինգում ընգրկուած հեռուստաընկերութիւններով սահմանուած գնի շրջանակներում, իսկ եթէ գովազդը հեռարձակւում է նաեւ հոլդինգի սահմաններից դուրս, ապա սահմանուած գինը կրկնապատկւում է: Իսկ հոլդինգի կայսրութիւնից դուրս գործում են «Երկիր մետիա», «Ար», «Կենտրոն», «Հ2» եւ «Շանթ» հեռուստաընկերութիւնները: Ի դէպ «Շանթից» յամառօրէն հերքում են այն լուրերը, թէ ընկերութեան բաժնետոմսերը վաճառուել են նաեւ հոլդինգին: «Ար», «Կենտրոն», «Հ2» հեռուստաընկերութիւնները պատկանում են խոշոր գործարարներ Հրանդ Վարդանեանին, Գագիկ Ծառուկեանին եւ Սամվէլ Մայրապետեանին: Այս պատկերում աւելին, քան յստակ է «Երկիր Մետիայի» տեղն ու դերակատարութիւնը: Մնում է արձանագրել, որ հոլդինգը ղեկավարւում է հայրենի իշխանութիւնում սահմանուած «փեսա» նոր պաշտօնը օրինականօրէն զբաղեցրած Միքայէլ Մինասեանը:
Մ. Մ.
Երեւան
«ԱԶԱՏ ՕՐ», 7 Մարտ 2013







