ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ադրբեջանցի պատգամավորի` Կալիֆորնիայում ունեցած ելույթը մերկացնող տեսանյութ է տարածել

logo-AMN
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ադրբեջանցի պատգամավորի` Կալիֆորնիայի Սենատում ունեցած ելույթը մերկացնող տեսանյութ է տարածել: «Ամերիկացիները` Ալիևին. բռնությունը Միացյալ Նահանգների արժեքներից չէ» խորագրով տեսանյութում մեջբերված է պատգամավորի խոսքից մեկ հատված, որտեղ խոսում է իբր ԱՄՆ-ի հետ միացյալ արժեքներ դավանող Ադրբեջանի մասին: Երեսուն վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրված են Բաքվում ու այլ քաղաքներում քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների բռնի վերաբերմունքի մասին վկայող կադրեր: «Բռնությունը Միացյալ Նահանգների արժեքներից չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսանյութում մի քանի անգամ շեշտվել է միտքը:

Ի դեպ, Սեյիդովն իր խոսքում անթույլատրելի ու իր երկրի դեմքն իրականում ցույց տվող վրիպում է թույլ տվել: Նա նշել է, թե Ադրբեջանում պայքարում են ժողովրդավարության դեմ: «Ադրբեջանը հեռու է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, սակայն մենք շատ մոտ ենք իրար` քանզի կիսում են նույն արժեքները` հանդուրժողականություն, աշխարհիկություն, պայքարում ընդդեմ ֆունդամենտալիզմի, ժողովրդավարության…»:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ջանքերով մարտի 11-ին Կալիֆորնիայի հայությունը բողոքի ցույցեր է անցկացրել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության և պետական ​​նավթային ընկերության` (SOCAR) Կալիֆորնիայի Սենատ կատարած պաշտոնական այցի դեմ` պահանջելով վերջ տալ Ադրբեջանի հակահայկական ագրեսիային: Միացյալ Նահանգների Բեյ շրջանի սենատոր Լելանդ Յիին ադրբեջանական պատվիրակության այցի պատվին կազմակերպված կարճ արարողության ժամանակ որպես բողոքի նշան պարբերաբար լքել է Սենատի հարկը:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել