ԱՄՆ-ում նշել են Արցախյան շարժման 25-ամյակը

ANcA Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ռեկորդային թվով ԱՄՆ կոնգրեսականներ են միացել ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի անդամներին և Հայ դատի Հանձնախմբին` միասին տոնելու Արցախի դեմոկրատական-ազատագրական շարժման 25-ամյակը:

ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառմանը մասնակցել են կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Գրիմը եւ այլք, ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի նորընտրիր համանախագահ Մայքլ Գրիմն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի անկախությանն ուղղված միջազգային աջակցության ընդլայնման անհրաժեշտությանը: «Ապագա հակամարտությունից խուսափելու համար Լեռնային Ղարաբաղի անկախության ձգտումը պետք է հաշվի առնվի հակամարտության մշտական կարգավորման ժամանակ: Ես հավատում եմ, որ միջազգային հանրությունն արդեն հասկացել է, որ դա է խնդրի կարգավորման միակ իրատեսական լուծումը»,- նշել է նա:

«Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է և պե´տք է ճանաչվի այդպիսին: ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության ցանկացած վերջնական բանակցություն պարտավոր է ապահովել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` մնալու անկախ պետություն կամ միանալու Հայաստանի Հանրապետությանը, եթե այն այդպիսի ցանկություն հայտի»,- նշել է Ֆրենկ Փալոնը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ներկայացուցիչ Շիֆը իրենց ելույթում անդրադարձել և դատապարտել են Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներմանը և հերոսացմանը:

«Սաֆարովի դեպքը վկայությունն է ժամանակակից Ադրբեջանում սերմանվող հակահայկական ատելության: Արդարացում չունեցող նման սարսափելի արարքը միայն ապացուցում է հայերի անհանգստություններն այն մասին, որ արցախահայության պարտադրված ենթարկումը արդբեջանական կառավարությանը կավարտվի արյունահեղությամբ: Կասեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը` ԱՄՆ-ը իր նողկանքը կարտահայտի Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ և կհիշեցնի Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ագրեսիվ գործողություններ ընդդեմ Հայաստանի կամ Արցախի», – հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Մենք հավատում ենք, որ եկել է խաղաղության ժամանակը: Խաղաղություն հնարավոր է հաստատել, եթե երկու կողմերը անկեղծորեն ձգտեն դրան»- հայտարարել է Էդ Ռոյսը:

«Ղարաբաղյան շարժումը իր բնույթով ամբողջովին ազատագրական էր: Ազատությունն է եղել այն անկյունաքարը, որ պայմանավորել է հանրապետության նշանակալից զարգացումը վերջին քառորդ դարի ընթացքում, այն բանալին, որով երկիրը փորձում է խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով կարգավորել հակամարտության հիմնահարցը և վերջ տալ ադրբեջանական ագրեսիային», – ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը իր ելույթում ընդգծել է, որ հակահայկական ատելություն սերմանելով և իր ագրեսիվ գործողությունների միջոցով Ադրբեջանը ձգտում է երկրի ներսում և միջազգային հարթակում բարոյական հիմք ստեղծել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար:

Արցախի դեմոկրատական-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված միջոցառմանը հայկական կողմը ներկայացրել են ԱՄՆ –ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգթոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի կազմակերպած միջոցառման ժամանակ ելույթով են հանդես եկել նաև ԼՂՀ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինին, Աննա Էշուն և Ջեքի Սփայերը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ կոնգրեսականներ Ջեյմս Կոստան, Ջուդի Չուն, Դեյվին Նյունսը, Դեյվիդ Վալադաոն, այլք:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել