Հայոց ցեղասպանության հարցում Հռոմի Պապի քաղաքականությունը կախված կլինի հայկական դիվանագիտությունից

Պապ Առաջին անգամ Հռոմի Պապ է դարձել Լատինական Ամերիկայի ներկայացուցչը, ինչը նշանակում է, որ Վատիկանը, ըստ ամենայնի, իր արտաքին քաղաքկանության մեջ նոր գիծ է մշակում, թեեւ Վատիկանի համար գլխավորը Կաթոլիկ եկեղեցու ներքին խնդիրներն են մնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

«Միջազգային ասպարեզում մենք կարող ենք Լատինական Ամերիկայի նշանակության մեծացում նկատել, որտեղ բնակվում են ամենաշատ կաթոլիկները: Սակայն մյուս հարցերը, մասնավորապես, քրիստոնյաների խնդիրները Մերձավոր Արեւելքում, առաջնային կդառանա Վատիկանի դիվանագիտության մեջ»,-նշեց նա:

Նրա խոսքով` Բերգոլիո կարդինալը ոչ միայն պահպանողական հայացքներ ունի մի շարք հարցերի վերաբերյալ` օրինակ, նույնասեռ ամուսնությունների, այլեւ զբաղվում է նաեւ մի շարք այլ` աղքատության հաղթահարման, ստրկական աշխատանքի դեմ պայքարի եւ այլ խնդիրներով:

«Նա հայտնի է նաեւ որպես սկզբունքային մարդ, այսինքն, նա սովորաբար բանակցություններ չի անցկացնում եւ չի խուսափում հանուն շահերի պաշտպանության քաղաքավարի, բայց հաստատուն առճակատումից: Ես չեմ կարծում, որ նա կարող է ետ կանգնել իր պահանջից, որը Հայոց ցեղասպանության ճանչման հարցում ներկայացրել էր Թուրքիային»,-ընդգծեց Տեր-Ղուկասյանը:

Այդուհանդերձ, նրա կարծիքով, այդ հարցը նոր Պապի համար առաջնահերթ չէ: «Արված հայտարարությունները Արգենտինայի հայ համայնքի հետ համագործակցության արդյունք են: Սակայն շատ բան կախված է հայկական դիվանագիտությունից, այդ թվում, Էջմիածնի, Անթիլիասի եւ Վատիկանի միջեւ փոխգործակցությունից: Սակայն կարեւոր է, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը հետեւողական լինի այդ հարցում, որ Վատիկանում Հայաստանի դեսպանն անհրաժեշտ աշխատանք իրականացնի …մի խոսքով, ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտության մասնագիտական հնարավորություններից եւ վարպետությունից` հասնելու համար Ֆրանցիսկոս I-ի կողմից ավելի վաղ արված հայտարարությունների հաստատմանը»,- ընդգծեց Խաչիկ Տեր- Ղուկասյանը:

NEWS.am

Տպել Տպել