Դաշնակցությունը երբեք մարտավարական խնդիրները չի գերադասում ռազմավարական խնդիրներից

Վերջին շրջանում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ կացությունը տարբեր երանգներով փորձում են մուտք գործել նաեւ ԼՂՀ: Այս համատեքստում փորձ է արվում կրկին քարկոծել Դաշնակցությանը:

Թեմայի առնչությամբ զրուցել ենք ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ:

ArmenSargsyan3= Ընկեր Արմեն, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներում, հատկապես «Լրագիր» կայքէջում եւ մասնավորապես Իգոր Մուրադյանի անվանակիր հոդվածներում հայաստանյան հետընտրական գործընթացներում, ինչպես ԼՂՀ նախագահական ընտրությունների օրերին դարձյալ թիրախ է դառնում Դաշնակցությունը:

– Դաշնակցությունը միշտ թիրախ է դառնում, երբ չի արտացոլում թիրախ դարձնողների շահերը, եւ անկախ նրանից` ով ինչպես է փորձում ներկայացնել Դաշնակցությանը, Դաշնակցությունը անկախ կուսակցություն է եւ հնարավոր չէ ՙդրսից՚ նրան կառավարել: Դաշնակցությանն իր ստեղծման առաջին իսկ օրերից հարվածել են Սուլթան Աբդուլ Համիդը, հետո երիթթուրքերը, ցարական Ռուսաստանը, Բոլշեւիկյան Ռուսաստանը, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին իշխանավորները: Այնպես որ` սովորեք: Հարվածողների մի մասը թշնամանքով են լցված ՀՅԴ-ի նկատմամբ եւ չեն թաքցնում դա, իսկ մի մասն էլ ցույց են տալիս, որ շատ են ՙսիրում՚ Դաշնակցությանը, մտահոգված են նրա ճակատագրով եւ ՙուղղություն՚ են ցույց տալիս: Խորհուրդ կտամ ուղղություն ցույց տվողներին` ստեղծեն սեփական կուսակցություն եւ իրենց գործունեությամբ զերծ մնան, իրենց կարծիքով, Դաշնակցության ՙսխալներից՚: Ինչ վերաբերվում է Իգոր Մուրադյանին, նա իրոք մեծ ներդրում ունի Արցախյան շարժման առաջին օրերին, բայց հետո թողեց պրակտիկ քաղաքականությամբ զբաղվելը եւ այժմ զբաղվում է քաղաքական տեսական վերլուծությունններով: Նա չի երեւում հարթակներում եւ որեւէ կուսակցության անդամ չէ: Իգոր Մուրադյանի հոդվածները խոհափիլիսոփայական եւ ռազմավարական թեմաներով վերլուծական հետաքրքիր հոդվածներ են, բայց զարմանալի է, լինելով նախկին դաշնակցական, երբ նա անդրադառնում է Դաշնակցությանը, գրում է անձերի կամ դեպքերի մասին եւ վերածում պահի ու որեւէ առիթի հոդվածների, այստեղ արդեն օբյեկտիվիզմը սկսվում է վերածվել սուբյեկտիվիզմի:

Ինչ վերաբերվում է «Լրագրին» ապա, ի տարբերություն շատ այլ կայքէջերի, «Լրագիրը»հասկանալի պատճառներով չի կարող «շփոթել» դաշնակցականին եւ ոչ դաշնակցականին: Այստեղ դարձյալ թիրախ դարձնելը եւ սուբյեկտիվիզմը դարձալ ակնհայտ է: Այնպես որ, չկա «դաշնակցական պատգամավորի» եւ դաշնակցական փոխվարչապետի հակադիր կեցվածքը միեւնույն երեւույթի նկատմամբ:

= Վահան Բադասյանը ՀՅԴ շարքերում չէ եւ ազատ է իր կեցվածքի մեջ: Իսկ Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է եւ արտահայտում է մի կարծիք, ըստ որի` Հայաստանում ներքին լարվածության ժամանակ Ղարաբաղը, որպես միասնական երկիր, չպիտի կանգնի որեւէ մեկի թեւի տակ, տեղի չտա զգայական տրամադրությունների, եւ եթե կարող է ազդել լարվածության մեղմացման վրա, ապա միայն իր դերը կատարի դրական իմաստով լուծումներ գտնելու համար:

– Ղարաբաղը կուսակցություն չէ, այլ մի երկիր, որը մեծ դեր ունի համահայկական ամբողջական միասնության ապահովման տիրույթում:

Արթուր Աղաբեկյանն իր խոսքով փորձ արեց նպաստել առաջացած մարտահրավերները չխորացնելու միտումներին:

Իգոր Մուրադյանի կարծիքը Արթուր Աղաբեկյանի մասին` միանշանակ չեմ կիսում: Հարց է, արդյո՞ք այդ տեսակետը կիսում են Արթուր Աղաբեկյանի բազում մարտական ընկերները, այդ թվում` Էմիլ Աբրահամյանը, Վահան Բադասյանը եւ Գրիգորի Հայրապետյանը:

= Ինչպե՞ս կգնահատեք Դաշնակցության անցած ուղին Արցախյան քաղաքական դաշտում, եւ արդյո՞ք նման սադրանքները կարող են ազդել Արցախում Դաշնակցության հեղինակության եւ վաստակի վրա:

– Միանշանակ փաստ է, որ Դաշնակցությունն Արցախի քաղաքական դաշտում ամենակայացած կուսակցությունն է եւ առաջամարտիկը: Հենց այդ պատճառով էլ նրան հաճախ են դարձնում թիրախ: Մենք Արցախի անկախության առաջին օրերին եղել ենք իշխանություն, եղել ենք նաեւ ընդդիմություն, իսկ հետո նաեւ իշխանության մաս: Երբ դրսից մեզ հարվածում են` մենք քանդվելու փոխարեն ավելի ենք միասնական դառնում եւ հզորանում: Սա կայացած լինելու ամենամեծ գրավականն է եւ ամենամեծ խորհուրդն ու պատասխանը բոլոր թիրախ դարձնողներին:

Դաշնակցությունը երբեք մարտավարական խնդիրները չի գերադասում ռազմավարական խնդիրներից եւ տեղի չի տալիս պետականության թուլացման ցանկացած փորձի: Դաշնակցությունը պատմության մեջ չի մտել` խաղալով ուրիշների սխալների եւ զգայարանների վրա, չունենալով սեփական ծրագիր երկրի զարգացման համար:

Դաշնակցությունն ունի հստակ ծրագիր եւ առաջին հերթին պայքարում է սեփական ծրագրերի իրականացման համար` այդ ճանապարհին մատնանշելով թերությունները` այն վերացնելու նպատակով: ՀՅԴ-ն միասնականության ապահովման մեջ է պայքարում թերությունների դեմ եւ ոչ թե փորձում է ժողովրդին բաժանել թեւերի ու թիմերի` հանուն նեղ եւ քողարկված շահադիտական նպատակների:

Քննարկման ենթակա չէ այն, որ Դաշնակցությունը պատասխանատվությամբ աշխատել եւ աշխատում է բոլոր ժամանակներում` թե՛ խորհրդարանում, թե՛ իրեն վստահված ցանկացած ոլորտում: Չմոռանանք, որ ընդդիմությունը նաեւ պատասխանատվություն կրելու կարողություն եւ վաստակ պիտի ունենա:
Դաշնակցությունը ԼՂՀ քաղաքական դաշտում ընդդիմություն եղած ժամանակ, քննադատելով հանդերձ, աննախադեպ աշխատանք է կատարել խորհրդարանում: Այն ընդդիմությունը, որը չունի միասնական ծրագիր եւ որին առաջին հերթին պետք է հավատա հենց ինքը` ընդդիմությունը, կազմված է անձերի համագործակցությունից` առանց ծրագրային հիմքի, ժամանակից շուտ թողնելու է պատմության թատերաբեմը:

Պետք է առաջին հերթին պայքարել ծրագրերի իրականացման համար` նշելով թերությունները, խոչընդոտները, որոնք խանգարում են դրա իրականացմանը եւ ոչ թե` հակառակը:
Դաշնակցության Արցախի կառույցն ունի բազում խնդիրներ, որոնք ներգրավված են մեր ծրագրային դրույթներում եւ որոնց իրականացման համար մշտական գործունեություն ենք ծավալում:

Հարկ եմ համարում նշել, որ այս ընթացքում ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը իր ուսերին է վերցրել նաեւ ընդդիմության պարտականությունները ներիշխանական մակարդակում` ամենածավալուն հարցադրումներն ու առաջարկները ներկայացնելով 2013 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ:
Մենք ունենք նաեւ գերխնդիր` դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է, որի իրականացման համար ՀՅԴ համաշխարհային կառույցով ենք պայքարում` համագործակցելով ԼՂՀ իշխանությունների հետ, որի իրականացումը հնարավոր է միայն ԼՂՀ ժողովրդավարական կառույցների օրեցօր ամրապնդման մեջ եւ որի հիմքում մասնավորապես ԼՂՀ վերջին նախագահական ընտրություններն էին:

Դաշնակցությունն անցյալի եւ ներկայի կուսակցություն չէ միայն, այլ անցյալի հարուստ փորձով օժտված, ներկայումս ակտիվ գործող եւ հզոր հայտ ներկայացրած ապագայի կուսակցություն:

Հարցազրույցը` Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«ԱՊԱՌԱԺ», 18 մարտ 2013

Տպել Տպել