Հայաստանը պետք է ղեկավարվի սեփական շահերով Մաքսային միության եւ ԵՄ ազատ առեւտրի գոտու միջեւ ընտրության հարցում

Artcvik Տվյալ պահին Հայաստանը դեռ կանգնած չէ Մաքսային միություն թե Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ընտրության առջեւ, սակայն դա չի նշանակում, որ երկրին ընտրության առջեւ չեն կանգնեցնի, եւ այդ ժամանակ կարեւոր կլինի, թե Հայաստանն ինչ քաղաքականություն կդրսեւորի` իր շահերը պաշտպանելու համար:

Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասաց ՀՅԴ խորհրդրանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկի հայտարարությանը:

Մինասյանի խոսքով` երբ ընտրության հարցը դրվի, Հայաստանը պետք է ղեկավարվի այն սկզբունքով, թե որն է առավել շահավետ երկրի համար, եւ իր որոշումը պետք է պայմանավորի միայն պետության եւ ժողովրդի շահերով: «Օրինակ, եթե Եվրասիական երկրները պատրաստ են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ներդրումներ կատարել Հայաստանում, ապա միանաշանակ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրասիական միություն է: Եթե ԵՄ երկրները նույնպիսի երաշխիքներ են տալիս, ապա նախապատվությունը կտրվի նրանց: Չմոռանանք նաեւ, որ մենք խորը ինտեգրացված ենք Եվրասիական միությունում, եւ չի կարելի հրաժարվել դրանից միայն հանուն այն բանի, որ դա պահանջում են ԵՄ պաշտոնյաները»,-ասաց պատգամավորը:

Միաժամանակ Մինասյանը նշեց, որ ԵՄ-ն պետք է ուշադրություն դարձնի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությանը եւ նրան, որ Հայաստանը պետք է առաջնորդվի միայն իր շահերով:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը նշել էր, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: «Եվրամիությունը չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջեւ ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք եւս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», – ասել է Եվրախորհրդարանի պաշտոնյան։

News.am

Տպել Տպել