ՀՅԴ Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կալիֆոռնիա նահանգի ամերիկահայերին միանալ և տեղական ու պետական պաշտոնյաներին ներկայացնել իրենց համայնքի կարիքներն ու խնդիրները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, ՀՅԴ Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը ապրիլի 15–ին կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա միջոցառման ժամանակ պատրաստվում է ընդունել Կալիֆոռնիա նահանգի հայ ակտիվիստներին` նահանգի օրենսդիրների հետ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 98-րդ տարեդարձը: Յուրաքանչյուր տարի կազմակերպվող այս միջոցառումը հնարավորություն է տալիս ամերիկահայերին ներկայացնել իրենց համայնքների կարիքները, հուզող հարցերը, ծանոթանալ նոր մարդկանց հետ, ամրապնդել կապերը սենատորների հետ կոնկրետ քայլեր ձեռնարկել:
«Մենք հայ ենք և մեր հնագույն ազգի հպարտ որդիներով ու դուստրերով միավորվելու ենք` հավատով կերտելու պայծառ և լուսավոր ապագա մեզ և ողջ մարդկության համար»,- հաղորդագրությունը մեջբերում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի կոչը:
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը հայ-ամերիկյան ամենամեծ և ազդեցիկ կազմակերպություն է Արևմտյան ԱՄՆ-ում, որը, համագործակցելով ամենատարբեր գրասենյակների և կազմակերպությունների մեծ ցանցի հետ, բարձրացնում է Ամերիկայի հայ համայնքին հուզող և լայն շրջանակներ ընդգրկող հարցեր:







