Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն կկայա ԱՄՆ Օրինջ վարչական շրջանում

Orinj ԱՄՆ Սանտա Անայի հայ համայնքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունն այս տարի կկայանա ապրիլի 21-ին: Արարողությանը մասնակցելու են Օրինջ վարչական շրջանի բոլոր տասնչորս հայկական կազմակերպությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ասպարեզ անգլալեզու պարբերականը, «Միասնությունը մեր ուժն է» խորագիրը կրող ոգեկոչման արարողությունը կազմակերպվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Օրինջ վարչական շրջանի (ANCA OC) գրասենյակի ջանքերով: «Վերջին տարիներին հայկական կազմակերպությունները սկսել են ավելի սերտորեն համագործակցել: ՀՅԴ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ համագործակցության և համակարգման աննախադեպ մակարդակ է ստեղծվել Օրինջ վարչական շրջանում»,- նշել է ANCA OC խորհրդի անդամ Թալալ Մալաքյանը:

«Մենք խրախուսում ենք մեր համայնքի բոլոր անդամների մասնակցությունը ապրիլի 21-ին նախատեսվող միջոցառումներին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչ անում միասնաբար աշխատել ամենուր հայ ժողովրդի իրավունքներին տեր կանգնելու համար: Այս իրադարձություններն այլեւս սգո ու զոհերի արարողություններ չեն, դրանք գործողության կոչ են, և մենք քաջալերում ենք Օրինջի բոլոր հայերին` հատկապես երիտասարդությանը` միանալու պայքարին` լինի դա քաղաքական, կրթական, մշակութային կամ որևէ այլ միջոցով, որը կօգնի Հայ դատին», – նշել է ՀՅԴ-ի «Արմեն Կարո» կոմիտեի նախագահը:

Ապրիլի 21-ի առավոտյան ՀՅԴ «Աշոտ Երկաթ» խումբը և ANCA OC-ը կմասնակցեն Մայլ Սքուեյր զբոսայգում «Վերջ տալու Ցեղասպանությանը» ակցիային, ապա Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում ելույթ կունենա Ռիչարդ Հովհաննիսյանը, իսկ երեկոյան Քառասուն նահատակների եկեղեցում կկայանա ANCA-OC-ի կազմակերպած «Միասնությունը մեր ուժն է» ոգեկոչման արարողությունը:

armenpress.am

Տպել Տպել