Իսրայելի Քնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը կմասնակցեն Հայ դատի հանձնախմբի անդամները

QensetԻսրայելի Քնեսետի լիագումար նիստին, որի ժամանակ պետք է քննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, կմասնակցեն Հայ դատի հանձնախմբի անդամները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժորժետ Ավագյանը:

«Մենք հիմա ճանապարհին ենք, գնում ենք Քնեսետի լիագումար նիստին մասնակցելու, մեր պատվիրակությունը բաղկացած է 15 հոգուց, մեզ հետ է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրմանյանը»,-ասաց Ժորժետ Ավագյանը:

Նրա խոսքով` դեռ պարզ չէ, թե ինչ արդյունքներ կտան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումները, սակայն «մենք լիահույս ենք»:

Իսրայելի Կնեսետը ապրիլի 23-ին լիագումար նիստում պետք է քննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսրայելական մամուլը «պատմական» է բնութագրել այդ նիստը եւ ընդգծել, որ այն տեղի է ունենում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առկա «զգայուն» հարաբերությունների պարագայում, երբ 2010թ-ի մայիսի 31-ին տեղի ունեցած «Մավի Մարմարա» նավում 9 թուրքերի սպանության միջադեպից հետո երկու երկրների միջեւ սկսվել է խզված հարաբերությունների կարգավորման փուլը:

Իսրայելում Քնեսետի ընտրությունը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, որի արդյունքում մի քանի ավանդական կուսակցություններ իրենց տեղերը զիջեցին նոր կուսակցությունների: Քնեսետն իր ամառային նստաշրջանի աշխատանքները սկսեց այսօր:

armenpress.am

Տպել Տպել