Մեր ընտրական համակարգը՝ ընդամենը երկու պատկերի մեջ

ԱղվանՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի զրույցը «Ազատություն» ռադիոկայանի հետ

Եղավ այն ինչ եղավ՝ այսօր Գերագույն մարմնի նիստից հետո տարածած իր հայտարարության մեջ նշել է ավագանու ընտրություններում 3,8 տոկոս ձայն հավաքած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ շնորհակալություն հայտնելով իրենց ձայն տված երեւանցիներին:

ՀՅԴ-ն ափսոսանք է հայտնում, «հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացման, վարչական ռեսուրսի անսահմանափակ կիրառման եւ համատարած ընտրակաշառքի կապակցությամբ»: իշխանական մենաշնորհն ավելի է կարծրացել. Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն` գրված է ՀՅԴ հայտարարության մեջ:

ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում, գնահատելով ընտրությունների ընթացքն ու արդյունքները, ասաց հետեւյալը.

«Ընտրությունների գնահատականը Դաշնակցությունը տվել է իր հայտարարությամբ, որի մեջ ամեն ինչ ասված է: Բայց զուտ անձնական երկու դիտարկում կուզեի անել: Որեւէ խոշորամաշտաբ երեւույթ շատ հստակ, պարզ ամփոփված է լինում կամ որեւէ պատկերի կամ որեւէ խոսքի մեջ: Երեկվա ընտրությունների հետ կապված ինձ համար երկու այդպիսի դրվագ կա. առաջինը հեռուստաընկերություններից մեկը ցուցադրում էր կադրեր, երբ որ ընտրական տեղամասում, թաղի տղաները աղմուկ են սարքել, եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանական համազգեստով չորս անձինք ուղղակի ի վիճակի չեն այդ թաղի տղային կանգնեցնել: Նա հարձակվում է, գոռգոռում է, երեք անգամ գնում է , էլի հետ է գալիս, եւ ոստիկանական համազգեստով անձինք անզոր են այդ թաղի տղայի դեմ:

Երկրորդ պատկերը` երեկ լրագրողները հարց էին տվել ՀՀ վարչապետին, ընտրակաշառքների հետ կապված, որոնք բաժանվում էին, ըստ ահազանգերի, Հանրապետականի եւ ոչ միայն հանրապետականի կողմից: Վարչապետը այդ ահազանգերը հերյուրանք համարեց : Երեւանի տասնյակ հազարավոր բնակիչներ ստացել են այդ ընտրակաշառքները, եւ այս խոսքի եւ իրական պատկերի հակասությունը երեկվա ընտրությունների եւս մի դրսեւորում էր: Այս երկու պատկերի մեջ ամբողջանում է մեր ողջ ընտրական համակարգը»:

Դաշնակցությունը ցավով արձանագրում է, որ «այս անգամ էլ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձեւավորել», սակայն խոստանում է չնահանջել իր սկզբունքային դիրքերից, չդադարեցնել ամենօրյա աշխատանքները հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության եւ բարեկեցության։

Էլինա Չիլինգարյան
azatutyun.am

Տպել Տպել