Կենսաթոշակային բարեփոխումը քաղաքական պատասխանատվության խնդիր է


ՀՅԴ-ն առաջարկում է.

Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխման փաթեթի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանի այն դիտարկմանը, թե մենք առաջնորդվում ենք Էստոնիայի օրինակով, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Էստոնիան 1998թ.-ին ներդրել է կամավոր կեսաթոշակային համակարգը, չորս տարի փորձարկել եւ միայն 2002թ.-ին անցել պարտադիր կուտակային համակարգին, այն էլ` նոր աշխատաշուկա մտնողների համար:

Նա մանրակրկիտ բացատրեց, թե ինչպես է համակարգը գործում Էստոնիայում: «Երբ կառավարությունն ասում է, որ մենք գնում ենք Էստոնիայի օրինակով, եւ քաղաքական մեծամասնությունն այստեղ լռում է, սուտ են ասում, ճիշտ չեն ներկայացնում խնդիրները: Մեզ մի խաբեք, մեզ ասեք, թե այդ փողերը որտեղ են ներդրվելու: Սա բիզնես չէ, սա առնչվում է քո պետության, քո ժողովրդի հարյուր տոկոսին»,- նշեց Վարդանյանը եւ հայտարարեց, որ երաշխիք է պետք:

ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծեց, որ ապագայում ՀՀ քաղաքացիները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ: «Սա քաղաքական պատասխանատվության խնդիր է, սրանով ապրելու են ձեր զավակները, ձեր թոռները: Այսօրվա ֆինանսիստներն իրենց կարճաժամկետ խնդիրները լուծելու եւ գնալու են իրենց գործին: Այսպիսի անպատասխանատվություն երկրի եւ ժողովրդի առջեւ մեծամասնությունն իրավունք չունի անել, այսպիսի հապճեպ որոշումներ չեն կայացնում, չնայած հրաշալի հասկանում եմ, որ քվեարկելու եք եւ անցկացնելու»,- նշեց Վարդանյանը:

Արծվիկ Մինասյանն իր ելույթում ավելացրեց մասնավորապես հետեւյալը. «ՀՅԴ-ն առաջարկում է ներդնել պայմանական կուտակային համակարգ, որը լուծում է անարդարացի փոխհատուցման խնդիրը, եւ երկրորդ՝ գումարները ներդրվելու են ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտներ: «Եվ ամենակարեւորը` մեր առաջարկած մոդելը չի բերելու ֆինանսական շուկաների ռիսկի, ինչպիսին ենթադրում է առաջարկվող մոդելը»,- հայտարարեց պատգամավորը:

Նա հորդորեց կեղծ տեղեկատվություն չտալ, թե իբր գումարները ներդրվելու են Հայաստանում եւ ընդգծեց, որ դրանց մեծ մասն ուղղվելու է եվրոպական շուկաներ

Նշենք, որ 2011 թվականից գործում է կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014-ից կգործի պարտադիրը:

Տպել Տպել