Գորիսի միջադեպը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, անպատժելիության, անպատասխանատու վերաբերմունքի, անհանդուրժողականության հետեւանք է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետի պահվածքը Արծվիկ Մինասյանը դժվարացավ գնահատել, նշեց, որ իր համար առավել տարօրինակ է նրա կողմից մարզպետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը մինչեւ նախաքննության ավարտը:
«Սա ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ ցույց է տալիս, որ մարդն իրեն ավելի վեր է դասում, քան երկրի կառավարությունն ու նախագահը: Որեւէ մեկը նրան այդպիսի իրավասություն չի տվել, որ ինքը որոշի, թե մինչեւ երբ է աշխատում կամ մինչեւ երբ է ժամանակավորապես աշխատում: Նման հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունն ինքը պետք է նախաձեռնի պաշտոնանկ անելու գործընթացը, որովհետեւ սա ակնհայտ արհամարհական վերաբերմունք է մեր պետության, օրենսդրական ամբողջ համակարգի նկատմամբ»,- հայտարարեց Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ մեր իշխանությունները բավական չէ նախապայման չեն տեսնում հայ-թուրքական արձանագրություններում, հիմա էլ չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս Սյունիքի մարզպետի հայտարարության մեջ:
Մինասյանը կարծում է, որ այս հայտարարությամբ Սյունիքի մարզպետը տեղ է թողել, որը հետո իրեն իրավունք կտա վերադառնալ մարզպետի պաշտոնին: Ամեն ինչ այս դեպքում, ըստ Մինասյանի, կախված է հասարակական արձագանքից:
yerkir.am
Երեք բան հստակ է. Արծվիկ Մինասյանը` վարչապետի օֆշորային ընկերության մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոև Արծվիկ Մինասյանը նկատեց, որ սա շատ լուրջ հարց եւ այն պարզապես մի քանի հրապարակումների միջոցով հնարավոր չէ վերջնական եզրակացության գալ: “Մեղադրանքը ծանրագույն մեղադրանք է, այս պահին ես չեմ ուզում դիլետանտ լինել եւ գնահատել դա, բայց ուսումանսիրության շատ լուրջ թեմա է սա: Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների վերաբերյալ բազմիցս ասել ենք, որ սրանք ստվերային տնտեսության հիմնական բջիջներն են եւ եթե Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ մասնակցումէ այդ գործըթացին, նա փաստորեն ստվերային բջջի մեջ է”,-հայտարարեց Մինասյանը:
Նա խորհուրդ է տալիս սպասել դատախազության պարզաբանմանը:
Բայց մի բան ՀՅԴ-ական պատգամավորի համար ակնհայտ է: “Կարդալով ուսումնասիրությունները, նաեւ հերքումները, ես հասակացա, որ կազմակերպությունն այնուամենայնիվ կա, գրանցված է, երկրորդ` խոշոր բաժնետերը չի հերքել իր գոյության մասին, եւ երրորդ` նա ընդամենը փորձում է տեղափոխել մեղադրանքը վարչապետի եւ սրբազան Կճոյանի վրայից անհասկանալի ուղղությամբ”,-նշեց Մինասյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե մտավախություն չկա, որ խնդիրը կոծկելու կա վարչապետից հեռացնելու փորձ կարվի, Մինասյանը նշեց, որ այս հարցում, միանշանակ է, որ բոլորը, հատկապես նրանք, ովքեր մեկ կենտրոնական իշխանության ցուցումով են շարժվում, ամեն ինչ կարող են իրականացնել մարդկանց այս իրավիճակից հանելու եւ փրկելու համար: “Բայց դրա արդյունքում պետությունն է վնաս կրում եւ մարդիկ, ի վերջո, պատմության դատաստանի առջեւ են կանգնելու եւ եթե այսօրվա պաշտոնատար անձիք այդքանը չեն գիտակցում, խորհուրդ կտամ վերցնեն եւ պատմության դասագրքերն ուսումնասիրեն: Բոլոր զեղծարարությունները բացահայտվելու են, կոծկելը շատ ավելի վատ հետեւանքներ կարող է բերել, այդ թվում օվշորային գոտում գտնվող շատ այլ ձեռնարկությունների մասով”,-ասած Մինասյանը:







