ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության Հայտարարությունը


Ազգային ժողովի վերջին եռօրյայում կատարվածից անհրաժեշտ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հետեւություններ անել՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։ Հակառակ դեպքում հնարավոր կդառնա անօրինական մեթոդներով պարբերաբար կազմալուծել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը:

Քննարկելով ստեղծված կացությունը՝ արձանագրում ենք հետեւյալը.

– հանրապետության նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ եռօրյա նիստերի օրակարգ մտցնելու փորձը չէր բխում ո՛չ ՀՀ գործող Սահմանադրության, ո՛չ ԱԺ կանոնակարգի դրույթներից,

– ներքաղաքական մթնոլորտը շիկացնող գործողությունները, գիտակցաբար կամ ոչ, թուլացնում են պետականության հիմքերը՝ դուռ բացելով արտաքին ազդեցությունների ուժեղացման, երկրի ինքնուրույնությունը սահմանափակող քայլերի առջեւ,

– անօրինական եւ դատապարտելի են մի խումբ պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի աշխատանքը տապալելուն ուղղված գործողությունները, անթույլատրելի ու դատապարտելի են Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք հրահրելը կամ հայհոյանքներով արտահայտվելը։

Մեր գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խորհրդարանական ճգնաժամի տարրեր է պարունակում, ինչը, քաղաքական ուժերին հարկադրում է պատճառների լուրջ վերլուծություն անել եւ իրավական լուծումներ գտնել։

Մեր բոլոր գործընկերներին հորդորում ենք՝ գիտակցել, որ իրենք ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ են, պետության հեղինակության ու վարկի կրողներ եւ պարտավոր են հարցեր քննարկել, քաղաքական պայքար ծավալել բացառապես օրինական ճանապարհով։
Ազգային ժողովի ղեկավարությանը եւ հանրապետության նախագահին կոչ ենք անում՝ իրենց լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակի պատճառները վերացնելու, երկրի հեղինակությունը անօրինական գործողություններից պաշտպանելու ուղղությամբ։

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն

Տպել Տպել