Մեր ընտրական համակարգը հանրաքվե անցկացնել էլ թույլ չի տալիս

աղվան1GALLUP International Association-ի հրապարակած տվյալներով, հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական մաքսային միության հնարավոր անդամակցությանը, և միայն 4 տոկոսն է դեմ արտահայտվել կառույցին անդամակցելու Հայաստանի հնարավորությանը:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախ՝ նշեց, որ GALLUP-ի հրապարակած հարցումների արդյունքներին չի հավատում, ապա` խոսելով Հայաստանին ձեռնտու ուղղվածության որդեգրման մասին, նշեց. «Պետք է երկու ողղությամբ էլ աշխատել, մինչև այն սահմանը, երբ քո անկախությունը չի սահմանափակվում: Պետք է աշխատես` մինչև համատեղելի սահմանը»:

Ապա ավելացրեց, որ վերջնական որոշումը պետք է կայացվի հանրաքվեով: Բայց հանրաքվեն, ըստ նրա, մեր դեպքում հարմար տարբերակ չէ. «Ընտրական համակարգը Հայաստանում չի գործում, ընտրություններով Հայաստանում հարցեր չես լուծի, որովհետև արդար չեն կայանում, նույնն էլ վերաբերում է հանրաքվեին: Հանրաքվեն այն մեխանիզմն է… թվում է, թե շատ հեշտ է գցել ժողովրդի վրա, ասել` թող ժողովուրդը որոշի: Բայց մեր ընտրական համակարգը սա էլ թույլ չի տալիս, որ հանրաքվե անցկացնենք: Ես կողմնակից եմ գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կարտահայտեն հասարակության դիրքորոշումը, ոչ թե կաղավաղեն դրանք»:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ ինքը վստահ չէ, որ Հայաստանում 61 տոկոս բնակչությունը կարող է համակրանք տածել Եվրասիական մաքսային միությանը: Նրա կարծիքով, հասարակության մոտեցումներն այս հարցում պետք է «կես-կես» լինեն. «Հատկապես նոր սերունդը, որը հսկայական բանակ է կազմում, 4 տոկոս կազմել չի կարող: Այս իշխանության մթնոլորտում նման հարցերը ես չեմ ընդունում»: Մեր հարցին, թե այս փուլում Եվրամիությունն ու Եվրասիական միությունը համատեղելի՞ են, Աղվան Վարդանյանը պատասխանեց, թե առայժմ համատեղելի են, և իրենց տեղեկություններով՝ «բախումներ չկան»:

Իսկ ի պատասխան հարցին, թե Հայաստանի առջև այդ ընտրության խնդիրը խիստ չէ՞ դրված, ՀՅԴ-ական պատգամավորը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Ինչպես նախագահն է ասել, գոնե հայտարարության մակարդակով, մենք գործում ենք ոչ թե՝ «կամ-կամ», այլ` «և-և» սկզբունքով, մինչև մի սահման: Մենք մեր ինքնությունն այնքան պետք է պահենք, որ մեզ չստիպեն մեր կամքից անկախ որոշում կայացնել»:

168.am

Տպել Տպել