ՀՅԴ Խմբակցությունը գործելու է բաց եւ հրապարակային


Այսօր ԱԺ առաջին ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ հետաքրքիր տարիներ են սպասում մեզ: Ընդդիմության պատգամավորները, ըստ նրա, փորձառու, ակտիվ եւ պրոֆեսոնալ մարդիկ են, իսկ այն, որ մեծամասնության եւ իրեն այլընտրանք կոչող ուժի խմբակցություններում երիտասարդ եւ թարմ դեմքեր կան, ՀՅԴ-ական պատգամավորի համար հետաքրքիր եւ ուրախալի է:

16 պատգամավորից բաղկացած նախկին խմբակցության փոխարեն թեեւ այժմ ՀՅԴ-ն ունի 5 հոգանոց խմբակցություն, ըստ Վարդանյանի, մեծ հաշվով տարբերություն չկա, քանի որ թե’ 16-ի, թե’ 5-ի դեպքում որոշումների կայացման վրա ազդել չեն կարող: «Բայց մի բան ձեզ եւ մեր հասարակությանը մենք խոստանում ենք, որ մենք աշխատելու ենք, աշխատելու ենք հանգիստ, փաստարկված, պրոֆեսիոնալ, առանց պոպուլիզմի, թշնամանքի եւ վիրավորանքի: Փորձելու ենք օրակարգ բերել այնպիսի նախագծեր, այնպիսի հարցեր, որոնք, իրոք, առնչվում են մեր պետականությանը, հանրության լայն շերտերին: Այդ փաստերը ներկայացնելու ենք հիմնավոր»,- հայտարարեց պատգամավորը եւ հույս հայտնեց, որ մեծամասնությունն էլ զուտ կոճակ սեղմող չի լինի` պատվաբեր չէ, նաեւ` որ ԱԺ-ում չի լինի այնպիսի մթնոլորոտ, որ ինչ ընդդիմությունն է բերում է, ուրեմն վատն է:

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը լինելու է բաց եւ հրապարակային, որեւէ մեկից որեւէ բան չունեն թաքցնելու, բայցեւ չեն տրվելու սադրանքների:

Տպել Տպել