ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

002«Բազմակուսակցական ժողովրդավարութեան Նիդերլանդների ինստիտուտի» հրաւէրով թուականիս Յունիսի 29-30-ին, Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի ունեցաւ երիտասարդ քաղաքական գործիչների ֆորում, որի ընդհանուր բնաբանն էր` Հարաւային Կովկասի Եւրոպական հեռանկարները։

Ֆորումին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանական և ընդդիմադիր կուսակցութիւնների երիտասարդական միութիւնները։ Ամէն մի երկրից 15 հոգի։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին Անի Յարութիւնեանը և Արմէն Մխչեանը (Հայաստան)։

Ֆորումի նպատակն էր քննարկել տարածաշրջանում ընթացող արտաքին քաղաքական զարգացումները, ինչպէս նաև ժողովրդավարացմանն ուղղուած ջանքերը։ Այն ընդգրկում էր երեք բաժին` Եւրոպական հարևանութեան քաղաքականութիւնը. տեսակէտներ Եւրոմիութիւնից և Հարաւային Կովկասից, Համաշխարհային անվտանգութեան մարտահրաւէրներ. հայեացք Հարաւային Կովկասից, Տնտեսական համագործակցութիւն. ԵՄ-Հարաւային Կովկաս։
Հայաստանի պատուիրակութիւնը ներկայացրեց երեք զեկոյց, անդրադարձ կատարելով Հայաստանի Եւրոինտեգրման գործընթացներին, Հայաստանում ժողովրդավարութեան զարգացման միտումներին, Արցախի ինքնորոշման հիմնահարցին և, Հայաստանի տնտեսութեան զարգացման հարցերին։

Քննարկումների հիմնական նիւթը, ինչպէս և սպասւում էր, տարածաշրջանային հակամարտութիւններն էին և գերտէրութիւնների ներգրաւուածութիւնը այդ գործընթացներում։ Բարձրացուեց Արցախեան հիմնահարցը։ Ադրբեջանցիների կողմից հնչեցին իրականութեանը չհամապատասխանող և ապակառուցողական յայտարարութիւններ, ինչը արժանացաւ Հայաստանի պատուիարկութեան իրական փաստերի հիման վրայ կառուցուած համարժէք պատասխանին։

Հայաստանի պատուիրակութիւնն առաջարկեց պատրաստել մի փաստաթուղթ, որտեղ ներգրաւուած կը լինեն բոլոր այն կէտերը, որի շուրջ կողմերը կը կարողանան համագործակցել առանց նախապայմանների և խաղաղ մթնոլորտում, սկիզբ դնելով երեք պետութիւնների երիտասրադների միջև համագործակցութեանը։

Տպել Տպել