Ժողովուրդների իրավունքի հարգումը և առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը` տարածաշրջանի կայունության և բարեկեցության գրավական

jirinovskiՀուլիսի 8-ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական Դումայի համանուն խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հանդիպումը: Նրանք քննարկեցին 2013 թ. առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները և նախանշեցին մինչև տարվա վերջ համատեղ գործունեության առաջնահերթությունները:

Մասնավորապես, անդրադառնալով Պետական Դումայի աշնանային նստաշրջանին, ուր քննարկվելու է նաև «Նացիզմի վերածնման գործողությունների, նացիստական հանցագործների և նրանց աջակիցների հերոսացման, Հոլոքոստի ժխտման անթույլատրելիության մասին» օրինագիծը, Յուրի Նավոյանը առաջարկեց դրանում ներառել նաև նացիստների կողմից սլավոնական բնակչության ոչնչացման և Հայերի ցեղասպանության` իբրև մարդկության դեմ հանցագործության, մասին դրույթներ: Նա ավելացրեց, որ Հայերի ցեղասպանությունը նույնպես, ինչպես և Հոլոքոստը, Ռուսաստանի պատմության մաս է կազմում և ՌԴ-ն 1995 թ. օրենսդրական մակարդակով ճանաչել է Հայերի ցեղասպանության փաստը:

Վլադիմիր Ժիրինովսկին հայտնեց իր համաձայնությունը այդ առաջարկությանը և պատրաստակամություն հայտնեց պաշտպանելու այդ նախաձեռնությունը հիշյալ օրինագծի քննարկման համապատասխան փուլերում:

Նշվեց, որ այդ հարցը հատուկ նշանակություն է ստանում Հայերի ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների իրավիճակի վերաբերյալ:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարը ներկայացրեց Արցախում ընթացող հաջող պետականաշինության ընթացքը և արցախցիների` հարևանների հետ առկա հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունը: Նա ընդգծեց, որ այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը և շուտով կլրանա ԼՂՀ հռչակման հերթական տարելիցը:

ՌԴ հնագույն կուսակցության առաջնորդը իր զորակցությունը հայտնեց արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը և նրա խաղաղ ձգտումներին: Ժիրինովսկու կարծիքով, ժողովուրդների իրավունքի հարգումը և առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը հանդիսանում են տարածաշրջանի կայունության և բարեկեցության գրավականը:

Զրուցակիցները քննարկեցին ՌԴ առաջիկա տեղական ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր, որոնք տեղի են ունենալու միասնական քվեարկության օրը` սեպտեմբերի 8-ին: Ժիրինովսկին ներկայացրեց իր գլխավորած կուսակցության դիրքորոշումը այդ ընտրություններում և Ռուսաստանի մի շարք տարածաշրջանների ղեկավարների պաշտոնում թեկնածուների առաջադրման ընթացքը: Երկուստեք ընդգծվեց այս ընտրությունների դերը Ռուսաստանի քաղաքական զարգացման գործում, ինչպես նաև կարևորվեց հասարակություան ակտիվ մասնակցությունը ընտրական գործընթացներում:

Տպել Տպել