ՀՅԴ-ն ձեռնամուխ է եղել «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծմանը

12.07.13-9684հրաչՊռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը ձեռնամուխ է եղել «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» անվանումով հասարակական շարժման ստեղծմանը:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանի խոսքով, իրենց պետք չէ, որ անմեղ մարդիկ դատապարտվեն չկատարած հանցանքի համար:

«Հրաչ Մուրադյանը իսկական ազատամարտիկ էր, ՏԻՄ ղեկավար, հանրային ծառայող: Նա իր ապրելակերպով իր երկրին, իր պետությանը, իր գյուղի բնակչությանը նվիրված անձնավորություն էր: Այս սպանության բացահայտումը պետք է լինի իրավապահ մարմինների անմիջական գործը», – հայտարարել նա: Դաշնակցականը նշել է, որ այս նախաձեռնությունը կուսակցական չէ, այլ ընդգրկելու է հասարակության լայն շրջանակներ` նաև իրավապաշտպանների:

«Մենք նպատակ ունենք շարժման այս ձևաչափով հետևողականորեն պահանջել, որ իսկապես բացահայտվի այս գործը: Մեր նպատակն է նաև ներկայացնել Հրաչ Մուրադյանի կերպարը»,- տեղեկացրել է Վարդանյանը:

«Իրավական համակարգի նկատմամբ վստահություն կլինի միայն այն ժամանակ, երբ գործն ամբողջովին կբացահայտվի եւ բոլորը վստահ կլինեն, որ հենց կատարողներն են պատժվել: Բայց քանի որ մեր երկրում տիրող իրավիճակն ու բարքերը բոլորս էլ լավ գիտենք, այդ պատճառով պետք է հետեւողական լինել եւ պայքարել»,- նշել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Կիրակի արդեն Պռոշյանում գյուղապետի ընտրություններ են, բավական լարված մթնոլորտ է, բազմաթիվ ահազանգեր կան, եւ Աղվան Վարդանյանի խոսքով, իրենք փորձել են ամեն ինչ անել, որպեսզի Պռոշյանում նորմալ ընտրություններ կայանան ու լարվածությունը թուլանա: Հրաչ Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը՝ սպանության գործի նյութերին ծանոթանալով, հայտարարել է, որ այդ սպանությունը Հրաչ Մուրադյանի գույքի, անձի, նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր:

«Այս սպանությունը Հրաչ Մուրադյանի եւ նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր: 2010թվականին հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայի խոտի դեզը, նույն տարում նրա եղբոր տղային են փորձել առեւանգել, իսկ այդ ժամանակ Հրաչ Մուրադյանի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո ոստիկանությունը որոշել է, որ հենց նա է իր մեքենայի վրա կրակել: Երբ բացահայտվի այդ հանցագործությունները, կբացահայտվի նաեւ Հրաչ Մուրադյանի սպանությունը»,- ասել է փաստաբան Մելանյա Առուստամյանը։

Լրագրողների խնդրանքով Աղվան Վարդանյանն անդրադարձել է նաեւ ՀՅԴ-ի եւ վարչապետի շուրջ ծավալված վերջին խոսակցություններին:

Նա ընդգծել է, որ եղել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը, որին հաջորդել է վարչապետի արձագանքը եւ հորդորեց այսքանով բավարարվել:

«Ձեր վերլուծությունները, ձեր գնահատականները քննարկեք այս երկու հայտարարությունների հիման վրա, ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե դուք ուշադիր կարդաք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը եւ ուշադիր կարդաք վարչապետի կարճ արձագանքը, կարծում եմ ինքներդ ամեն ինչ կհասկանք»,-նշել է Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե ՀՅԴ ղեկավար մարմիններում, այդուհանդերձ, փոփոխություն հնարավոր է, Աղվան Վարդանյանն արձագանքել է. «Իհարկե, հնարավոր է: ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառույց է եւ ի տարբերություն շատ շատերի առողջ կառույց է, որտեղ անընդհատ քննարկումներ, տեսակետների բախումներ են լինում, մտքեր են առաջանում եւ այսօր մեզ համար իսկապես այդպիսի շրջան է: Ուզենք, թե չուզենք անկախ ընտրություններին տրված մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք, երեք ընտրություններում մեծ հաշվով մենք ձախողվել ենք եւ բնական է, որ մեր ներսում մենք քննարկում ենք, թողնենք մի կողմ ընտրությունների բնույթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, բայց գուցե ինչ որ բան մեզ մոտ էլ է սխալ, մենք էլ ինչ որ բաներում թերացել ենք: Մենք քննարկումների մեջ ենք եւ դրանք առողջ քննարկումներ են: Ոչ առաջին օրն է, ոչ էլ վերջին, որ փորձում են ՀՅԴ-ի մեջ պառակտումներ, բաժանումներ տեսնել, հանգիստ եղեք, որեւէ խնդիր այստեղ մի տեսեք»:

Լրագրողների խնդրանքով կրկին անդրադառնալով վարչապետի հետ ծագած խնդիրներին, Վարդանյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չունի, եւ եւս մեկ անգամ հորդորեց նայել երկու տեքստերն էլ եւ գնահատականը պարզ է:

«ՀՅԴ-ն իր քայլերն, իր որոշումներն ընդունում է ինքնուրույն, մենք որեւէ խնդիր չունենք, այս առումով ես շատ հանգիտս եմ: Երկու տեքստերն էլ նայեք, համեմատեք եւ կտեսնեք, թե ճշմարտությունը որտեղ է»,-հայտարարել Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել