Ծանրամարս է ՀՅԴ-ի հացը

HYD1Lragir.am-ն ու նրա Հակոբ Բադալյանը նկատելի հուզմունքի մեջ են: Նրանց համար հրաշալի առիթ էր ստեղծվել Դաշնակցության շուրջ թռչկոտելու, ինչն արել են` անսքող երանության մեջ ընկած: Վատ չէր լինի, իհարկե, եթե չփորձեին ՀՅԴ-ի մասին հերթական հիմարությամբ դուրս գալ ստվերից: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ այս կայքն, արդեն որքան ժամանակ է, հենց էժանագին հրապարակումների հանած աղմուկներով է փորձում մնալ ճահճաջրի երեսին: Ճաշակի հարց է:

Կոլումբոսի որևէ հավակնություն չունենք: Մեզնից առաջ արդեն հարյուրավոր հոդվածներ են հրապարակվել այն մասին, որ Lragir.am-ը արևմտամետ Տիգրան Սարգսյանի դամքյաշն է: Դա է պատճառը, երևի, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հատու հայտարարությունից հետո ամենամեծ երկրաշարժը հենց Lragir.am-ում նկատվեց: Հակոբ Բադալյանն էլ նորվա «դաշնակ զարնողը» չէ, չհաշված` «Իգոր Մուրադյան» կեղծանունով այստեղ հանդես եկող մեծ երգիծաբանին: Կայքի ծախու վիճակն, ինչպես ասում են, ակնհայտ է, և մնում է պարզել գինը, որով ծախվում են այսպես՝ հանուն մի փոր հացի: Այն, ինչ հիմա հրապարակել է հիշյալ էլեկտրոնային լրագիրը, արդեն պարզ պատերազմ չէ՝ հայտարարված Դաշնակցությանը՝ որպես քաղաքական ուժի: Հայաստանյան ճղճիմ, տնտեսական բլոկում ամրակայված կիսաքաղաքական երևույթները, ամենամեծ ցանկության դեպքում էլ չեն կարող քաղաքական հարված հասնել համաշխարհային կառույց ունեցող Դաշնակցությանը: Կրկնում ենք՝ Դաշնակցությանը՝ որպես կուսակցություն և կազմակերպություն:

Դաշնակցությունն, ավաղ, չափազանց զգայուն է, երբ հարցը կապվում է հայությանն ու հենց Դաշնակցության անունը հոլովելով են փորձում հարվածել հայության խնդիրներին՝ հայապահպանությունից մինչև պահանջատիրություն: Lragir.am-ն իր Հակոբ Բադալյանով, ի դժբախտություն իրենց, հենց այդ տիրույթում են փորձել խաղալ: Հեկտարանոց այս հոդվածը («Դաշնակցության հացը դատախազի՞ն»), Դաշնակցության շուրջ թռչկոտումներից զատ, պարունակում է շատ ավելի վտանգավոր տարրեր, քան Բադալյան Հակոբը կարող է երբևէ երևակայել: Իսկ այդ մարդու երևակայությունը, սա ասում ենք նրա առանձին հոդվածներն ընթերցելու պատիվն ունենալով, սովորական երևակայություն չէ: Միայն վճարեք, ու նա այնպես կերևակայի, որ նույնիսկ դուք էլ կերևակայեք… Ի՞նչ արժե, օրինակ նրա «հաստատ համոզումն» առ այն ՀՅԴ-ի հացն, ահա, կտրում են, որ տան դատախազ Աղվան Հովսեփյանին: Բա գիտե՞ք, վերջինս աշնանը ազատելու է իր պաշտոնը և կուսակցություն է հիմնելու, իսկ այդ կուսակցության գործունեության ֆրոնտն էլ դառնալու է հողերի պահանջը, մի բան, որ ՀՅԴ-ի մենաշնորհն է: Բադալյանը զորավոր հիմքեր ունի` այսպիսի բաներ երևակայելու համար: Աղվան Հովսեփյանը մի գիտաժողովում արդեն հասցրել է մեկ ելույթ ունենալ ու հողեր պահանջել: Ահա Բադալյանի ունեցած «զորավոր» ապացույցը, որից էլ ծնվել է բուն«գաղափարը», որ ՀՅԴ-ին զրկում են հացից: Երանի չէ՞ր որ ՀՅԴ-ի հացը կտրողներն այսօր այնքան շատ լինեին, որ գլխավոր դատախազի այս մեկ հատիկ ելույթն այդպես չզարմացներ Բադալյան Հակոբին: Երանի չէ՞ր, որ այդ հացը կտրողներից մեկն էլ բեղմնավոր գրիչ ունեցող Բադալյան Հակոբը լիներ, ով օրական 5-6 հոդված է թխում իր կայքում և վերլուծաբանի համարում ունի հայ իրականության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, թե այդ հացը կտրողները որքան թեթևացրած կլինեին ՀՅԴ-ի հոգսը գոնե պահանջատիրության հարցերում:

Արդեն 20 տարուց ավելի է, ինչ Դաշնակցությունն իր այդ դառնահամ հացը բերել է մայր հայրենիք՝ կերեք, ծամեք այդ հացը, զգացեք ձեզ ողջ հայության հետ մեկ ազգ, եղեք միասնական հայոց պահանջատիրության ու հայության բոլոր մյուս հարցերում: Թե այս ուղղությամբ 1990-ից այսկողմ որքան բան է արել Դաշնակցությունը նեոբոլշևիզմով ներծծված հետխորհրդային Հայաստանում, այլ քննարկման նյութ է, բայց ակնհայտ է մեկ բան՝ դեռևս կան հայազգի լրագրող բադալյաններ, ովքեր ի զորու են նույնիսկ հայոց պահանջատիրության վրա խաղեր տալ՝ ինչ է, թե հարվածեն Դաշնակցությանը: Բնականաբար, սխալ ճանապարհ է իրենց ընտրածը: Մանավանդ, որ հոդվածից էլ զգացվում է՝ այնքան խելք ունեն, որ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում Դաշնակցությունը՝ որպես կառույց, որպես արդիական կուսակցություն, որի ներսում, ի տարբերություն հայաստանյան մյուս կուսակցությունների, ամենալայն դեմոկրատիա կա: Բայց մյուս կողմից էլ Lragir.am-ին ու Հակոբ Բադալյանին կերակրող ձեռքերը «տեսնում» են, ահա, որ իրենց հաջողվել է Հայաստանում խեղդել բոլոր կուսակցությունները, բացառությամբ Դաշնակցությանը: Ի՞նչ անել՝ այս մտատանջության մեջ են, որի արդյունքն էլ երբեմն այսպիսի հոդվածներն են: Լիահույս ենք, որ չեն հաջողելու: Դաշնակցության տաշտում լիքը դառնահամ հաց կա: Մի պատառ, գոնե հանուն ձեզ ու ձեր զավակների, կերեք, ի՞նչ կլինի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

www.yerkir.am

Տպել Տպել