ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները տարածել են հայտարարություն, որում կոչ են անում միանալ իրենց կողմից քաղաքային իշխանություններին` Երևանի ավագանուն հասցեագրված պահանջներին՝ կապված ուսման վարձավճարների և տրանսպորտի գների թանկացման հետ:
«ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետևանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է հանդիսանում: Վերոնշյալ քաղաքականությանն ավելացավ իշխանությունների նոր որոշումը` կապված ուսման վարձավճարների և տրանսպորտի գների թանկացման հետ, որով է′լ ավելի բարդացավ հանրության խոցելի հատվածներից մեկի` ուսանողության առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները:
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները, ելնելով երկրում տիրող անարդարությունից, ուսանողների իրավունքների անտեսման մտահոգությունից, տրանսպորտի գնի թանկացման արդյունքում հանրության լայն զանգվածների դժգոհություններից, ինչպես նաև այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, որը վարում են ՀՀ իշխանությունները` կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողությանն ու երիտասարդությանը` միահամուռ և համախմբված կերպով պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:
Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանություններին` Երևանի ավագանուն հասցեագրված այն պահանջներին, որոնք երկուշաբթի` հուլիսի 22-ին, ժամը 15.00-ին կներկայացվեն քաղաքապետարան»:







