Ավստրալացի խորհրդարանականները կոչ են անում Թուրքիային առերեսվել անցյալի հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

avstralia1112Տեխնոլոգիական զարգացման և արագ հաղորդակցման արդի պայմաններում պարզապես անօգուտ է շարունակել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատվիրակության անդամ Մարի Ֆիքարան` հավելելով, որ ավստրալացի խորհրդարանականների գործողությունները պիտակավորելու փոխարեն, թուրքական կառավարությունն ավելի լավ է արժանապատվորեն հաղթահարի խնդիրը:

«Վերջին վեց ամսվա ընթացքում թուրքական կողմի ճնշումներն Ավստրալիայի հայամետ քաղաքական գործիչների նկատմամբ շատ ավելի բուռն դրսևորում է ստացել։ Հատկապես ագրեսիվ է վերաբերմունքը օտարազգի գործիչների նկատմամբ։ Չնայած դրան՝ ավստրալացի իմ գործընկերները և հատկապես Վերին պալատի անդամները, որ այսօր այստեղ են, աննկուն մնացին իրենց դիրքորոշումներում և տեղի չտվեցին թուրքական ագրեսիային»,- ավստրալահայ պատգամավոր, Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Կլավիս Պերեճիկյանը:

Անդրադառնալով Թուրքիայի սենսացիոն հայտարարությանը, որով արգելվում էր ավստրալական օրենսդիրների մասնակցությունը Գալիպոլիում անցկացվող «Անզաք»-ի հիշատակի արարողություններին` խորհրդարանական Դևիդ Քլարքը մեկնաբանեց. ««Անզաք»-ը մեծ նշանակություն ունի ավստրալական ժողովրդի համար: Արգելել Թուրքիա այցելել այն մարդկանց, ովքեր ցանկանում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, նշանակում է փորձել իշխել աշխարհին, որն արդեն անցնում է սահմանագիծը»:

Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը հույս հայտնեց, որ թուրք ակադեմական շրջանակներում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը կօգնի թուրքական կառավարությանն ընդունել Օսմանյան կայսրության անցյալը և առերեսվել ճշմարտության հետ:

Խորհրդարանականները համակարծիք են` թուրքական կառավարությունը պետք է հետևի ժամանակակից Գերմանիայի և Ավստրալիայի օրինակին և ներողություն խնդրի անցյալում կատարված անարդարությունների համար: Ինչպես մեկնաբանում են օրենսդիրները, իրենց նպատակը ոչ թե ժամանակակից Թուրքիայի վրա հարձակվելը կամ մեղադրելն է, այլ` «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը պետք է ճանաչվի»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ հուլիսի 12-ին Հայաստան ժամանած Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական յոթ հոգանոց պատվիրակությունը երեկ ամփոփեց իր աշխատանքային այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և այսօր հետ է վերդառնալու Ավստրալիա: Այցի հիմնական նպատակն էր, որ հայկական հարցի լուծման գործում մեծ ավանդ ունեցող այս պատգամավորներն իրենց աչքով տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայկական բազմադարյա մշակույթին և պատմությանը և հետ վերադառնալով` ավելի մեծ ոգևորությամբ շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունն Ավստրալիայում:

Յոթօրյա այցի ընթացքում` պատվիրակության անդամները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Պատվիրակության անդամները «Արմենպրես»-ի հետ կիսվել են նաև Հայաստանի և հայերի մասին ստացած իրենց տպավորություններով: Նրանց վրա հատկապես մեծ տպավորություն էին թողել հայկական եկեղեցիները, մեր ժողովրդի քրիստոնեական ավանդույթները, այն քաջությունն ու տոկունությունը, որով հայերը կարողացել են հաղթահարել ժամանակի մարտահարավերները և կերտել գեղեցիկ պետություն: Խորհրդարանականները նաև ընդգծեցին, որ իրենց անվտանգ և շատ ապահով են զգացել` գիշերային Երևանի փողոցներով զբոսնելիս:

Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելս նահանգը 1997թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևով դատապարտել է Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 2013 թվականի մայիսի 1-ին և հունիս 8-ին խորհրդարանի վերին և ստորին պալատներն ընդունել են Ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող ու Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտեր:

Իսկ 2012 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունեց բանաձեւ, որով «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

armenpress.am

Տպել Տպել