Դասախոսություն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչների համար


Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների և հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսություն կարդաց ՙԱԺ դերը Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերում՚ թեմայով:

Հրայր Կարապետյանը նախ հյուրերին ծանոթացրեց ՀՀ Ազգային Ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, ապա ներկայացրեց պաշտպանության և ՀՀ անվտանգության ոլորտների նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներին` մասնավորապես կարևորելով զինված ուժերի գործունեությունը կանոնակարգող օրենքների ընդունումը, միջազգային պայմանագրերի վավերացումը, պետական բյուջեի հաշվետվության հաստատումը, վերահսկիչ պալատի միջոցով բյուջեի վերահսկողության իրականացումը, խորհրդարանական հարց ու հարցապնդումների մեխանիզմը: Պաշտպանության ոլորտի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու գործում բանախոսը կարևորեց նաև հանձնաժողովի անդամների այցերը պաշտպանական ոլորտի կառույցներ, զինվորների ու սպայական կազմերի հետ անմիջական շփումներն ու քննարկումները, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ու ոլորտի բարեփոխումների իրականացումը:

Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, Հ.Կարապետյանը պատասխանեց նաև ունկնդիրների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերներին, բանակցությունների միջոցով ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի որդեգրած դիքորոշմանն ու երկրում իրականացվող եվրաինտեգրման գործընթացներին:

Տպել Տպել