Գիտաժողով՝ նվիրված ՀՅԴ-120 ամյակին


«Հայ Յեղափոխական Դաշնակցության «դեմքը» համահայկականությունն է. երեւույթ, որը բացակայում է ներկայիս կուսակցությունների, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների մոտ»,- ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` ՀՅ Դաշնակցության 120-ամյակին նվիրված գիտաժողովում:

«ՀՅ Դաշնակցությունը` հայ ժողովրդի անկախության համար մղվող պայքարում» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արամ Նազարյանը, Գեւորգ Խուդինյանը, Ռուբեն Սահակյանը եւ ուրիշներ՝ կարեւորելով կուսակցության ամենամեծ ձեռքբերումը` հայկական պետականության ստեղծումը:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն իր ելույթում նշեց, որ ՀՅ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը ջանք ու եռանդ չխնայեց Հայաստանին օգնելու եւ ոտքի կանգնեցնելու համար: Սակայն ՀՅԴ-ի գործունեության ամենակարեւոր խթանը Վլ.Բարխուդարյանը համարում է հայ ժողովրդի ինքնության պահպանումը: Այս առումով, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր կուսակցության գործունեության մասին խոսելիս` «անհրաժեշտ է հաշվի առնել պատմական իստորիզմը»: «Որքան էլ փորձենք քննադատել կամ արժեւորել կուսակցությունների անցած ուղին, միեւնույն է, դրանք ազգային, պատմական արժեքներ են, որոնք ի հայտ եկան դատարկ հողի վրա: Գիտաժողովի նպատակն է մեկ անգամ եւս հայացք նետել պատմական արժեքներին եւ ողջունելի է հանգամանքը, որ նման միջոցառումներն անցակվում են գիտնականների մասնակցությամբ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Գիտաժողովի նպատակներից գլխավորը, իրավական եւ պատմական միտքը ի մի բերելով, Հայ դատի պատմաիրավական ուսումնասիրություն սկսելն է. գաղտնիք չէ, որ թուրքերն այժմ լուրջ ծրագրեր են մշակում, աշխարհին ներկայացնում իրենց տեսակետը:

«Շատ կարեւոր է դասեր քաղել անցյալի պատմությունից»,- կարծում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` կարեւորելով գիտաժողովի թեմայի արդիականությունն ու պատմականությունը: Նա արժեւորեց նաեւ ուսանողների մասնակցությունը գիտաժողովին` հետագայում քննարկվող նյութերի ուսումնասիրություն սկսելու համար: Էդիկ Մինասյանի խոսքով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որն ունի ազգային դիմագիծ:

Տպել Տպել