ՀՅԴ-ն պահանջում է կասեցնել տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը

GMՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանությունների որոշումը: Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական տեսանկյունից անընդունելի է:

Իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին հաջորդեց հանրային տրանսպորտի սակագների բարձրացումը: Նրանք հերթական անգամ մոլորեցրել են հանրությանը` առաջացնելով անապահովության, անպաշտպանվածության զգացողություն, ապագայի հանդեպ անվստահություն:

Անտրամաբանական է պաշտոնատար անձանց բացատրությունը, թե գազի և էլեկտրական էներգիայի սակագների աճը կապ չունի հանրային տրանսպորտի թանկացման հետ: Եթե այդ պնդումը ճիշտ է, ուրեմն իշխանությունը վարում է մի խումբ անձանց շահերը հանրության շահերից գերադասելու քաղաքականություն: Եթե պնդումը ճիշտ չէ, ապա իշխանությունը ևս մեկ անգամ խաբում էր հանրությանն ու մասնագիտական շրջանակներին` նշելով, որ գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը երկրում բերելու է ընդամենը մինչև 2.7 տոկոս գնաճի: Երկու դեպքում էլ քաղաքական իշխանությունը գործում է ի վնաս հասարակության:

Սոցիալական և տնտեսական տեսանկյունից քաղաքական իշխանության քայլը հակասում է միջազգային փորձի տարրական կանոններին, երբ գնային քաղաքականության լավագույն գործիք է մրցակցությունը: Մինչդեռ հանրային տրանսպորտի, օրինակ` երթուղային տաքսիների ոլորտում, ձևավորվել է քաղաքական և տնտեսական ոլորտները զուգակցող` ազդեցիկ անձանց մենաշնորհ: Բացի այդ, միջազգային փորձը վկայում է, որ գների մակարդակի օբյեկտիվ բարձրացմանը նախորդում կամ անմիջապես հաջորդում է հանրության եկամուտների ավելի բարձր աճը: Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել: Միջազգային լավագույն փորձի օրինակ է նաև բազմասակագնային պլանների, զեղչային համակարգերի, տրանսպորտային երթևեկության կորպորատիվ փաթեթների, միասնական փոխադրական փաստաթղթերի և այլ միջոցների գործադրումը, ինչն առողջացնում է հանրային տրանսպորտի ֆինանսական համակարգը, մեծացնում է հանրային վերահսկողությունը, ավելացնում է ուղևորահոսքը, հանգեցնում ուղեվարձերի նվազեցմանն ու մատչելիությանը:

Առ այդ` ՀՅԴ Գերագույն մարմինը

ա. դատապարտում է Հայաստանի իշխանությունների նման անհեռատես քաղաքականությունը,

բ. պահանջում է կասեցնել հանրային տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը և որևէ բարձրացում իրականացնել սակագնի ձևավորման թափանցիկ մեխանիզմով, բնակչության եկամուտների աճին համապատասխան,

գ. առաջարկում է ստեղծել հանրային-մասնագիտական խումբ` մշակելու և ներդնելու բազմասակագնային պլանների, զեղչերի, տրանսպորտային երթևեկության կորպորատիվ փաթեթների իրավական-միասնական համակարգ,

դ. ողջունում և իր աջակցությունն է հայտնում այն քաղաքացիական խմբերին և երիտասարդներին, ովքեր ընդվզում են այս խայտառակ որոշման դեմ և ակտիվ կեցվածքով պաշտպանում են իրենց և հանրության իրավունքները:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Տպել Տպել