Թանկացում պետք է լիներ, բայց ոչ նման ուռճացված գներով

Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումն անխուսափելի էր, բայց 150 դրամը ուռճացված թիվ է, այսօր Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հորդորեց քաղաքապետարանի աշխատակիցներին նոր վերահաշվարկ կատարել, իսկ մինչ այդ քաղաքացիները վճարեն 100 դրամ:

«Թանկացում պետք է լիներ, բայց ոչ նման ուռճացված գներով, առանց այդ էլ եղած գները մարդիկ չէին կարողանում վճարել: Պետք է կարողանանք քաղաքացիական վերահսկողության միջոցով հասնել հարցերի թափանցիկ և վստահելի ընթացակարգերի լուծմանը: Էստեղ կան մութ մնացած հարցեր, որի համար ընդվզումը քաղաքացիների հասկանալի է՝ ինչպե՞ս որոշվեց սակագինը հարցին տրամաբանական լիարժեք պատասխան չեն տալիս»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերն ասում են, որ Հայաստանում այլ երկրների հետ համեմատած տրանսպորտի գինը շատ էժան է, Արմեն Ռուստամյանն ասաց, որ էժանի ու թանկի հարցը չի որոշվում թվերը համեմատելով:

«Պետք է նայես, համեմատես ստացված եկամուտների հետ, որ ասում են՝ էժան է կամ թանկ է, նախևառաջ, պետք է սոցիալական քաղաքականությունը հիմնել կենսաապահովման նվազագույն զամբյուղի գաղափարի վրա: Եթե մարդը հնարավորություն չունի իր նվազագույն գներն ապահովելու, էլ ինչի՞ մասին է խոսքը, եթե գոյությունն ապահովելու եկամուտը չունի, էլ ի՞նչ համեմատություն, ու էս ամեն ինչին զուգահեռ անընդհատ գներն են աճում: Այո Ֆրանսիայում շատ ավելի թանկ է, բայց Ֆրանսիայում այն նվազագույն շեմը, որ գոյություն ունի, մենք դրանից բազմապատիկ անգամ հետ ենք»,- ասաց նա:

tert.am

Տպել Տպել