Ավելի քան իրական է միացյալ Հայաստանի կերտումը. մի խումբ վիրահայ պատանիներ ու երիտասարդներ այցելել են Արցախ

ապառաժՎրաստանի հայ համայնքի պատանիների եւ երիտասարդների մի խումբ Արցախում է: Նրանց բոլորի համար սա առաջին այցն է Արցախ:

Սլավա Մեժդոյանը, ով հանդիսանում է Վրաստանի հայ համայնքի վարչության անդամը, պատանեկան միության պատասխանատուն, այս այցը համարում է եւ ճամբար եւ ուխտագնացություն: Վստահ է, որ երիտասարդների մոտ ավելի կամրապնդվի հայրենասիրական ոգին, եւ սերը դեպի հայրենիք:

«Վեց ամիս մշակեցինք ծրագիր, որի ամենամեծ նպատակը հայրենասիրական դաստիարակչություն տալն է, Վրաստանի հայ համայնքի պատանիներին եւ երիտասարդներին՝ ծանոթացնելն է հայ մշակույթին՝ հայրենասիրական երգի, պարի ուսուցման միջոցով եւ այդ ծրագրի շրջանակներում էլ նախատեսվում էր այց Հայաստան եւ Արցախ: Հինգ օր եղել ենք Հայաստանի տարբեր մասերում, հիմա էլ 2 օրով Հայաստանի այս մասում ենք՝ Արցախում»,- նշում է Սլավան:

Խումբը եղել է Շուշիում, Ստեփանակերտում, մեկ օր վրաններում գիշերել է Գանձասարում:

«Տեսնելով ազատագրված Արցախը, քայլելով այս հողի վրա, հասկանում եմ, որ ավելի քան իրական է Միացյալ Հայաստանի կերտումը: Հպարտությունս ու զգացողությունս խոսքերով նկարագրել չեմ կարող:Այս պահին միակ ցանկությունս Արարատը ազատագրաված տեսնելն է: Դրա համար պետք է ամեն մեկս անենք հնարավորն ու անհնարինը»,- ասում է ճամբարի մասնակից Արտյոմը:

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

aparaj.am

Տպել Տպել