Բողոքի ցույց՝ կառավարության շենքի դիմաց

arm1 Այսօր կառավարության շենքի առաջ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել:

Նրանց միացել են տասնյակ քաղաքացիներ, որոնք նյարդայնացած տրանսպորտի ուղեվարձի թանկացումից՝ կառավարությանն ամոթանք էին տալիս: «Տարոն Մարգարյանի պաշտոնն ընտրովի է, ուրեմն նա պարտավոր է ընտրողներին հաշվետվություն տալ նման որոշումներ կայացնելուց առաջ: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել թանկացման որոշումը կայացնող պաշտոնյաներին»,- բարձրախոսով հայտարարում էին ակցիայի մասնակիցները: Երիտասարդները կոչ էին անում բոլոր քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չվճարել 150 դրամ: Նրանք կառավարության շենքի առջեւ այրեցին թղթեր, որոնց վրա գրված էր «150 դրամ»:Nikol A

«Դուք պատասխան եք տալու, դուք պատժվելու եք: Մենք ենք այս երկրի տերերը»,- հայտարարում էին երիտասարդները: Ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ սա ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքացիական պայքար է: «100 դրամը ընդամենը առիթն է այս ամբողջ լարվածության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի, 100 դրամը դարձավ առիթ, որ ժողովուրդն ընդվզի»,- ասում էին երիտասարդները:

Դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նկատեցին. «Դուք ընտրություններից առաջ խոստացաք, որ տրանսպորտը չի թանկանալու, բայց բոլորիս խաբեցիք եւ ընտրություններից հետո թանկացրիք, որպեսզի վերադարձնեք ձեր 5000 դրամները: Հետո էլ ասում եք՝ թասիբով թալինցի, սասունցի եմ»: «Հար-յուր, հար-յուր, 150 դրամ չե՛նք վճարելու»,- բղավում էին ակցիայի մասնակիցները:

Մոտ 50 րոպե է կառավարության շենքի առաջ ընթանում է երիտասարդների բողոքի ակցիան, սակայն կառավարությունից որեւէ մեկը չի իջել եւ նրանց դժգոհությունները չի լսել:

Այսօր կառավարության շենքը հսկում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, ավելի շատ, քան նախորդ ակցիաներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

aravot.am

Տպել Տպել